Մի դիմում էլ դու գրի

09/06/2009

Մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ խմորումներ են առաջացրել իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունների` առաջին հերթին, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերություններում: Այդ խմորումները դեռեւս քողարկված դրսեւորումներ ունեն, սակայն, ամենայն հավանականությամբ, շատ շուտով ավելի հրապարակային կդառնան: Դրա մասին է վկայում մասնավորապես այն, որ անցած շաբաթվանից ՀՀԿ-ն ինտենսիվ «աշխատանքներ է տանում» ԱԺ` դեռեւս դե ֆակտո անկախ` հիմնականում գործարար պատգամավորներին ՀՀԿ շարքերում ընդգրկելու ուղղությամբ: (Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգը չի նախատեսում անկախ պատգամավորի` որեւէ խմբակցության կազմում ընդգրկվելու ընթացակարգ, եւ նրանք դե ֆակտո չեն կարող դառնալ ՀՀԿ խմբակցության անդամներ): Այդ նպատակով անկախ պատգամավորներին բաժանվել են դեռեւս չստորագրված դիմումներ, որոնցով վերջիններս իրենց ցանկությունն են արտահայտում ՀՀԿ-ի շարքերում ընդգրկվելու եւ իրենց դիրքորոշումները ՀՀԿ-ի հետ համաձայնեցնելու վերաբերյալ: Դրան զուգահեռ՝ իշխանություններն առանձին-առանձին «բացատրական աշխատանքներ» են տանում նշված պատգամավորներից յուրաքանչյուրի հետ` բնականաբար, նրանց հիշեցնելով, որ «լավով չհասկանալու» եւ այդ դիմումները չստորագրելու դեպքում կարող են խնդիրներ ունենալ իրենց բիզնեսներում: Ըստ որոշ տեղեկությունների, անկախ պատգամավորներից մեկը` Կարեն Վարդանյանը («Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանի ավագ որդին) արդեն ստորագրել է իր դիմումը: Թերեւս մինչեւ այս քառօրյայի վերջը հայտնի կդառնա նաեւ մյուս անկախ պատգամավորների ճակատագիրը: Ամենայն հավանականությամբ, գործարար պատգամավորներին չի հաջողվի խույս տալ հանրապետականացումից, առավել եւս, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել անկախ պատգամավորներին նման դիմումներ բաժանելու փաստը: Ինչ վերաբերում է այս գործընթացի դրդապատճառներին, ապա դա առաջին հերթին պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ ՀՀԿ վերնախավում եղած մտավախությամբ: Ավելի պարզ ասած, ՀՀԿ-ն նախահարձակ է լինում` վախենալով, որ անկախ պատգամավորներին «վերբովկա կանի» ԲՀԿ-ն: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին երկու անկախ պատգամավորներ` Ռուստամ Գասպարյանը եւ Մարտուն Գրիգորյանն, անդամագրվել էին «Բարգավաճ Հայաստանին»: