Մինչեւ ՏԻՄ ընտրություններ Էջմիածնից բան չի մնա

03/08/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Էջմիածնի քաղաքային իշխանությունների ախորժակը գնալով այնքան է
մեծացել, որ քաղաքի հնարավոր բոլոր տարածքները խժռելուց հետո այժմ էլ աչք
են տնկել բնակիչների հողամասերին: Մասնավորապես, Էջմիածնի Կամոյի փողոցի
13 տան բնակիչ Կարեն Դավթյանը տեղական իշխանություններին մեղադրում է իր
հողամասից 118,3 քմ ապօրինի բռնագրավելու եւ դատարանին հատկացնելու մեջ:

«Անհիշելի ժամանակներից իմ նախնիները բնակվել են այս հասցեում,- պատմում է
Կ. Դավթյանը,- 1961 թվականին քաղաքային իշխանությունների թույլտվությամբ
կառուցել ենք այս տունը, որտեղ եւ բնակվում ենք մինչ օրս»: 1968թ. նրանց
տան հարեւանությամբ կառուցվել է Էջմիածնի դատարանի շենքը: Դավթյանների
հողամասի եւ դատարանի պատի միջեւ 1,7 մ տարածք կա, որը պատկանում է
դատարանին: 1968թ., երբ Դավթյանները պարսպապատել են իրենց պատկանող
տարածքը, դատարանի հետ փոխադարձ համաձայնությամբ պարիսպը կառուցվել է
մինչեւ դատարանի շենքի պատը՝ իր մեջ ներառելով 1,7 մ բետոնապատ տարածքը:
«Իրենք են խնդրել, որ պարիսպն այդպես կառուցվի՝ զանազան
անախորժություններից ապահովագրված լինելու համար»,- հավաստիացնում է Կ.
Դավթյանը՝ հիշելով անգամ դեպք, երբ մի հանցագործ փորձելով դատարանից
փախչել, դեմ է առել պարսպին, թաքնվել իրենց այգու թփուտների մեջ ու
հեշտությամբ հայտնաբերվել: Դավթյանների ընտանիքը բարիդրացիական
հարաբերությունների մեջ է եղել դատարանի աշխատակիցների հետ մինչեւ 2004թ.,
երբ Արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումների ծրագրերի
իրականացման գրասենյակը» որոշել է վերակառուցել դատարանի շենքը:
Մասնավորապես, դատարանի շենքին հարող տարածքում պետք կառուցվեր Կամո
փողոցից դատարանի տարածքի անվտանգության փակ գոտի տանող ճանապարհ, ինչի
համար, պարզվել է, վերոհիշյալ 1,7 մ լայնությամբ տարածքը բավարար չէ:
Արդարադատության նախարարությունից պատվիրակություն է այցելել
Դավթյաններին՝ խնդրելով իրենց հողամասից մի քանի մետր տրամադրել
դատարանին: «Ես սիրով համաձայնեցի անգամ անվարձահատույց այդ տարածքը
տրամադրել նրանց,- պատմում է Կ. Դավթյանը,- եւ մենք 4 մետրի վրա
համաձայնության եկանք, ավելին չէի կարող, որովհետեւ ստիպված կլինեի կտրել
բազմաթիվ՝ ավելի քան 50-ամյա ծառեր ու ոչնչացնել տարիների քրտինքով
աճեցրած բացառիկ թփեր, ինչպիսին այս հունգարական հաղարջի կամ չինական
վարդի թփերն են»: Ի դեպ, Դավթյաններին պատկանող 1508 քմ տարածքը դեռ
սեփականաշնորհված չէ, եւ գրանցված է Կ. Դավթյանի մոր՝ Մարգո Սանամյանի
անունով, որը մահացել է 1972թ.՝ թողնելով ժառանգության կտակ: «Տարածքի
սեփականաշնորհումն իմ մեղքով չէ, որ այսքան ձգձգվել է,- ասում է Կ.
Դավթյանը,- ես բազմիցս դիմել եմ սեփականաշնորհման խնդրով, ինձ ասել են՝
համբերի, որովհետեւ այս տարի պետք է Էջմիածին քաղաքի նոր քարտեզագրում
կատարվի, որի ժամանակ անվճար կչափագրվեին բոլոր հողակտորները եւ
կսեփականաշնորհվեին»: Հենց այս փաստն էլ շահարկել են Էջմիածնի քաղաքային
իշխանությունները, երբ որոշել են Կ. Դավթյանից խլել արդեն ոչ թե 4, ինչպես
նախապես համաձայնության են եկել, այլ՝ 5,2 մ լայնությամբ տարածք՝
ընդհանուր 118,3 քմ: Քաղաքային իշխանություններն այս որոշումն ընդունել
են, փաստաթղթերով հաստատել՝ առանց Կ. Դավթյանին տեղյակ պահելու: Կ.
Դավթյանը Էջմիածնի քաղաքապետին եւ կադաստրի տնօրենին մեղադրում է
փաստաթղթերի կեղծման մեջ: Ըստ վերջիններիս կողմից կազմված փաստաթղթերի՝
Դավթյաններն ընդամենը ապօրինի տարածք են զավթել (քանի որ սեփականությունը
հաստատող փաստաթուղթ չկա), իսկ իրենք ընդամենն այդ ապօրինի տարածքից 118,3
քմ վերցնում են դատարանի կարիքների համար: Հենց այսպիսի հայցադիմումով էլ
Արդարադատության նախարարությունը դիմել է Արմավիրի մարզի առաջին ատյանի
դատարան, վերջինս հայցը հիմնավոր համարելով՝ վճռել է «պարտավորեցնել
պատասխանող Կարեն Դավթյանին՝ անհապաղ ազատել Հայաստանի Հանրապետությանը
պատկանող» հողատարածքը եւ քանդել այդ տարածքում կառուցված պարիսպը: Այն,
որ Դավթյանների տունը եւ պարիսպը կառուցվել են ամենաուշը 60-ականներին,
գրավոր փաստել են ոչ միայն հարեւանները, այլեւ դատարանի աշխատակիցներ,
սակայն, թե ինչպես են Էջմիածնի քաղաքային իշխանությունները պարիսպը կամ
հատման ենթարկելիք ծառերը գնահատել ընդամենը 3-5 տարվա վաղեմության, եւ
դատարանն ինչու է այդ «կուտը կերել», անհասկանալի է մնում: Ի դեպ, վիճելի
տարածքի չափագրումն ու գնահատումը, ինչպես հավաստիացնում է Կ. Դավթյանը,
կատարվել են առանց իր մասնակցության: Կ. Դավթյանի համար այս ամենը,
սակայն, որոշակի բացատրություն ունի: «Այն ժամանակ, երբ նրանք բանակցում
էին ինձ հետ հողամասից դատարանին հատված զիջելու համար, դատարանում
քննվում էր քաղաքապետարանի Միացյալ կրթության բաժնի վարիչին ապօրինի
գործից ազատելու հայցը, որը վճռվեց քաղաքապետարանի օգտին: Ես համոզված
եմ,- ասում է Կ. Դավթյանը,- որ վճիռն իրենց օգտին կայացնելու համար
քաղաքապետը այսպես է որոշել դատարանի լավության տակից դուրս գալ»:

Կ. Դավթյանի բողոքները դատական զանազան ատյաններին ոչ մի արդյունք չեն տվել:

 Իսկ Էջմիածնում, քանի որ ՏԻՄ ընտրությունները հեռու չեն, տարածքների
զավթումը շարունակվում է: Մեր կողմից արձանագրված բազմաթիվ փաստերին
գումարվել են նորերը: Ինչպես բնակիչներն են հավաստիացնում՝ արդեն վաճառվել
է նաեւ Երաժշտական 2-րդ դպրոցի դահլիճը (այստեղ գեներալ Մանվել Գրիգորյանի
եղբորորդի Զնդոն ռեստորան կսարքի), միջնակարգ 3-րդ դպրոցի բակը, իսկ
Օրջոնիկիձե եւ Մաշտոց փողոցների բնակիչները նոր երթուղի պետք է հնարեն,
որպեսզի քաղաքապետն այս փողոցներն իրար միացնող հատվածում անպայման
ավտոլվացման կետ ունենա: Բացի այդ, ինչպես պատմում են քաղաքի բնակիչները,
քաղաքապետը որոշել է տեղափոխել քաղաքի հրապարակում տեղադրված Կոմիտասի
արձանը, որպեսզի այդ տարածքում սրճարան կառուցվի: «Սրա պաշտոնն ի՞նչ ա
եղել,- հարցրել է քաղաքապետն ու, երբ ավելի գիտակները տեղեկացրել են, որ
Կոմիտասը «եկեղեցու մարդ ա եղել», վճռել է,- դե հե՛նա, թող տանեն վանքի
հայաթը դնեն»: