«Մեզ համար ընտրական պրոցեսն ավարտված չէ, երբ ավարտվի, մեր մյուս քայլերը կանենք: Մենք այսօր իսկ դիմելու ենք վարչական դատարան` ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով»,- երեկ հայտարարեց ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը` պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱԿ-ը մինչեւ հիմա Երեւանի ավագանու խորհրդի 13 մանդատներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ չի ներկայացրել ԿԸՀ: Ըստ նրա, քանի որ ԿԸՀ-ի կողմից իրենց 370 էջանոց դիմումը մերժելուց հետո ՀԱԿ-ը նույն պահանջով դիմելու է Վարչական դատարան, ապա անտրամաբանական կլինի մինչեւ վարչական դատարանի կողմից որոշման կայացումը դիմում ներկայացնել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: Այնուամենայնիվ` Ա. Ավագյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ վարչական դատարանն էլ կմերժի ՀԱԿ-ի դիմումը: Իսկ հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ ՀԱԿ ցուցակի որոշ անդամներ կարող են մանդատները վայր չդնել, Ա. Ավագյանը պատասխանեց. «Ո՛չ, մտավախություն չունեմ, այսօր նման մարդիկ չկան»: Նաեւ հետաքրքրվեցին, թե ՀԱԿ-ը ինչպե՞ս է մեկնաբանում «Ժառանգության» ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, թե ՀԱԿ-ը դեռեւս չկայացած քաղաքական ուժ է, այն ընտրություններին գնացել է չկազմակերպված: Ա. Ավագյանն ասաց, որ այդ պնդումները մեկնաբանման արժանի չեն եւ «Ժառանգության» ներկայացուցիչների անձնական կարծիք ու գնահատական են»: Ա. Ավագյանը նաեւ նշեց, որ իրենց չեն տրամադրում ընտրական փաստաթղթեր՝ իրենց բողոքները քաղվածքներով հիմնավորելու համար: Նրանց դիմումներին գրավոր պատասխանել են, որ դրանք արխիվացվել են, մինչդեռ, ըստ Ավագյանի, օրենքը սահմանում է, որ ընտրական փաստաթղթերը պետք է 7 օր մնան ընտրատարածքային հանձնաժողովում, որից հետո միայն 2 ամսվա ընթացքում արխիվացվեն, եթե դատական վեճ չկա: «Ներկայացված հիմնավորումը ուղղակի աբսուրդի ժանրից է, դա օրենքի բռնաբարում է»,- ասաց Ա. Ավագյանը: