Քրոնիկ հնազանդության արդյունքները

11/06/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ Կառավարությունը երեկ Ազգային ժողովին խնդրեց հետաձգել հարկային մի քանի օրենքների փոփոխություններ նախատեսող աղմկոտ նախագիծը:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ խնդրեց 15 օր ժամանակ տրամադրել` նախագծում նոր փոփոխություններ կատարելու համար: Եվ այս հայտարարությունից հետո օրվա մեծ մասը պարոն Կարայանը մնաց խորհրդարանում: Նա անընդհատ քայլում էր միջանցքում, սպասելով, որպեսզի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրան կանչի իր մոտ` նախագիծը մեկ անգամ էլ քննարկելու համար: Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը, երբ սպասվում էր, որ հարկային փաթեթը պետք է դրվի քվեարկության, Հ.Աբրահամյանը անսպասելիորեն հայտարարեց, թե քվեարկությունը հետաձգվում է: Իսկ երեկ ահա կառավարությունը որոշեց այն 15 օրով հետ վերցնել: Հիշեցնենք նաեւ, որ այդ փաթեթի ամենավիճահարույց կետը, որի համար էլ ըմբոստացել էին գործարար պատգամավորները, 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ հարկային ներկայացուցիչ նշանակելու հարցն էր: Ըմբոստացել էին հատկապես արտադրություն ունեցող պատգամավորները, ովքեր դեմ էին, որ հարկայինի ներկայացուցիչը վերահսկի իրենց արտադրական, ֆինանսական եւ այլ գործունեությունը: Եվ ահա պատգամավորների ընդվզումը մասամբ ունեցավ իրենց համար դրական հետեւանք: Սակայն առայժմ դժվար է ասել, թե կառավարություն-ԱԺ հակամարտության այս ժամանակավոր հրադադարն ի վերջո ո՞ր կողմի օգտին է ավարտվելու:

Իսկ մինչ այդ դեռ պարզ չէ, թե կառավարությունն իր նախագծի քննարկումը հետաձգելով` իրականում ի՞նչ փոփոխություններ է անելու: Եթե իսկապես պետք է փոփոխության ենթարկի եւ նորից ետ բերի, ապա այս դեպքում էլ հայտնի չէ, թե հաջորդ քննարկումը ե՞րբ տեղի կունենա: Բանն այն է, որ այսօր ավարտվում է ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան, եւ եթե գործադիրն իսկապես ցանկանում է 15 օր հետո իր նախագիծը քվեարկության դնել, ապա պետք է առաջարկի արտահերթ նիստ հրավիրել: Իսկ եթե մինչ այդ չհասցնեն «ըմբոստ» պատգամավորներին ճնշել եւ խոստում ստանալ, որ օրինագիծը կընդունվի, ապա հարկային փաթեթը խորհրդարան կբերվի աշնանային նստաշրջանի ժամանակ` սեպտեմբերի կեսին: Բոլոր դեպքերում, ֆինանսների փոխնախարարը հայտարարեց, որ հարկային փաթեթը պետք է փոփոխության ենթարկվի: Սակայն նախագիծն ամեն կերպ անցկացնելու համառությունն էլ կասկածելի է դարձնում այն արմատապես` պատգամավորների կողմից ընդունելի փոփոխությունների ենթարկելու հավանականությունը: Ի դեպ, նախագիծն արդեն մի անգամ կոսմետիկ փոփոխության ենթարկվել է, եւ այս քառօրյայում Ս.Կարայանը հայտարարեց, թե հաշվի են առել պատգամավորների մտահոգությունները: Բայց պարզվեց, որ փոփոխությունները բավականին կոսմետիկ էին եւ չկարողացան մեղմել գործարարների զայրույթը: «Այնտեղ այնպիսի բառեր կան, որ հարկային ծառայողները դրանք տարբեր կերպ կարող են մեկնաբանել: Առանց այդ էլ հարկայինը իրավունք ունի 90 օր ստուգում անցկացնել, շաբաթ-կիրակին էլ հաշված` 115 օր: Է, թող այդ օրենքով գան ու ստուգեն: էլ ինչի համար են մշտական ներկայացուցիչ դնում: Վերջապես չի կարելի երկրի հաց տվողին այդքան վարկաբեկել: Խոշորների ստվերը, խախտումները բռնելու շատ ձեւեր կան, եւ հարկայինը դա անելու բոլոր լծակներն ունի»,- դժգոհում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գոհար Ենոքյանը:

Անցած տարեվերջին գործարար պատգամավորներին հաջողվեց օրենսդրական փոփոխություն կատարել եւ բարձրացնել ներմուծվող ալկոհոլային խմիչքներից գանձվող ակցիզային հարկը, որպեսզի տեղական արտադրությունը շահի: Բայց փոփոխությունը դեռ ուժի մեջ չմտած` այս տարեսկզբին այն չեղյալ համարվեց: Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ստորագրեց այդ փոփոխությունը, հետո, հավանաբար խոշոր ներմուծողների լոբբինգի արդյունքում, նույն պատգամավորներին կարգադրեց չեղյալ համարելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնել: Ի վերջո, արտադրող պատգամավորները իշխանությունների նկատմամբ ձեռք բերած այս փոքրիկ հաղթանակը նորից տանուլ տվեցին: Այդպիսով մեկ անգամ եւս ապացուցվեց, որ Հայաստանի իշխանական հիերարխիայում թեեւ խորհրդարանն է կազմում կառավարությունը, սակայն թելադրողի դերը վերապահված է գործադիր մարմնին: Ապացուցվեց նաեւ, որ Հայաստանի տնտեսության մեջ իշխանությունները նախապատվությունը տալիս են ներմուծողներին: Պատգամավորների համոզմամբ՝ հարկային այս փաթեթի «թրի տակ» ընկնելու են նորից արտադրողները` ներմուծողները միշտ էլ կարող են իրենց շրջանառությունը մասնատել եւ չգերազանցել 4 մլրդ դրամի շեմը: Իսկ առայժմ նկատի ունենալով գործադիրի համառությունը եւ օրենսդիր մարմնի` արդեն քրոնիկ դարձած հնազանդությունը, կարելի է ենթադրել, որ կառավարությունն, ի վերջո, եթե ոչ արտահերթ նիստով, ապա աշնանային նստաշրջանում տարբեր տիպի ճնշումներ գործադրելով պատգամավորների վրա` հարկային փաթեթն ընդունել կտա: