Ոտքերի կոշտուկներ

11/06/2009

Ոտքերի հարվածությունը ոտքերի մաշկի ամենատարածված հիվանդությունն է:

Հարվածությունը իրենից ներկայացնում է մաշկի մի մասի կոպտացում, որն առաջանում է նեղ ու անհարմար կոշիկ կրելուց: Հետաքրքիր է, որ մաշկի հարվածությունն առաջանում է այն ժամանակ, երբ մարմնի քաշն անհավասար է բաշխվում կոշիկի վրա: Օրինակ` բարձրակրունկ կոշիկներ հագնելիս հարվածություն կարող է առաջանալ ոտնաթաթի այն մասում, որտեղից սկսում են աճել մատները: Պետք է իմանալ, որ քրոնիկական հարված վիճակը վկայում է հարթաթաթության մասին, եւ պետք է անպայման դիմել մասնագետի, հատուկ կոշիկներ կրելու համար: Հարվածությունը մաշկի ավելի խորը հյուսվածքների չի հասնում, այդ պատճառով դրա դեմ պայքարել տնային պայմաններում եւս հնարավոր է:

Կոշտուկները եւս առաջանում են հարվածության արդյունքում եւ հիմնականում ոտքի թաթի տակ կամ մատների արանքում: Դրանք լինում են չոր եւ թաց: Թաց կոշտուկները հաճախ կարող են արյունահոսել: Այսպիսի կոշտուկներն անպայման անհրաժեշտ է մշակել հակաբակտերիալ միջոցներով: Ժամանակի ընթացքում թաց կոշտուկները վերածվում են չորի` ստեղծելով ավելի խորը արմատներ: Չոր կոշտուկների բուժումը երկարատեւ ու աշխատատար է, այդ իսկ պատճառով ավելի լավ է այս դեպքում օգտագործել դեղամիջոցներ: Մինչ դրանց բուժմանն անցնելը, դեռ պետք է համոզվել, որ դրանք կոշտուկներ են եւ ոչ, ասենք, գորտնուկ: Իսկ ընդհանրապես կոշտուկներ հեռացնելու համար գոյություն ունեն շատ միջոցներ: Հիմնականում դրա համար օգտագործվում է հեղուկ ազոտն ու լազերային ճառագայթը: Բայց այսպիսի լուրջ միջոցառումներ ձեռք են առնվում այն ժամանակ, երբ ոտքերի հարվածությունն ու կոշտուկները քրոնիկական բնույթ են կրում: Եվ մինչ բուժելը պետք է նախ խուսափել դրանց առաջացումից: Կոշիկի ընտրության հարցում պետք է լավ մտածել ու ճիշտ կոշիկ ընտրել, պետք է հետեւել, որ դրանք փափուկ լինեն: Կոշտուկների առաջացման հիմնական պատճառներից մեկն էլ ոտքի կառուցվածքն է:

Կոշտուկները հաճախ վկայում են այլ հիվանդությունների մասին: Խոսքն այն կոշտուկների մասին չէ, որ առաջանում են շատ արագ ու անցնում: Խոսքը Երկար ժամանակ գոյություն ունեցող կոշտուկների մասին է: Ոտքի կրնկամասում եղած ցավոտ ճաքերը վկայում են աղեստամոքսային տրակտի վատ աշխատանքի մասին, իսկ նույն մասում առաջացած կոպիտ կոշտուկները հիշեցնում են հոդերի հետ կապված խնդիրների մասին: Իսկ այն կոշտուկները, որոնք առաջանում են ոտնաթաթի կողքի մասում եւ դրսից, նշան է ողնաշարի հիվանդության: Կրունկից դեպի թաթ գնացող հատվածի կոշտուկները վկայում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքի լուրջ խանգարման մասին: Աջ ոտքի ճկույթի տակ գտնվող կոշտուկը լյարդի ֆունկցիայի խանգարման արդյունք է, իսկ ձախ ոտքի ճկույթի տակ գտնվող կոշտուկը հուշում է սիրտ-անոթային համակարգի ոչ լիարժեք աշխատանքի մասին: Կոշտուկը, որ ներառում է բոլոր մատները, բացի մեծ մատը, վկայում է նյարդային համակարգի հետ ունեցած խնդիրների մասին: Մեծ մատի արտաքին մասում գտնվող կոշտուկը կամ կոպտացած ձեւը ենթադրում է վահանագեղձի ոչ լիարժեք աշխատանք: Տղամարդկանց մոտ մեծ մատի ուղղությամբ հենց անմիջապես թաթի տակ գտնվող կոշտուկը խոսում է նոր սկսվող պրոստատիտի մասին, իսկ կանանց մոտ նույն կոշտուկը կարող է սեռական օրգանների բորբոքման նշան լինել: Մասնագետներն առհասարակ խորհուրդ են տալիս ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց 30 տարեկանից հետո ամսվա մեջ գոնե 1 անգամ գնալ պեդիկյուրի: Եվ դա՝ ոչ թե կոսմետիկական տեսանկյունից, այլ պարզապես հիգիենայի ու առողջության համար: Օրգանիզմի ծերացումը սկսվում է ոտքերից, իսկ ավելի ստույգ` ոտնաթաթի մաշկից: Ոտնաթաթերի վրա են կենտրոնացված մեծ քանակությամբ էներգետիկական կետեր, որոնք հանդիսանում են ներքին օրգանների պրոյեկցիան: Իսկ պրոցեդուրայի ժամանակ այդ բիոկետերի ստիմուլյացիան լավացնում է արյան շրջանառությունը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում ընդհանուր ինքնազգացողության վրա: Տիբեթական բժշկության մեջ միայն ոտնաթաթի մերսումով թեթեւանում է տարբեր հիվանդությամբ տառապող մարդկանց վիճակը: