Երեւանյան ապտակ

11/06/2009

Թերլեմեզյանի առաջին կուրսեցի Գրիշան դուրս հրվեց երթուղայինից, ընկավ, վեր կացավ, սովոր շարժումով ի մի բերեց ցրիվ եկած բջջայինն ու ծոցատետրը, ու աննորմալի խիզախությամբ հատեց Ազատության պողոտան ամենաանհատելի մասում` զբոսայգու մուտքի մոտից: Մոտենալով Անորոշ զինվորի արձանին, որը տնկված է խիստ որոշակի հաղթանակի հուշարձանի տակ, Գրիշան վերհիշեց հանձնարարությունը` «Երեւանյան էսքիզ»:

Իր կուրսը ներքեւում է, իսկ ինքը` վերեւում` քաղաքի վրա, տիրոջ պես, թեպետ կես տարի չի լինի, ինչ քաղաքը տեսել է: Որոշ բան քաղաքի մասին լսել է, որոշ բան տեսել է, երգերից գիտի, որ այս քաղաքը հին է, բայց միշտ նոր է, հայի տունն ու բախտն է սա, ինչ-որ ոստան է (այս վերջին բառի իմաստը կուրսում ոչ ոք չկարողացավ բացատրել), եւ այլն: Բայց.

-«Պանորամա, դորոգոյ»,- ընկերաբար ասել էր Այսինչ Այսինչովնան` սիգարետի մոխիրը թափ տալով սուրճի բաժակի մեջ,- «տՈվՏՐՈՎՈ-ֆՑՏ ՍՈՐՊՌՏչՐՈՎՎՈ չՏՐՏՊՈ»: Ու տվել էր Մոնումենտ բարձրացող երթուղայինի համարը: Գրիշան քաղաքների պանորամաներ էլի էր տեսել: Կուզբասինը, օրինակ: Մի անգամ էլ` երեք տարի առաջ, Մոսկվայինը, երբ գնացել էին հորեղբոր տղայի հարսանիքին: Ու հիմա` Երեւանինը:

Գրիշան բաց արեց ծոցատետրը, սրեց նախապես սրած մատիտը ու համենայնդեպս մի անգամ էլ նայեց քաղաքին: Քաղաք է, էլի: Շենքեր, փողոցներ, ուղիղ, ծուռ, աննկարագրելի սիրուն, աննկարագրելի խայտառակ, կիրթ, էլի խայտառակ, սովետական, եվրոպական, մոնղոլական, երբեմն` երեւանյան:

Ու հանկարծ այդ ամենը դարձավ լրիվ երկրորդական: Գրիշան տեսավ այն, ինչն ինքը ոչ թե պարզապես երբեւէ չէր տեսել, այլ ինչը մտքով էլ չէր անցել, որ կտեսնի. ախր ինքն ով է որ` Թերլեմեզյանի ուսանող, երկու կիսատ լեզվի տեր:

Գրիշան տեսավ Աշխարհի արարումը: Նա տեսավ Երկինքն ու Երկիրը, ու Հորիզոնի գիծը, որ բաժանում էր նրանց. Գրիշան տեսավ Արարատը` Երեւանի վրա:

Ավելի սյուրռեալիստական տեսարան Գրիշան չէր տեսել ոչ մի Վրուբելի ու Դալիի մոտ: Հորիզոնի կապույտը բաժանում էր քաղաքը Արարատից, ինչպես երեխան, որը մի բառով բաժանում է ճշմարիտն ու կեղծը, ինչպես ինքնաթիռի դուռը, որ բացվում է ուրիշ աշխարհում: Գրիշան զգույշ հենվեց բազրիքին, որ չընկնի:

Արարատի մասին էլ լիքը երգեր էր լսել, բայց իր իմացած Արարատը պիտի երեւար դիմացի շենքերի արանքից կամ էլ Վերնիսաժում` դիմացը երկու անհեթեթ բարդի տնկված: Իր լսած Արարատը պիտի խորհրդանշեր հավերժ պայքար, բազմաթիվ հայերի թափված արյուն, պատմական արդարություն, բարոյական հաղթանակ կամ, առնվազն, լիներ կենացի թեմա` թեկուզ հենց նույն հորեղբոր տղայի հարսանիքին («Նու վոտ, Անյա ստալա տվոեյ ժենոյ, Միշա ջան, կակ նաշա գոռա Արարատ կոգդա-նիբուդ ստանետ նաշեյ»): Այս Արարատը լրիվ ուրիշ էր: Այն ճշմարտություն էր, խաղաղություն էր, պարզ հայացք էր, պայծառ ժպիտ էր, մի քանի բարի խոսք` վաղ առավոտյան, ինչ-որ մեկի տաք ձեռքը ուսիդ, երբ տանը ցրտում է, Խաչատրյանի ջութակի կոնցերտ, արված գործի հաճույք, անկեղծ ուրախություն, թաքուն արված բարի գործ: Եվ այլն: Գրիշան զարմացավ` մի՞թե այնտեղ` ներքեւում, այս ամենը չեն տեսել: Այնտեղ` քաղաքը խեղդող սպիտակասեւ ծխի տակից, մի՞թե այդքան վատ է երեւում հորիզոնի գիծը: Եվ ինչո՞ւ են այնտեղ` ներքեւում, պայքարում Արարատը «վերադարձնելու» համար, երբ այն այստեղ է, երբ այն այսքան սարսափելի մոտ է: Նույն հաջողությամբ կարելի է պայքարել արեւի սեփական հատվածը գրավելու ու լույսի վրա գերբով կողպեք կախելու համար: Գրիշան փորձեց հիշել, թե ինչ է տեսել այնտեղ` ներքեւում, իր այս վեցամսյա երեւանյան կյանքի ընթացքում: Վեցամսական երեւանցու համար ինֆորմացիան քիչ չէր: Գրիշան արդեն գիտեր,

– որ աղջիկները Երեւանում ունեն խայտաբղետ հագուստներ ու միագույն մտքեր,

– որ հյուրասիրությունը Երեւանում նշանակում է սփռոց եւ ուտելիք, ու հյուրին սիրելու հետ որեւէ կապ չունի,

– որ փողոցները Երեւանում պարբերաբար կարմիր են ներկվում, բայց հաջորդ առավոտ մարդիկ հանգիստ գնում են աշխատանքի, վարսավիրանոց ու նույնիսկ հարսանիք,

– որ Երեւանում ընտրությունները տարօրինակ կերպով «բաշիքյարթմա» են հիշեցնում

– որ Երեւանի մասին կա հազար ութ հարյուր հատ երգ, ու հազար յոթ հարյուր իննսունութի մեջ բացակայում է ճշմարտությունը, քանի որ Երեւանը սիրում է խաբել ուրիշներին, բայց առաջին հերթին` ինքն իրեն, ու այդ ինքնախաբեությունը Գրիշային սկզբում սարսափեցնում էր, իսկ հիմա արդեն` հիացնում իր կատարելությամբ:

Եվ ի՞նչ ընդհանուր բան կարող էր ունենալ Արարատն այս քաղաքի հետ, մտածեց Գրիշան` մատիտը թղթին զգուշորեն ծանոթացնելով: Քաղաք, որը չի սիրում իր հին, ասեղնագործ շենքերը, ու այդ ատելությունը վերածում է գործի` բղավելով իր վերաբերմունքի մասին ոչնչացած տանիքներից ու աջուձախից մետաստազներ տված «էքստրա» պատշգամբներից: Քաղաք, որի համար անմեքենա քաղաքացին ավելորդ նեղություն է, քաղաք, որի հրապարակային մշակույթը լռվել է հանրայինով բենեֆիսվող 10-15 հոգու վրա, իսկ գլխավոր հրապարակի երկնքում ամեն օր բեմականացված հրավառություն է, թեպետ տոնելու առիթներ արդեն վաղուց չեն լինում:

Ինչո՞ւ պիտի Արարատին նայելու իրավունքը պատկանի անցյալի մասին անվերջ երգող ու սեփական պատմությունն անխնա ջնջող քաղաքին: Ինչո՞վ են հենց այս քաղաքի բնակիչներն արժանացել այդ հավերժ ու անշահախնդիր նվիրատվությանը:

Գրիշային խորհրդածությունից կտրեց հարեւանությամբ լսված շրխկոցը. դա արձագանքն էր այն ապտակի, որն այդ պահին իջեցրեց երեւանցի քսանամյա աղջկա կարմրատակած երեսին երեւանցի քսանմեկամյա նշանածը: Նրանք քննարկում էին ապագա հարսանիքի մանրամասները:

Ապտակից հետո ոչինչ տեղի չունեցավ, կյանքը չջնջվեց ու չսկսվեց նորից: Երեւանի ֆոնի վրա քսանամյա հարսնացուն ընդամենը սրբեց արցունքներն ու տրորեց հերթականներից առաջին ապտակի տեղը: Քսանամյա աղջիկն իր մեջ չգտավ ուժ` շրջվելու ու գնալու, բայց գտավ հազար արդարացում` նեղճակատ, անարհեստ ու անապագա երիտասարդի զայրույթը բացատրելու համար:

Տղան, իհարկե, ճիշտ էր, հասկացավ Գրիշան: Աղջիկը սպասել էր այդ ապտակին: Նրան ծնված օրից նախապատրաստել էին այդ ապտակին` տանը, դպրոցում` ամենուր, որտեղ նրան շրջապատել էին ծնող-վերակացուն, ուսուցիչ-վերակացուն, հարեւան-վերակացուն, տնօրեն-վերակացուն, որոնք սիստեմատիկորեն կոտրել էին նրա` կարծիք հայտնելու ու ուժեղին ընդդիմանալու կամքը, որ տարիներ հետո աչքերը զարմացած կլորացնեն, թե` ինչո՞ւ այս աղջիկը, տղան, երիտասարդությունը, հասարակությունը չունի սեփական իրավունքները պաշտպանելու ցանկություն կամ, ասենք, ազատ ընտրություն իրականացնելու կամք: Գրիշան վերեւից նայող օտարի խորաթափանցությամբ հանկարծ ենթադրեց, որ`

Արարատին նայելու իրավունքը գուցե փոխհատուցումն է այն նվաստացման, որն այս քաղաքի բնակիչն ապրում է ծննդյան պահից ի վեր` մինչեւ այն բաղձալի պահը, երբ իր բնական վրեժը կհանի իր երեխաներից ու մյուս անպաշտպաններից` շարունակելով դաժանությունը հրավառությամբ սքողելու հին, բարի երեւանյան ավանդույթը:

Արարատը տեսնելու ամենօրյա պարգեւը պիտի գուցե բուժեր տարիների միջով մեզ հասնող ու դեռ ճամփին էլ կատարելագործվող ապտակի ծանրությունը, որի շրխկոցը դեռ երկար արձագանք կտա կենացի թեմա դարձած սարի փեշերին:

Երեւանյան համայնապատկերը ոչ մի կերպ չէր ուզում էսքիզ դառնալ: Արարատը եզրափակող գծից ներքեւ Գրիշան երկար գծեց ու ջնջեց Կասկադի անբնականորեն խնամված ծաղիկները, Օպերայի անտանելիորեն շքեղ ուրվագիծն ու նորածին Հյուսիսային պողոտայի միջինասիական դիմագծերը:

Ի վերջո, Գրիշայի համար միեւնույն էր, թե ինչ կլինի հորիզոնի գծից ներքեւ: Նա որոշեց նկարել այն, ինչ իրականում տեսնում էր: Նկարեց գորշավուն մառախուղը, տակից դուրս պրծնող մեկ-երկու ծուռումուռ տանիք, ու քսանամյա երեւանցի աղջկա ապտակված դեմքը քաղաքամայր Երեւանի ֆոնին:

Լիլիթ ԲԼԵՅԱՆ