Խաղի կանոնները փոխվո՞ւմ են

11/06/2009

Երեւանի ավագանու ընտրություններից հետո իրար հետեւից տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք կարող են որոշակի փոփոխություններ մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան ներիշխանական խմորումների մասին է, այլ ընդդիմադիր դաշտի հնարավոր վերադասավորումների: Ընտրություններից հետո նաեւ Հայ Ազգային կոնգրեսի որդեգրած դիրքորոշման արդյունքում «Ժառանգություն» կուսակցության օպերատիվ ակտիվությունը, բնականաբար, պատահական չէր եւ, ինչպես արդեն ենթադրել էինք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր ՀԱԿ-ի` Արեւմուտքին ուղղված հայտարարություններով: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հունիսի 1-ի հանրահավաքում Եվրոպական կառույցներին ուղղված քննադատությունից հետո, տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ը նույն դիրքորոշումը որդեգրել է նաեւ ԱՄՆ-ի նկատմամբ: Մասնավորապես, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի` ընտրությունների հետ կապված հայտարարություններից հետո, ընդդիմադիր շրջանակներից որոշակի քննադատական գնահատականներ են հնչում նաեւ ԱՄՆ-ի հասցեին, տարօրինակ է գոնե ներկայիս ներքաղաքական գործընթացների տրամաբանության շրջանակներում: Այսինքն, երբ ՀԱԿ-ը քննադատում է մայիսի 31-ի ընտրությունները «մեկ քայլ առաջ» գնահատած եվրոպական դիտորդներին, միանգամայն հասկանալի է: Սակայն, մեղմ ասած` տարակուսելի է, երբ ՀԱԿ-ի շրջանակներից քննադատական գնահատականներ են հնչում ԱՄՆ-ի դեսպանատան հասցեին: Այն դեպքում,

երբ անձամբ ԱՄՆ դեսպանն արդեն հայտարարել է գրեթե բոլոր տեղամասերում իրենց կողմից արձանագրված ընտրակեղծիքների մասին: Ավելին` տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հանդես է գալու եւս մեկ եզրափակիչ գնահատականով: Թե ինչի արդյունք են նշված` ըստ էության, շրջադարձային փոփոխությունները, ավելի հստակ պարզ կդառնա թերեւս առաջիկայում: