Դժգոհություններ քննություններից

09/06/2009

Մեծարգո Նախագահ,

Ձեզ ենք դիմում որպես`
– Հայաստանի Հանրապետության պետականության եւ երկրի ապագայի համար մտահոգ քաղաքացիներ,
– իրենց զավակների հոգեկան եւ ֆիզիկական առողջության, նրանց գոյության, ներկայի ու ապագայի համար ծնողական զգացմունքի ու խղճի, Աստծո եւ Հայոց պետության Սահմանադրության առջեւ պատասխանատու հայ ծնող,
– հայոց լեզվի, գրականության, մշակույթի կենդանի կրող ու փոխանցող հայ մարդ։

Ելնելով մեր անմիջական փորձից եւ վերլուծելով քննության անցկացման կարգը, թեստի բովանդակությունը, ստացված արդյունքների արտառոց պատկերը, քննությանը մասնակցած շրջանավարտների հոգեկան եւ ֆիզիկական վիճակն ու դրանց հետեւանքները՝ երկրի եւ քաղաքացիների համար այս ծանր ժամանակահատվածում, հայտնում ենք, որ 2009թ. հունիսի 5-ին կայացած հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունները եւ դրանց արդյունքները չափազանց տագնապահարույց են: Մենք այդ ողջ գործընթացը Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար համարում ենք հանցավոր եւ գնահատում` որպես՝

1. Ձախողում։

2. Հարված՝ երկրի ու ժողովրդի թիկունքից։

3. Մեր երեխաների՝ երկրի ու իրենց ապագայի հանդեպ տածած հավատի վրա տեղացած աղետաբեր կարկուտ:

Մեծարգո նախագահ,

Նախ ցանկանում ենք հիշեցնել, որ այս տարվա շրջանավարտները ծնվել են հայ ժողովրդի նորագույն պատմության ամենադաժան տարում՝ 1992թ.: Այդ իրողությունը՝ նրանց կրած զրկանքները, թերսնումը, ցրտի ու խավարի մեջ աչք բացելը, ի՞նչ հետք է թողել այս երեխաների հոգեֆիզիկական վիճակի վրա՝ հրաշալի գիտի յուրաքանչյուր ծնող, եւ կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ: Սակայն, չգիտես ինչու եւ ովքեր որոշեցին այդ երեխաներին եւս մեկ անգամ պատժել, «սթափեցնել», փորձության ենթարկել՝ այս անգամ մեծ կյանք մտնելու առիթով:

Կարծում ենք, որ մեր երեխաների պատրաստվածության, գիտելիքների, ունակությունների համեմատ քննության արդյունքները չափազանց ցածր են, հիասթափեցնող ու հուսալքող. գնահատականների հիմնական մասը տատանվում է 8-13-ի սահմաններում, շատ են անբավարար արդյունքները:

Ծնողների, երեխաների, ուսուցիչների, վստահ ենք, նաեւ պետության համար վնասակար է երեւույթի, հատկապես, բարոյական կողմը:

Առկա են՝ ֆինանսական հնարավորություններ, որոշակի դիրք կամ պաշտոն ունեցողների երեխաների՝ այս համատեքստում չափազանց բարձր գնահատականներ ստանալու դեպքեր, որոնք հերքում են քննության հետ կապված ինֆորմացիայի գաղտնիությունը, եւ ընդհակառակը՝ հաստատվում են թեստի պատասխանների առք ու վաճառքի վերաբերյալ ազգաբնակչության մեջ շրջանառվող լուրերն ու տեղեկությունները: Կան դեպքեր, երբ անհամեմատ ցածր ունակությունների եւ գիտելիքների մակարդակ ունեցող որոշ ունեւորների երեխաներ վերին պայծառատեսությամբ լուսավորված՝ հանկարծ ստացել են 19-20 միավոր գնահատականներ, այն դեպքում, երբ կրթության նախարարը հերքում է ինֆորմացիայի արտահոսքի մասին լուրերը: Մեզ մնում է կասկածել վերին ուժերի ազնվության վրա եւ հուսալ, որ գաղտնիության ապահովման նպատակով հարկատուների վճարած գումարներով կատարված ծախսերն ապարդյուն դարձնող մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Գտնում ենք, որ համապատասխան մարմինների կողմից պետք է հետազոտվի, լուսաբանվի այս երեւույթը եւ, որ կարեւորն է, կանխվեն նման դրսեւորումները հաջորդ քննությունների անցկացման գործընթացում:

Կարծում ենք, որ քննության արդյունքները ցածր են հետեւյալ պատճառներով.

1. Որոշ քննական կենտրոններում ստեղծվել է անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, երեխաների հանդեպ անբարյացակամ վերաբերմունք, տարրական կարիքները հոգալու հետ կապված անհարմարություններ՝ իրենց բոլոր հնարավոր հետեւանքներով:

2. Այլ կենտրոններում հնարավորություն են ունեցել միմյանց օգնել կամ խանգարել, ապակողմնորոշել, չեն գործել խոստացած խլացուցիչները։

3. Թեստը ուսումնասիրելով՝ տպավորություն է ստեղծվում, որ այն պատրաստել են ոչ թե սրտացավ ու բանիմաց պրոֆեսիոնալներ, այլ շրջանավարտներին, քննական գործընթացին, ընդհանրապես երկրին վնաս տալու մտադրությամբ գրազ եկած մասնագետներ:

Որպեսզի մեր տպավորությունը չհնչի որպես մերկապարանոց հայտարարություն՝ հիմնավորենք այն.

– Նախ, թեստը իր բնույթով, բովանդակությամբ ու բարդությամբ չի համապատասխանում ԳԹԿ-ի հրատարակած եւ տրամադրած «Հայոց լեզու եւ գրականություն: Պետական, ավարտական եւ միասնական քննության ուղեցույցին»։

– Որակ են կազմում անհասկանալի, դժվարըմբռնելի, խճողված հարցադրումներն ու պահանջները։

– Առկա են հայ գրականության ճանաչողության, ընկալման ու գիտելիքների հետ առնչություն չունեցող ինքնանպատակ հարցեր։

– Հարցադրումներ՝ գրականության դասընթացի ծրագրում չընդգրկված ստեղծագործություններից։

– Հայոց լեզվի քերականությանը վերաբերող հարցերը բարդ են իրենց կառուցվածքով եւ ժամանակատար, հաճախ արդիականության պահանջներին, հայեցի կրթության ու դաստիարակության վերջնանպատակներին աններդաշնակ։

– Փորձել են ստուգել ո՛չ թե գիտելիք, այլ գլուխկոտրուկներ լուծելու հմտություն:

Դիտարկումների այս շարքը կարելի է շարունակել եւ հիմնավորել, սակայն հարկ ենք համարում սրանով սահմանափակվել եւ հավաստել, որ միանգամայն հնարավոր է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական բարեփոխումները ծառայեցնելու ոչ թե ի վնաս, այլ ի շահ երկրի ու ժողովրդի:

Մենք համոզված ենք, որ Հայաստանում կրթական համակարգը եւ նրա շուրջ ձեւավորված հոգեբանական մթնոլորտը տագնապալի են՝ տարբեր պատճառներով, որոնցից մեկն այն է, որ համաշխարհային գործընթացներին ինտեգրվելու ճանապարհին մենք կորցնում ենք մեր լավագույն ավանդույթներն ու իրական արժեքները: Ռացիոնալ եւ կառուցողական սկզբունքներով առաջնորդվելու փոխարեն, մեր մշակույթն ու կրթությունը վերաձեւում ենք ու մտցնում օտար շրջանակների մեջ:

Կարծում ենք, Ձեր անմիջական վերահսկողությամբ՝ նորանշանակ նախարարը լրջորեն կզբաղվի ԳԹԿ-ի գործունեության արդյունավետության, ազնվության, օբյեկտիվության ու նպատակաուղղվածության խնդիրներով: Նրա տխրահռչակ գրահրատարակչական գործունեության անհեթեթությունն ու վնասակար դերը կբացահայտվի ու հիմնովին կվերափոխվի: Ամեն տարի երեխաների ճակատագիրը խեղող, հոգեկան աշխարհը խառնող, ծնողների դժվարությամբ վաստակվող գումարներն ու ժամանակը շռայլորեն պարտակող, երեխաների միտքն ու հիշողությունը աղավաղող՝ սխալներով, թյուրիմացություններով ու անհեթեթություններով լի տասնյակ գրքերի ու ժողովածուների փոխարեն կստեղծվի հակիրճ ու օգտակար, նպատակասլաց մեկ շտեմարան, մեկ ուղեցույց, մասնագետների ընտրության ու պատրաստման, ռացիոնալ ու պրագմատիկ բուհական համակարգ: Խոսքը վերաբերում է նաեւ անորակ դպրոցական դասագրքերին, դպրոցներում տիրող կրթական-դաստիարակչական անբավարար մակարդակին ու բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին: Մի՞թե հնարավոր չէ դպրոցում տալ այնպիսի գիտելիքներ, որ հիմնովին վերանա դասախոսների մոտ պարապելու՝ հիմնականում մեխանիկորեն վարժվելու, համընդհանուր դարձած, ընդհատակյա մասնավոր ինստիտուտը, որի ընդլայնման ու տարածման միտումներն ու տրամաբանությունը քայքայում են կրթական համակարգը: Ավելին՝ դառնալով գիտելիքի ու կրթության հանդեպ անտարբերության հիմնաքարերից մեկը: Իրականում, հասարակության համար միջնակարգ կրթության բովանդակությունը հիմնականում սահմանափակվում է 1-2 տարի դասախոսի մոտ պարապելով, որը կտրված է դաստիարակությունից եւ հիմնարար ու մնայուն գիտելիք չի կարող լինել: Արդյունքում՝ երեւույթը պարարտացնող երկիրն ու հասարակությունն ունի այն, ինչ ունի: Առավել քան համոզված ենք, որ բարեփոխումներ պետք է իրականացնել այս ուղղությամբ:

Վստահ ենք, որ ազգային դպրոցի արդիականացման ու առողջացման դեպքում միանգամայն իրատեսական է, որ յուրաքանչյուր երեխա դպրոցում ստացած իր գիտելիքներով, հանգիստ, առանց հոգեկան ցնցումների ու ավելորդ ֆինանսական ծախսերի, կարող է իր նախասիրություններին համապատասխան կրթություն ստանալ ու դառնալ իր գործի վարպետը:

Ահա այս ուղղությամբ է, որ համատեղ պիտի մտածենք ու գործենք:

Մեծարգո նախագահ, մեկ-երկու օրից մեր երեխաները հանձնելու են նոր քննություններ: Նկատի առնելով այդ առարկաների թեստերի անհիմն բարդության աստիճանը եւս, ու գիտակցելով, որ քննությունների ընթացակարգում եւ թեստերում փոփոխություն կատարելն այլեւս անհնար է, վստահ ենք, որ Ձեր նախաձեռնությամբ կգտնվեն խնդրի լուծման արդյունավետ մեխանիզմներ, եւ մեր երեխաներին հնարավորություն կտաք ինքնահաստատվելու, մասնագիտություն ձեռք բերելու եւ արժանապատիվ ապրելու ու աշխատելու իրե՛նց Հայրենիքում:

Մենք վստահ ենք, որ մեր բողոքի արձագանքը չի ուշանա, եւ Ձեր նախաձեռնությամբ համապատասխան մարմինները ժամ առաջ կզբաղվեն այս չափազանց կարեւոր հարցի լուծմամբ:

Կանխավ շնորհակալություն,

Հարգանքով՝

Երեւանի 2008-2009թթ. մի խումբ շրջանավարտների ծնողներ
Առդիր՝ երկու էջ ծնողների ստորագրություններով: