«2008 թվականին Ադրբեջանում վատացել է մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը»,- այդ մասին ասված է աշխարհում խոսքի ազատության եւ ժողովրդավարության վիճակի վերաբերյալ` ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան հաշվետվության մեջ: «Երկրում մարդու իրավունքների ոլորտը նախկինի պես վատ վիճակում է, եւ 2008 թվականին առանձին բնագավառներում իրադրությունն էլ ավելի է վատացել»,- նշված է հաշվետվության մեջ: Ըստ այդմ, Ադրբեջանի իշխանությունները «սահմանափակում են խաղաղ ճանապարհով կառավարության մեջ փոփոխություններ կատարելու հասարակության իրավունքը»: «Շարունակվում են չհիմնավորված ձերբակալություններն ու կալանավորումները, մասնավորապես մինչեւ մեղադրանքներ ներկայացնելը եւ դատական գործընթաց սկսելը երկար ժամանակով կալանավորվում են անձինք, որոնք իշխանությունների կողմից ընկալվում են որպես քաղաքական հակառակորդներ»,- ասված է փաստաթղթում, որում նաեւ
նշվում է, որ «քաղաքացիները ձերբակալությունների են ենթարկվում քաղաքական հայացքների պատճառով»:
Զեկույցում նաեւ ասված է, որ Ադրբեջանի իշխանություններն արգելում են քրիստոնեական ու մահմեդական մի շարք համայնքների գործունեությունը, կանանց նկատմամբ բռնությունների դեպքեր են արձանագրվել, արձանագրվում են մարդավաճառության փաստեր: Նշված է նաեւ, որ Ադրբեջանում կոռուպցիան լայնորեն տարածված է դատական համակարգում եւ իրավապահ մարմիններում:
Բացի այդ, զեկույցում նշվում է ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրադրության վատացումը: «Զանգվածային լրատվամիջոցների ազատությունը եւ քաղաքական գործունեությանը նրանց մասնակցությունը 2008 թվականին վատացել է, մասնավորապես, ազգային FM-հաճախություններում դադարեցված է Բի Բի Սի-ի «Ամերիկայի ձայնի» եւ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը»,- ասված է զեկույցում, որում անհանգստություն է հայտնվում նշված ռադիոկայանների հեռարձակումը դադարեցնելու կապակցությամբ: Զեկույցում նաեւ անհանգստություն է հայտնվում լրագրողների ձերբակալումների կապակցությամբ եւ կոչ է արվում պատասխանատվության ենթարկել լրագրողների վրա ֆիզիկական հարձակումների համար պատասխանատու անձանց: