Գիտության ոլորտում միայն թղթի վրա կատարվող բարեփոխումներից դժգոհ
գիտնականներն իրենց պահանջներն են ներկայացնում երկրի ղեկավարությանը:
Մասնավորապես, «բարձրացնել աշխատավարձը եռապատիկ անգամ, կտրուկ բարելավել
համակարգի աշխատողների աշխատանքային պայմանները, որպեսզի հայկական
գիտությունը ծառայի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին եւ անվտանգության
ապահովմանը, ոլորտին հատկացնել բյուջեի ընդհանուր ծախսերի 3 տոկոսը»:
Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի բջջային ակտիվության լաբորատորիայի
վարիչ Յուրի Թադեւոսյանի խոսքերով՝ «Արտասահմանյան կազմակերպություններից
ոչ մեկը շահագրգռված չէ, որ Հայաստանի նման երկիրն ունենա զարգացած
գիտություն: Նրանց դա հեչ ձեռք չի տալիս»: Ակադեմիայի ընդհանուր ժողովում
ՀՀ վարչապետի «Ի՞նչ եք տվել երկրի արդյունաբերությանը» արտահայտությունը
շատ է մտահոգել հատկապես կ.գ.դ. Հրաչյա Հովհաննիսյանին. «Զարմանալին այն
է, որ ոչ մի ակադեմիկոս չգտնվեց, որ ասեր՝ ընկե՛ր վարչապետ, իսկ դուք
արդյունաբերություն թողե՞լ եք այս երկրում: Այն գումարները, որ դուք տալիս
եք, դրանով կարելի՞ է ներդրում անել»: Հայաստանում չի գործում աշխարհում
ընդունված օրինաչափությունը, ըստ որի՝ գործարանները կամ արտադրական
ձեռնարկությունները գիտնականներին պատվիրում են ներկայացնել կիրառելի
որեւէ նորույթ: Ըստ գիտնականների՝ պետությունը պետք է ֆինանսավորի
ֆունդամենտալ գիտությանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու վերաբերյալ խոսակցությունները
ֆիզմաթ գիտությունների դոկտոր Աշոտ Գեւորգյանը դատարկաբանություն է
համարում. «Եթե չեք զարգացնում ֆունդամենտալ մաթեմատիկան եւ մնացած
գիտությունները, ոչ մի ինֆորմացիոն տեխնոլոգիայի մասին խոսք լինել չի
կարող»,- համոզված է նա:
Հ. Հ.