Աննպատա՞կ դժգոհություն

11/06/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Մենք քաղաքային իշխանությունում կոալիցիա չենք կազմելու: Իրենք վերցրել են, հաղթել են, իրենք էլ պետք է պատասխան տան, իրականացնեն իրենց խոստումները եւ ծրագրերը»,- ակնարկելով «Հանրապետական» կուսակցությանը` երկու օր առաջ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Երեւանի ավագանու ընտրություններից հետո բազմաթիվ կարծիքներ հնչեցին, թե ՀՀԿ-ն չի պահպանել ԲՀԿ-ի հետ ընտրողների քվեները բաժանելու համամասնության պայմանավորվածությունը: Հրապարակումներ եղան, թե ընտրություններից հետո Գ.Ծառուկյանը ՀՀԿ-ից պահանջել է թաղապետերի պորտֆելների կեսը հանձնել իր կուսակցությանը, բայց ստացել է ընդամենը երկուսի խոստումը: Եվ ահա այդ բանակցություններից հետո ԲՀԿ ղեկավարը որոշել է իր կուսակցության համար ընդհանրապես թաղապետի պորտֆել չվերցնել: Նա նաեւ հայտարարել էր, որ եթե հարկ լինի, կարող են հանձնել նաեւ Նուբարաշեն համայնքի ղեկավարի պորտֆելը: Ի դեպ, ստեղծված իրավիճակում տեղին է հիշել հունիսի 1-ի հանրահավաքում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի հետեւյալ հայտարարությունը. «Ձայնս ուղղում եմ «Բարգավաճին»` դա՞ էիք պայմանավորվել ՀՀԿ-ի հետ: Լավ են արել: Գնացեք, կերեք ձեր պայմանավորվածության արդյունքը: Բայց սա դեռ վերջը չէ: Էլի են քցելու, որովհետեւ իրենք իշխանությունը պահելու են միայն ու միայն քցելու հաշվին»:

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է, թե ՀՀԿ-ի հետ ընտրությունների եւ թաղապետերի պորտֆելները բաժանելու վերաբերյալ ոչ մի քննարկում ու պայմանավորվածություն էլ չի եղել: «Խոսքը այն չէ, թե ԲՀԿ-ն բավարարվա՞ծ է ստացած ձայներով: Մենք խորհրդարանական ընտրության համեմատ կրկնակի շատ ձայն ենք ստացել Երեւանում: Մենք այստեղ խոսում ենք, որպես երկրի համար մտահոգ քաղաքացիներ: Այս տարիների ընթացքում, ցավոք սրտի, մենք այնպես ենք փչացրել մեր ընտրողին, որ նա դարձել է անառողջ ընտրական ինստիտուտի մի մասը»,- ասում է Ն.Զոհրաբյանը:

«Քաղաքականության մեջ կա չգրված օրենք, որ պատասխանատվությունը ստանում է այն ուժը, ով հաղթել է ընտրություններում: ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում ստացավ բացարձակ մեծամասնություն, եւ մենք պատրաստ ենք ստանձնել այդ պատասխանատվությունը»,- իր հերթին ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` առայժմ ենթադրելով, թե Երեւանի վարչական տարածքների բոլոր ղեկավարները կլինեն իր կուսակցությունից: Գ.Ծառուկյանը նաեւ հայտարարել էր, թե «միայն մենք ամբողջ պետական լծակի դեմ էինք պայքարում»: «Մենք հարգանքով ենք մոտենում ցանկացած քաղաքական գործչի ցանկացած քաղաքակիրթ հայտարարությանը, մենք մշտապես ասել ենք, որ ՀՀԿ-ն ոչ մի ընտրության ընդդեմ գաղափարախոսությամբ չի գնում»,- ԲՀԿ ղեկավարի դժգոհությանն այսպես պատասխանեց Է. Շարմազանովը:

Գ.Ծառուկյանը նաեւ ասել էր, թե ընտրություններն իրենց համար «իրոք գոհացուցիչ չեն եղել»: Ի՞նչ է նշանակում ԲՀԿ ղեկավարի այս հայտարարությունը: Սա սոսկ հայտարարությո՞ւն է ընտրությունների արդյունքների մասին, թե՞ թաքնված դժգոհություն կոալիցիոն գործընկերոջից: Այս դժգոհությունն արդյո՞ք կարող է որեւէ գործնական հետեւանք ունենալ: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ գործարար, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը ներկայացնող Բարսեղ Բեգլարյանը հայտարարել էր, թե կոալիցիան կամաց-կամաց քանդվում է: Այս հայտարարությունից մոտ երկու ամիս հետո ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից եւ իրեն հռչակեց ընդդիմություն: Արդյո՞ք նման զարգացումներ կարելի է սպասել ընտրությունների արդյունքներից դժգոհ ԲՀԿ-ից: «Ոչ, ես նման հեռանկար չեմ տեսնում, որովհետեւ ԲՀԿ նախագահը եւ կուսակցության մեր գործընկերները բազմաթիվ անգամներ շեշտել են, որ իրենք պատրաստ են իրականացնել այն ծրագրերը, որոնք կան նախագահի նախընտրական ծրագրում եւ կոալիցիայի հուշագրի մեջ»,- ասում է Է.Շարմազանովը:

«Տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ գնահատականները, որոշակի տարաձայնությունները բնավ չեն նշանակում, թե ԲՀԿ-ն պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից,- ասում է Ն.Զոհրաբյանն` ավելացնելով,- Առնվազն զավեշտ կլիներ, եթե այս ընտրությունները մենք որակեինք իդեալական: Նույն ԱՄՆ դեսպանի գնահատականը լսեցիք: Թեկուզ այն, որ Դատախազությունը բազմաթիվ վիճահարույց տեղամասերում քրեական գործեր է հարուցել, կալանավորվել են մարդիկ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել ընտրակեղծիքներին: Այս ամենը խոսում է այն մասին, որ հերթական անգամ մեր ընտրական մշակույթում բեկում տեղի չունեցավ: Հերթական անգամ ընտրողն ինքը մաս կազմեց ընտրական անառողջ մշակույթին: Երբ ընտրողը գումար է վերցնում ու գնում ընտրության, դրանով լեգիտիմացնում է ընտրակեղծիքները: Այնպես որ, մենք գործ ունենք խաթարված ընտրական մշակույթի հետ, եւ ես որպես քաղաքացի՝ ցավում եմ, որ բոլոր հույսերը, թե դրական բեկում կունենա մեր ընտրական մշակույթում, չարդարացավ: Եվ իշխանության մեջ մնալը չի նշանակում, թե մենք չպետք է փորձենք մեր աշխատանքով այդ երեւույթների դեմն առնել»:

Խորհրդարանական ընդդիմության` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, սակայն, հակառակ կարծիքն ունի: Նա գտնում է, որ խորհրդարանում, նաեւ Երեւանի ավագանու խորհրդում ներկայացված ուժերին բաժին հասած մանդատները բնավ էլ չեն արտացոլում հասարակության մեջ գոյություն ունեցող տրամադրությունները: «Կոալիցիայի կայունությունը, կարծում եմ, այնքան էլ ամուր չէ, որովհետեւ այն պետք է ապահովեր ուժերի հարաբերակցությունը: Իսկ Երեւանի ավագանու խորհրդի դեպքում ինձ համար գոնե ակնհայտ է, որ իրականում ՀՀԿ-ն ԲՀԿ-ից 2 անգամ ավելի շատ ձայն չունի: Եվ այստեղ, ինչպես մնացած ուժերի վրա, ազդել են այդ ոչ օրինական ընտրամիջոցները: Սա ինձ համար միանշանակ առիթ է տալիս ենթադրելու, որ ԲՀԿ-ն խորհելու քայլեր ունի: Հատկապես առաջիկայում»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: