Քննական մարաթոնի թվային մրցուղին

09/06/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հունիսի 2-ից հանրապետությունում մեկնարկել են միասնական եւ ավարտական քննությունները: 37.731 շրջանավարտ արդեն հանձնել է աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, կենսաբանություն եւ հայոց լեզու ու գրականություն առարկաներից քննություններ:

Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություն դիմել է 19.165 դիմորդ` ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մանկավարժական համալսարանի դիմորդները, որոնց հայտերը կազմում են 5298, այսինքն` ՀՀ պետական բուհերի դիմորդների թիվը կազմում է 13.867, որը նախորդ երկու տարիների համեմատ փոքր-ինչ բարձր է: 2007թ. դիմորդների թիվը կազմում էր 13.057, 2008թ.` 13.013: Այս տարի եւս դիմորդների տեղաբաշխմամբ առաջին տեղում է Երեւանի պետական համալսարանը` 4506 դիմորդով, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը` 2348 դիմորդով, երրորդում` Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը: Մյուս դիմում-հայտերը բաշխվում են հետեւյալ համամասնությամբ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` 1731, Երեւանի պետական լեզվագիտական համալսարան` 1072, Երեւանի պետական բժշկական համալսարան` 900, Հայաստանի պետական ագրարային համալսարան` 799, եւ Երեւանի ճարտարաշինարարական համալսարան` 546: Այս ցուցանիշերը նախորդ տարվա համեմատ կրել են որոշակի փոփոխություններ, թեպետ անցած տարի էլ դիմում-հայտերի քանակով առաջին տեղում կրկին ԵՊՀ-ն էր` 4176, երկրորդում` ՀՊՏՀ-ն` 1948 հայտով, իսկ երրորդում` ՀՊՃՀ-ն՝ 1501 հայտով: Մնացած դիմորդների տեղաբաշխումը հետեւյալ տեսքն ուներ` ԵՊԲՀ՝ 960, ԵՃՇՊՀ՝ 522, ՀՊՄՀ՝ 1805, ՀՊԱՀ՝ 966, ԵՊԼՀ՝ 1135: Ընդ որում` 2009թ. եւս ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները մնացել են անփոփոխ: Ինչպես միշտ, ԵՊՀ-ում այն իրավագիտություն բաժինն է` 445, միջազգային հարաբերությունները` 332, անգլերեն եւ գրականություն` 220, իսկ ՀՊՏՀ-ի կառավարում բաժին դիմել է 387 դիմորդ, 367-ն էլ՝ ֆինանսների բաժին: Ինչեւէ, սա ընդամենը դիմում-հայտերի քանակական պատկերն է, որը, բնականաբար, տարբերվում է քննական պատկերից: Այսպիսով, 13.867 դիմորդ հանձնում է միասնական քննություններ: Հունիսի 2-ից 408 դիմորդ (20 հոգի բացակայում էր) հանձնեց աշխարհագրություն առարկայից քննություն: Միասնական այս քննության միջին միավորը 13-ն էր: Այս տարի աշխարհագրություն առարկայից այդպես էլ ոչ ոք 20 միավոր չստացավ, իսկ 17,5-19.5 ստացել են 52 հոգի, 13,5-17,5` 155 հոգի, իսկ նվազագույն միավորի շեմը չհաղթահարեց 30-ը: Նույն օրն ընդհանուր պատմություն առարկայից միասնական քննություն հանձնեց 545 դիմորդ: Բացակաների թիվը 29-ն էր, միասնական քննության միջին գնահատականը` 12: Այստեղ եւս 20 միավոր չարձանագրվեց, իսկ 17,5-19.5 ստացան 54 հոգի, 13,5-17,5` 156 հոգի, 77-ն էլ կրկին չհաղթահարեց դրական նիշի շեմը: Հունիսի 2-ին 1812 դիմորդ էլ հանձնեց քննություն կենսաբանություն առարկայից, որտեղ բացակայողների թիվը 55 էր: Կենսաբանություն առարկայից 20 միավոր ստացել է ընդամենը 1 հոգի: 17,5-19.5 միավոր հավաքածների թիվը 111 էր, 490-ն էլ ստացել են 13,5-17,5 միավոր: Այս քննության դրական նիշի շեմը չհաղթահարողների թիվը անհամեմատ բարձր էր մյուս երկու քննությունների համեմատ` 233 հոգի: Հաջորդ առարկան, որից միասնական քննություն հանձնեցին 12.567 դիմորդ, տեղի է ունեցել հունիսի 5-ին: Ինչպես տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գայանե Մանուկյանը` այս քննության ամբողջ պատկերը պարզ կլինի առաջիկայում: Ի դեպ, այս քննության թեստային դժվարությունների մասին խոսելիս` Գ. Մանուկյանը շեշտեց, որ միասնական քննության թեստը լինում է ոչ հեշտ, եւ ոչ էլ դժվար: Ըստ «Գնահատման եւ թեստավորման կենտրոնի» աշխատակցի` թեստը լինում է միջին բարդության, իսկ կազմողների ինքնությունը, այսպես ասած` ով լինելը, միշտ գաղտնի է պահվում: Իսկ հարցին` արդյո՞ք իրենք դիմում-բողոքներ ստանում են, եւ հիմնականում ի՞նչ բովանդակության են լինում, Գայանե Մանուկյանը պատասխանեց, թե բողոքների բովանդակությունը, ինչպես միշտ, նույնն է` գնահատականների ցածր լինելը: «Այդ դեպքում ծնողները ոչ թե պետք է մեզ դիմեն, այլ այն քննական կենտրոններ, որտեղ երեխան քննություն է հանձնել»,- ասաց Գ. Մանուկյանը: Վերջինս հիշեց տարիներ առաջ բողոք-զանգերից մեկը, երբ դիմորդը ցածր գնահատական ստանալու համար պատճառաբանում էր թռչունների ձայների առկայությունը: Ինչեւէ, քննական մարաթոնի ավարտին դեռ 15 օր կա: Ու դեռ 9608 դիմորդ քննություն կհանձնեն մաթեմատիկա առարկայից, 8220-ը` անգլերենից, գերմաներենից՝ 543-ը, 443-ը՝ ֆրանսերենից, իսպաներենից` 18-ը, իտալերենից` 10-ը, պարսկերենից` 2-ը, ֆիզիկայից` 4725-ը, հայոց պատմությունից` 3573-ը, քիմիայից` 1330-ը, եւ ռուսերենից` 1308 հոգի, որով էլ հունիսի 23-ին եզրափակվելու է քննական մարաթոնը: