Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուայի` Ղարաբաղ կատարած այցը հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը: APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Արտգործնախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովին, հայտնում է, որ Ադրբեջանը պաշտոնական առարկություն կներկայացնի` այսօր երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ Փարիզում մեկնարկող կոնսուլտացիաների շրջանակներում, թեեւ նման բան հանդիպումների օրակարգում չէր նախատեսվում: Պոլուխովի խոսքով` այդ կոնսուլտացիաները բավական վաղ էին ծրագրված, սակայն կատարվածի կապակցությամբ հրահանգ է տրվել բարձրացնել նաեւ ֆրանսիացի պատգամավորի` Ղարաբաղ կատարած այցի եւ Ադրբեջանի համար նրա հնչեցրած ելույթի անընդունելիության հարցը: «Առանց Ադրբեջանի պաշտոնական թույլտվության Լեռնային Ղարաբաղ բոլոր ուղեւորությունները անօրինական են»,- ասել է Էլխան Պոլուխովը: Հունիսի 8-ին, ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, ֆրանսիացի պատգամավորը քննադատել էր Ադրբեջանի նախագահի գործունեությունը, նշելով, որ Ադրբեջանի երկու նախագահներն էլ ցուցաբերում են տրված խոսքը հարգելու շատ հարաբերական մոտեցում: Ռոշբլուան հայտարարել էր նաեւ, որ Հայ դատի հավատարիմ սատարողներից է: