Գործնական ոչինչ չի՞ արվում

09/06/2009

Երեկ ԱԺ հերթական քառօրյայում դարձյալ 30 օրով հետաձգվեց մարտի 1-ի դեպքերի առիթով ձերբակալված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշումը դադարեցնելու մասին հարցի քննարկումը:

Երեկ` դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԱԺ նախագահը գործուն միջոցներ չի ձեռնարկել, որպեսզի քաղբանտարկյալ պատգամավոր Հակոբ Հակոբյանը կարողանար մասնակցել՝ մարտի

1-ի դեպքերից հետո անձեռնմխելիությունից զրկված պատգամավորների ներկայացրած նախաձեռնությունը, որպես զեկուցող, ներկայացնելու համար: Նաեւ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հ. Աբրահամյանն անձամբ չմիացավ կալանավայրերում գտնվող պատգամավորների նախաձեռնությանը։

«Չէ՞ որ Ձեր կուսակցության` ՀՀԿ անդամը եւ նախագահն առաջարկել էր գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ անձինք դուրս գային բանտախցերից, ինչո՞ւ չեք արել»,- հետաքրքրվեց պատգամավորը: Ի պատասխան, Հ. Աբրահամյանն ասաց. «Դուք այդպես պահանջատիրական դիրքերից մի խոսեք նախ, եւ երկրորդ` Դուք ինձ ստիպում եք, որ ես ամեն ինչ ազնիվ ասեմ: Նախ Դուք՝ որպես հանձնաժողովի անդամ, այդ նիստին չեք մասնակցել, գնայիք մասնակցեիք եւ այդ առաջարկները Դուք ձեր մշտական հանձնաժողովում անեիք: Եվ ընդհանրապես, եթե հանձնաժողովը որոշում է կայացրել հետաձգել այդ նախաձեռնությունը` դա իր խնդիրն է: Եվ երկրորդ` Դուք նման լիազորություն չունեք, որ ուզում եք մտնել նաեւ ՀՀԿ-ի կուսակցական խնդիրների մեջ: Այդ հարցերը քննարկվում են կուսակցությունում, եւ մենք ենք որոշում կայացնում»:

Զ. Փոստանջյանը, ով իսկապես չէր մասնակցել ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի այն նիստին, որտեղ քննարկվում էր կալանավորված պատգամավորների վերոնշյալ հարցը, հավելեց. «Այո, ես չեմ մասնակցել եւ դիտավորյալ չեմ մասնակցել, քանի որ ես գիտեի նաեւ Ձեր դիրքորոշումը (Հ. Աբրահամյանը ծիծաղում էր.- Լ.Ս.), ՀՀԿ դիրքորոշումը ես լավ գիտեի: Ես նախաձեռնել էի նաեւ արտահերթ նիստի հրավիրում հենց այդ հարցի վերաբերյալ, բայց Ձեր կուսակցությունը եւ կոալիցիա կազմող մեծամասնությունը տապալեց մեր այդ նախաձեռնությունը: Նաեւ ես կարծում եմ, որ Դուք այս անգամ էլ տապալեցիք մեր գործընկերների նախաձեռնությունը»: Հակադարձելով Զ. Փոստանջյանին, ԱԺ նախագահն ասաց. «Ձեր կարծիքն, իմ կարծիքով` այնքան էլ օբյեկտիվ չէ: Դա ուղղակի Ձեր կարծիքն է, որն ուզում եք ուղղակի հնչեցնել: Բայց ես չեմ տեսնում որեւէ ակտիվ գործնական աջակցություն, որպեսզի այդ գործերն ունենան իրենց ընթացքը»: