Երեւանի պատմության թանգարանը հոկտեմբերին նախատեսում է անցկացնել մայրաքաղաքի հիմնահարցերին նվիրված գիտաժողով: Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ գիտաժողովին մասնակցելու են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտների, մայրաքաղաքի բոլոր թանգարանների գիտաշխատողները, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի աշխատակիցները: Այժմ ընթանում են նյութերի հավաքագրման աշխատանքներ: Ա. Սարգսյանի խոսքով, պետք է ներկայացվեն այնպիսի նյութեր, որտեղ ոչ միայն անդրադարձ կլինի Երեւանի ներկայիս հիմնախնդիրներին, այլեւ մայրաքաղաքի պատմության չբացահայտված էջերին: Զեկույցները կլինեն մշակութային, տնտեսական, քաղաքաշինական թեմաներով: Երեւանի հիմնահարցերին նվիրված գիտաժողով թանգարանն առաջին անգամ կազմակերպել է 2006թ.: