Կինոմիջանցքների օգուտի մասին

11/06/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հայաստանի պատվիրակությունը վերջերս վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից, որտեղ առաջին անգամ Հայաստանը մասնակցել է առանձին տաղավարով ու ներկայացրել է վերջին 2 տարիների հայկական կինոարտադրանքը, ինչպես նաեւ` դեռ նախագծային փուլում գտնվող կինոհայտերը, գաղափարները, կինոփաթեթներն ու համագործակցության առաջարկները:

Կաննում մոտ 30 անուն ֆիլմ ու նախագիծ է ներկայացվել: Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ հայկական տաղավարն այնքան ճոխ ու մեծ չէր, որքան, ասենք, Վրաստանի ու Ռուսաստանի տաղավարները, սակայն դա առաջին քայլն է, եւ իրենք գոհ են: Կաննի կինոշուկայի մասնակիցը դառնալը մեծ ֆինանսների հետ է կապված, քանի որ հարկ է լինում ֆիլմերի կրկօրինակները պատրաստել, բազմալեզու պաստառներ ու բուկլետներ տպագրել, նաեւ` նախապես մտահոգվել դահլիճների ու ասուլիսների սրահների վարձակալության մասին: Գ.Գեւորգյանը նկատեց, որ իրենք Ֆրանսիա էին մեկնել ոչ այնքան ֆիլմ վաճառելու, որքան ֆիլմ վաճառել սովորելու նպատակով: Նա ասաց նաեւ, որ «ուսման» պրոցեսից բավարարված է մնացել: Օրինակ, նա տեղեկացել է, թե ինչպիսին պիտի լինի ֆիլմը ազդարարող պաստառների դիզայնը, եւ ինչպես է պետք դահլիճ վարձել: Դժվար է ասել, թե ինչու այդ ինֆորմացիային հայկական պատվիրակությունը չի փորձել նախապես ծանոթանալ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ բանակցությունները հիմնականում ինտերնետի միջոցով են արվում, իսկ փառատոնին վերաբերող ցանկացած տեղեկություն տեղադրվում է վեբ-կայքերում: Որպես բանակցությունների հաջող օրինակ՝ Գ.Գեւորգյանը նշեց ֆրանսիացի խոշոր կինոպրոդյուսեր, «Սեզար» ակադեմիայի նախագահ Ալան Թերզյանի հետ հանդիպումները, ով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հրավերով շուտով առաջին անգամ Հայաստան կայցելի (փառատոնը կբացվի նրա «Առաջին շրջան» ֆիլմով), նաեւ` այն սպասումները, որոնք կապված են հայկական ֆիլմերն այլ երկրներում ցուցադրելու հետ: Գ.Գեւորգյանը ընթերցեց երկար մի հատված այն պայմանագրից, որը թույլ է տալու հայ կինոգործիչներին սակավ գումարային մասնակցությամբ` ֆիլմի բյուջեի 20%-ի չափով մասնակցել համատեղ հայ-ֆրանսիական ֆիլմարտադրությանն ու համարվել լիիրավ կողմ: Մեկ այլ լավ իրադարձություն, ըստ Կինոկենտրոնի տնօրենի` 30 պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել Ֆրանսիայում, եւ որոնց կոնկրետ ընթացքին իրենց շուտով կտեղեկացնեն: «Մեր տաղավարը միշտ մարդաշատ է եղել»,- ասաց նա` նկատելով, որ հիմնական այցելուները հայերն են եղել:

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, ում նկարահանած «Խճճված զուգահեռները» ֆիլմն անցել է Կաննի կինոփառատոնի սելեկցիոն ցանցով, սակայն ծրագրից դուրս է մնացել, նկատեց, որ այժմ հայկական ֆիլմերին տարբեր չափերի «միջանցքներ» են հարկավոր: «Հաճախ ֆիլմի հետագա ճակատագիրը փոքր միջանցքից է կախված: Կբացվի միջանցքը, ֆիլմը հաջող կյանք կունենա»,- ասաց նա: «Հերիք է տեսնենք միայն վատը, եկեք ուշադրություն դարձնենք նաեւ լավին»,- կոչ արեց Գ.Գեւորգյանը: Լավը նկատել ցանկացող յուրաքանչյուր մարդ հայրենական արտադրության որակյալ ֆիլմ դիտել է ուզում: Ի դեպ՝ ինչպես տեղեկացրեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները, անորոշ ժամանակով հետաձգվել է նաեւ երկու խաղարկային ու վավերագրական ֆիլմերի նկարահանումը, որոնց մասին իրենք հայտնել էին դեռ անցյալ տարի, եւ որոնք կարող էին հաջող կինոնախագիծ համարվել: «Հողը» եւ «Տունը» պայմանական անվանումներ ունեցող ֆիլմերը պետք է ստեղծվեին տարբեր երկրներում ապրող հայազգի ռեժիսորների կողմից ու փոքրիկ նովելների հավաքածու դառնային: «Ֆիլմի նյութերը հավաքված են, սակայն արտադրության հետ կապված խնդիրներ կան: Գաղափարը կա, սակայն դրա իրագործման մեխանիզմները չկան»,- ասաց «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Կինոթատրոնների քանակը, օրենսդրական դաշտի անկատարությունը եւ ընդհանրապես կինոպրոցեսի թերի լինելու փաստը (չկա տեխնիկա, չկան դիստրիբյուցիայի եւ այլ մասնագետներ) թույլ չեն տալիս լուրջ կինոհաջողություններ ակնկալել: Եվ միջանցք բացել կարողանալը շատ կարեւոր է դառնում, քանի որ մեկ առանձին վերցրած միջանցքը կարող է ճյուղավորվել եւ բաց ու գրագետ կառուցված միջանցքների ցանցի վերածվել։ Եվ այդ դեպքում ոչ միայն կինոն, այլեւ՝ այլ ոլորտներ կայանալու համար տարածք կստանան։

Ծիրանի օգուտի մասին

Փառատոնը բարդ ու աշխատատար, բայցեւ էֆեկտիվ մեխանիզմ է` գումար աշխատելու ու սեփական հայրենիքը գովազդելու համար: Կաննի փառատոնն, օրինակ, Ֆրանսիայի Հանրապետության գլխավոր բրենդերից մեկն է, քանի որ ցույց է տալիս աշխարհին, որ հենց Ֆրանսիան է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը համարվում: Ողջ տարվա ընթացքում Ֆրանսիան շահագործում է փառատոնի իմիջը` մեծ թվով հուշանվերներ ու գեղեցիկ եւ «խոսուն» աքսեսուարներ լույս աշխարհ թողարկելով ու հարստացնելով բյուջեն:

Իսկ Կաննի կինոփառատոնում սեփական տաղավար ունենալը փաստում է, որ տվյալ երկիրը ներգրավված է համաշխարհային կինոպրոցեսի մեջ (նույնիսկ, եթե աշխարհին ներկայացնելու լավ ֆիլմ չունի, ինչպես Հայաստանի դեպքում է), քանի որ բազմաթիվ ասուլիսներ, շնորհանդեսներ ու վարպետության դասեր անցկացնելու ու սեփական երկիրը գովազդելու հնարավորություն է տալիս: Ի դեպ` ազգային տաղավարներում նման ծրագրերի հովանավորները մասնավոր ընկերություններն են, որոնց համար կինոն դառնում է ընդամենը պատրվակ` սեփական արտադրանքը Եվրոպա ներմուծելու համար: Կաննում հայտնվելը մարքեթինգային հաջողություն է գործարարների համար: Եվ այդ հաջողությանը կարելի է հասնել եւ նվազագույնի հասցնել ռիսկայնությունը, եթե փառատոնի աշխատանքներում ներգրավվեն պրոֆեսիոնալ մարքեթոլոգներն ու գործի դրվեն ԱԳՆ-ի եւ դեսպանատների ունեցած լծակները։ Կաննում օծանելիք, խմիչք, ավտոմեքենաներ կամ ոսկյա զարդեր ներկայացնող ընկերությունները, բառիս բուն իմաստով, «կաշվից դուրս են գալիս»` պատշաճ ներկայանալու ու շուկայում նոր դիրքեր գրավելու համար: Ուկրաինայի տաղավարն, օրինակ, ֆինանսավորում է «Նեմիրոֆֆ» ընկերությունը, որի համար կինոն տրամպլին է՝ նոր դաշտ մուտք գործելու համար։ Դա հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ Հայաստանի գործարարները եւս պետք է ցանկություն ունենան կինոյի միջոցով իրենց արտադրանքը առաջ մղել: Մանավանդ, որ Հայաստանն արդեն իսկ իր սեփական ու բավականին բազմաշերտ բրենդն ունի. «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի անվանումը (բնավ էլ չխախտելով արվեստի բաղադրիչը) հուշում է, որ աշխարհին կարելի է ծիրանի, ծիրանի ջեմի, չրի կամ օղու հետ ծանոթացնել, հիշեցնել ծիրանափողի՝ դուդուկի մասին կամ ակնարկել, որ, ասենք, ծիրանի ծառից պատրաստած աթոռը ռեւմատիզմ է բուժում, իսկ ծիրանի կորիզներից ստացվող մածուկը դեմքի կնճիռներն է արագ հարթեցնում։ Եվ պետք չէ մոռանալ, որ ազդեցիկ ու երկարատեւ էֆեկտ ունեցող «PR»-ը հաճախ հենց աներեւակայելի համադրումներից է ծնվում: Եվ եթե տարբեր կինոփառատոների կինոշուկաների գործերով նաեւ ավելի բանիմաց մենեջերներ զբաղվեն, ապա օգուտը շոշափելի կլինի ողջ հանրապետության համար։ Ներկայանալով որպես ծիրանի երկիր` Հայաստանի Հանրապետությունը կարող է շատ գեղեցիկ ու հեռանկարներ բացող իմիջ ձեռք բերել: Ծիրանի գույնը, համն ու հոտը եւ օրիգինալ հայկական անվանումն օգտագործելով` կարելի է կառուցել Հայաստանի նորագույն բրենդը, որը կարող է ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը էկոլոգիապես մաքուր սննդի, հարուստ բնաշխարհի ու տաղանդավոր ստեղծագործողների երկիր է։ Եթե նպատակային աշխատանք տարվի, ապա մի քանի տարի հետո ծաղկող ծիրանենին Հայաստանի սիմվոլը դառնալու շանս կունենա ճիշտ այնպես, ինչպես ծաղկող սակուրան է համարվում Ճապոնիայի բրենդը, իսկ բացվող կակաչները խոսում են Նիդեռլանդների անկրկնելի սիմվոլի մասին…

Սա, իհարկե, մի փոքր լիրիկական զեղում էր։ Իսկ փաստերը հետեւյալն են. այս տարի «Ոսկե ծիրանը» անցնելու է հուլիսի 12-19-ը, եւ բացի ավանդական՝ խաղարկային, վավերագրական ու «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրերից՝ ունենալու է նաեւ ռետրոսպեկտիվ ցուցադրումներ՝ համալրված լեհ ռեժիսոր Եժի Սկոլիմովսկու ու ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոնի ֆիլմերով։ Իսկ փառատոնի պատվավոր հյուրերից կլինեն ռեժիսոր Սերգեյ Սոլովյովն ու իր տիկինը՝ հմայիչ ու խելացի դերասանուհի Տատյանա Դրուբիչը, որոնք կներկայացնեն իրենց վերջին երկու ֆիլմերը՝ «Ասսա-2»-ը եւ «Աննա Կարենինան»։ Փառատոնն այս տարի նաեւ նոր՝ «Արտադրված է Հայաստանում», տեղեկատվական ծրագրի սկիզբ կդնի ու կներկայացնի անկախ Հայաստանի բոլոր ֆիլմերը, որոնք մեկ շաբաթվա ընթացքում կցուցադրվեն Կինոյի տանը։ «Ոսկե ծիրանը» կարծես ինքն է տարբեր միջանցքներ բացելու ճանապարհը ցույց տալիս։ Հայաստանյան կինոփառատոնի ճկուն ու պրոֆեսիոնալ մոտեցումը թույլ է տալիս կինոյին տարբեր բեռներ կցել։ «Made in Armenia» պիտակն, օրինակ, կարելի է փակցնել տարբեր բնագավառների արտադրանքի վրա ու նրանց համար բիզնես-միջանցք բացել։

Ի դեպ՝ այս տարվա «Ոսկե ծիրանը» որպես իր 6-ամյա պատմության սիմվոլ` օգտագործել է հավասարակշռությունը պահպանող լարախաղացի պատկերը։ «6-ը վեցերորդ զգայարանն է, բալանսն է, բնազդն է… Ինչպես ուզում եք՝ հասկացեք»,- նկատեց Մ.Ստամբոլցյանը։