Ինտերնետ-կախվածությունը լուրջ հիվանդություն է

11/06/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Համաշխարհային ցանցի մշտական այցելուները, համաձայն որոշ գնահատականների` հիմնականում տառապում են միայնությամբ, հոգնածության ու ձեռնպահության ախտանիշով: Ինտերնետ-կախվածությունը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար: Իհարկե, որոշ հարցումների համաձայն էլ` պարզվում է, մարդիկ ինտերնետ-ցանցի կախվածությունը դատարկ բան են համարում ալկոհոլիզմի ու թմրամոլության համեմատ:

Առհասարակ հոգեբույժների մեծ մասը գտնում է, որ ինտերնետ-կախվածությունը պետք է դասել մտավոր խանգարումներով հիվանդությունների շարքին: Այս փաստը փորձում է ապացուցել ամերիկացի հոգեբույժների խոշորագույն ընկերությունը: Այսինքն, եթե ավելի պարզ խոսենք` հիվանդություն համարվելու դեպքում՝ տվյալ մարդուն կտան հիվանդության թուղթ:

Ըստ տարբեր հարցումների, ինտերնետ-կախվածությամբ տառապում է Համաշխարհային ցանց այցելողների 2-10 տոկոսը: Թվում է` այնքան էլ շատ չէ, բայց եթե այս թիվը բաժանենք կոնկրետ քաղաքի վրա, կտեսնենք, որ միայն Մոսկվայում դրանով տառապում է մոտ 400.000 մարդ, որոնք նույնիսկ բժշկական օգնության կարիք ունեն: Աշխարհում եղել են նաեւ մահացության դեպքեր, երբ մարդու օրգանիզմը չի կարողացել դիմանալ համակարգչի առջեւ 24 ժամ նստելուն:

Ինչպե՞ս է արտահայտվում ինտերնետ-կախվածությունը: Մարդկանց սպառնում է այս չարիքը, երբ կորցնելով ժամանակի զգացողությունը, նրանք ժամերով, երբեմն էլ օրերով նստում են իրենց մոնիտորների առջեւ` մոռանալով քնելու եւ սնվելու մասին: Նրանց դադարում է հետաքրքրել սեփական հիգիենան, տնային հոգսերը: Ընտանիքը, աշխատանքը, սովորելն ու ընկերները մղվում են հետին պլան: Գնալով ավելի շատ են նրանք ժամանակ անցկացնում վիրտուալ աշխարհում, եւ այս ամենը նկարագրվում է մեկ արտահայտությամբ` ինտերնետ-կախվածություն: Ահա թե ինչ է ասում նրանցից մեկը. «Ես նույնիսկ չեմ կարողանում զուգարան գնալ, ճամփորդել ծնողներիս հետ: Ես անընդհատ նստած եմ, եւ ինտերնետի կարիքն այնքան մեծ է, որ կարող եմ նույնիսկ տնտեսել հացի ու կենսական շատ անհրաժեշտ բաների վրա»: Իհարկե, միշտ չէ, որ ինտերնետ-կախվածությունը նման դրսեւորում է ունենում, բայց ինչ խոսք, լուրջ հիվանդության վերածվելու վտանգը մեծ է:

Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Եթե յուրաքանչյուրին հարցնեք, թե ինչու է նա ինտերնետ այցելում, կստանաք բազմաթիվ պատասխաններ` տեսանյութ դիտելու, անհրաժեշտ ինֆորմացիա գտնելու, ընկերների հետ շփվելու եւ այլնի համար: Այսինքն` բավարարելու այս կամ այն սեփական պահանջը: Բայց պատասխանը բավարար չէ, որովհետեւ յուրաքանչյուրս էլ մեզ հուզող հարցի պատասխանը գտնելով կամ աշխատանքը կատարելով, վերենք կենում մոնիտորի առջեւից: Իսկ ցանցի կախվածությունը բոլորովին էլ այդպիսին չէ: Իրականում շատերը, փորձելով փախչել պրոբլեմներով լի իրականությունից, իրենց գտնում են վիրտուալ աշխարհում, որտեղ խնդիրները ստեղնաշարի օգնությամբ շատ արագ լուծվում են: Նույն կերպ էլ մարդիկ իրենց, այսպես ասած` անջատում են թմրադեղերով, ալկոհոլով կամ խաղատներ այցելելով:

Նման ճակատագրից խուսափելու համար, նախ պետք է իմանալ ինտերնետ-կախվածության նախանշանները: Դրանցից են ինտերնետում անցկացվող ժամանակի զգացողության կորուստը, որն արդեն մարդն ընդունակ չէ զգալու: Ցանց այցելելը մի փոքր ընդմիջելու դեպքում, սկսում են տանջել անքնությունն ու մղձավանջները, ընկնում է տրամադրությունը, սկսում է ուժեղ գլխացավ: Ժամանցի այլ տարբերակները, որ նախկինում հաճույք էին պատճառում, սկսում են այլեւս չհետաքրքրել: Նման զգացողություններ ունենալու դեպքում կարելի է անհանգստանալ:

Ի՞նչ անել: Դե, եթե բանը բանից անցել է, պետք է դիմեք բժիշկ-մասնագետի օգնությանը: Իսկ ընդհանրապես պետք է ինտերնետով զբաղվել խելամտորեն: Առաջին հերթին ինտերնետը պետք է օգտագործել գործի համար: Երկրորդն էլ՝ ինտերնետը որպես ժամանցի տարբերակ՝ կարող է լինել այն ժամանակ, երբ աշխատանքն արդեն ավարտել եք: Եվ հետո էլ, նախքան ինտերնետով զվարճանալը, ժամացույցին նայելով՝ ինքներդ սահմանափակեք ձեր ժամանակը: Հետո վեր կացեք ու անպայման դուրս եկեք մաքուր օդ շնչելու եւ զբոսնելու: Ուժ գտեք ձեր մեջ գոնե 2 շաբաթ չմոտենալու համակարգչին:

Ինտերնետ-կախվածությունը` հիվանդություն

Չինացի բժիշկներն ինտերնետ-կախվածությունը պաշտոնապես ճանաչել են հիվանդություն: Այս հիվանդության համար մշակվել են դիագնոստիկ չափանիշներ, իսկ հոգեբուժական կլինիկաները պարտավոր են օգնություն ցուցաբերել նման հիվանդներին: Այսպիսի նախաձեռնությունը բացատրվում է ինտերնետային չարաշահումներից առաջացած հոգեկան խնդիրներ ունեցողների թվի զգալի աճով: Այդ չափորոշիչները մշակվել են Պեկինի զինվորական հոսպիտալի աշխատակիցների կողմից` հաշվի առնելով ինտերնետ ցանցից օգտվող 1300 պրոբլեմատիկ մարդկանց խառնվածքը: Ինտերնետ-կախվածության ախտանշաններն են ցանցին միանալու անվերահսկելի ցանկությունը, մտավոր կամ ֆիզիկական հյուծվածությունը, գերզգայուն վիճակը, անքնությունն ու ուշադրության կենտրոնացման բացակայությունը: Համապատասխանաբար, ըստ չափորոշիչների, ինտերնետ-կախվածությամբ տառապող մարդ է համարվում նա, ով ինտերնետ ցանցում անց է կացնում օրվա 6 ժամը, եւ 3 ամսվա մեջ նկատվում է թվարկված ախտանշաններից մեկը: Բուժումը տեւում է 3 ամիս: Ինչպես վկայում են նախկին հետազոտությունները, ինտերնետ-կախվածությամբ տառապում են չինացի ինտերնետից օգտվողների մոտ 10 տոկոսը, հիմնականում` 18-30 տարեկանները: