Դեպի Վանկուվեր

11/06/2009

Կանադական Վանկուվեր քաղաքը գլխավորում է «The Economist Intelligence Unit»-ի (EIU) կողմից հրապարակված աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակը: Վանկուվերին հաջորդում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, իսկ առաջատար եռյակը եզրափակում է ավստրալական Մելբուռն քաղաքը: Վարկանիշային աղյուսակը ներառում է աշխարհի 140 քաղաք, այն կազմելու համար հաշվի են առնվել 30 տարբեր բաղադրիչներ: Դրանցից ամենակարեւորներն են` ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, անվտանգությունը, սոցիալական կայունությունը, առողջապահության եւ կրթության մակարդակը, շրջակա միջավայրի մաքրությունը: Առավելագույն վարկանիշը, որը քաղաքները կարող էին հավաքել, հավասար էր 100%-ի: Հատկանշական է, որ Վանկուվերը եւ Մելբուռնն իրենց երկրների միակ քաղաքները չեն, որ հայտնվել են աղյուսակի առաջատար տասնյակում: Այսպիսով, Կանադան ներկայացնում են նաեւ Տորոնտոն եւ Կալգարին, իսկ Ավստրալիան` Պերտը եւ Սիդնեյը: Բացի այդ, լավագույն տասնյակում երկու պատվիրակ ունի նաեւ Շվեյցարիան, որը ներկայացված է Ցյուրիխով եւ Ժնեւով: Նշենք նաեւ, որ լավագույն տասնյակում, բացի Մելբուռնից եւ Սիդնեյից, այլ մեգապոլիսներ կամ մեծ քաղաքներ չկան: Օրինակ, Փարիզը զբաղեցրել է աղյուսակի 17-րդ հորիզոնականը, Տոկիոն` 19-րդ, Լոնդոնը` 51-րդ, իսկ Նյու Յորքը` 58-րդ հորիզոնականը: Ռուսական խոշոր քաղաքները՝ Սանկտ Պետերբուրգը (78,5%) եւ Մոսկվան (78,4%), համապատասխանաբար, զբաղեցրել են ամենահարմարավետ քաղաքների վարկանիշային աղյուսակի 67-րդ եւ 69-րդ հորիզոնականները` չկարողանալով հասնել 80%-ի շեմին, ինչը նրանց կտար բարձր մակարդակի հարմարավետություն ունեցող քաղաքների կարգավիճակ: