Ամռան շոգի հետ մեկտեղ ավելանում են ոչ պիտանի սննդամթերքի հետեւանքով
առաջացող թունավորումների դեպքերը: Մայրաքաղաքում այս խնդիրն ինչ-որ կերպ
վերահսկվում է, իսկ մարզերում վաճառքի է հանվում այն ապրանքը, որը քաղաքի
շուկաներում չի իրացվել: Շուկայում առկա ժամկետանց սննդամթերքի վերաբերյալ
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքն այն է, որ դրանց
շրջանառությունը պետք է կասեցվի, բայց որպեսզի այդ ծախսերը տնտեսվարող
սուբյեկտները չկրեն, ապրանքանիշի վրա սպառողին ապակողմնորոշելու համար
պիտակավորում չեն փակցնում: Պրն Պողոսյանի հավաստմամբ, ժամկետանց ապրանքն
իրացնելու ամենահարմար ձեւը մարզեր առաքելն է: Նման միջադեպ եղել է կարագի
տեսականու հետ կապված: «Դա կրիմինալ ծագման կարագ էր,- ասում է պրն
Պողոսյանը: -Այդ կարագի փաթեթը հեռուստատեսությամբ երկու անգամ ցույց
տվեցի եւ հայտարարեցի, որ դա կրիմինալ կարագ է, խուսափե՛ք եւ մի՛ գնեք
դրանից: Որեւէ անվանում, պիտակավորում գոյություն չուներ կարագի վրա եւ,
ամենայն հավանականությամբ, տեղական արտադրության էր: Հայտարարությունից
հետո այդ կարագը վերացավ շուկայից, եւ կարծեցինք, թե կոչն ազդեցություն
ունեցավ: Ավելի ուշ նույն կարագը հայտնվեց Վանաձորում»: