Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ամենակարող բուժակ սխտորը
Սխտորը լայն գործածություն է ունեցել դեռեւս մեր թվարկությունից շատ առաջ: Հնում բազմաթիվ հիվանդությունների առկայության ու հակաբիոտիկների բացակայության պարագայում, կարելի է ասել` սխտորն ուղղակի փրկություն էր: Շումերները սխտորաթուրմն օգտագործում էին որպես ջերմիջեցնող միջոց, եփուկը` որպես թուլացնող միջոց, իսկ բացի այս ամենը, սխտորի հիմքի վրա պատրաստում էին միքստուրա, որը զինվորներն օգտագործում էին մարտից առաջ: Անտիկ շրջանի հույն հեքիմները` սխտորը խառնելով օփիումի հետ, օգտագործում էին որպես թմրեցնող միջոց` վիրահատությունների դեպքում, իսկ հին հռոմեացիները, զգուշանալով այն ժամանակ շատ տարածված թույնով լի գավաթից, ապահովության համար խմում էին սխտորաթուրմ` որպես հակաթույն: Անգլիացիներն այն անվանում էին «դժոխքի ծնունդ»:
Ըստ մասնագետների հետազոտությունների` 100գ սխտորը (2-3 գլուխ) իր մեջ պարունակում է 30,8գ շաքարի եւ օսլայի տեսակներ, 6,2 գ սպիտակուց, 1,5գ բջջահյութ, 0,2 գ ճարպ, 0,25գ կալիում, 0,15գ երկաթ, 0,2գ ֆոսֆոր, 0,15գ ասկորբինաթթու: Իսկ վերջերս էլ պարզել են, որ սխտորն իր մեջ պարունակում է բնության մեջ բացառիկ մի էլեմենտ` գերմանիում, ինչն ունի հակաուռուցքային ազդեցություն: Վերը նշվածի կարեւորությունը հասկանալու համար ամենեւին էլ պետք չէ մասնագետ լինել: Դա մեր եւ՛ ուղեղն է, եւ՛ ոսկորները, եւ՛ մեր ատամներն ու ընդհանրապես մեր առողջությունը: Մեզանից յուրաքանչյուրը, եթե ամեն օր ուտի 2 պճեղ սխտոր, կարող է զերծ մնալ հաճախակի մրսածությունից ու վիրուսային վարակներից, թրոմբների առաջացումից, գերհոգնածությունից: Աղեստամոքսային տրակտի աշխատանքը կլինի կարգավորված եւ, վերջապես, որ ամենակարեւորն է` կարող է կանխարգելել չարորակ ուռուցքների առաջացումը:
Շատերը խուսափում են սխտորի գործածությունից նրա սուր հոտի պատճառով: Որպեսզի ուտելուց հետո բերանից հոտ չգա, ատամները լվացեք ատամի մածուկով, այնուհետեւ կերեք մի քանի տեսակ կանաչի` սամիթ, մաղադանոս եւ ռեհան:
– Սխտորաջուրը լավ ախտահանող միջոց կարող է հանդիսանալ: Պատրաստման համար անհրաժեշտ է 200գ սխտորը մանրացնել, 1 ճաշի գդալ աղի հետ լցնել 200մլ եռացրած-սառեցրած ջրի մեջ եւ խառնել: Այնուհետեւ քամել եւ ստացված սխտորաջուրն օգտագործել օրվա ընթացքում պատրաստվող ուտեստների մեջ:
– Եթե ստամոքսի եւ թութքի հետ կապված սուր խնդիրներ չունեք, օրվա մեջ մի փոքրիկ պճեղ սխտոր կուլ տվեք: Նախ այն վերացնում է բերանի տհաճ հոտը, եւ հետո էլ սխտորի մեջ եղած օգտակար նյութերը վերացնում են օրգանիզմում եղած սնկերն ու վնասակար մանրէները:
– Սխտորի պատրաստուկը շատ լավ օգնում է սակավարյունության ժամանակ: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 150գ սխտոր, մաքրել ու տեղավորել 1 լիտրանոց տարայի մեջ, ավելացնել կես լիտր օղի եւ պահել 20 օր: 20 օր հետո քամել ու խմել 20 կաթիլից` օրը 3 անգամ: Թուրմը կարելի է նաեւ օգտագործել 1 բաժակ կաթի հետ:
– 2 ճաշի գդալ ուրցին ավելացնել 1թեյի գդալ ճզմած սխտոր, այնուհետեւ ավելացնել կես լիտր տաք ջուր: Թրմել 2 ժամ ու խմել օրվա ընթացքում: Այս թուրմն իջեցնում է զարկերակային ճնշումը:
– Օրգանիզմի դիմադրողականությունը շատ լավ բարձրանում է սխտորից պատրաստված բալզամով: Այս բալզամը պատրաստելու համար պետք է 3 լիտրանոց տարայի մեջ լցնել 1 կապ թարմ սխտոր, 1 գլուխ հին սխտոր, 2-3 հատ կիտրոն` բաժանած 4 մասի, 3 ճաշի գդալ մաքուր մեղր եւ գինու չոր տեսակ` այնքան, որ ծածկի տարայի մեջ եղածը: Այն 1 ամիս թողնել հով եւ մութ վայրում: Հետո առավոտյան եւ երեկոյան խմել 1 գդալից` քաղցած վիճակում:
– Գլխուղեղի անոթների եւ այլ անոթային սպազմները թուլացնող միջոց է սխտորայուղը: Դրա համար անհրաժեշտ է մեկ գլուխ սխտորը մաքրել, ճզմել ու լցնել շշի մեջ: Ճզմած սխտորին ավելացնել 1 բաժակ արեւածաղկի չզտված ձեթ: Այն դնել սառնարանի ներքեւի մասում ու թողնել 1 օր: Ահա այս սխտորայուղի 1 թեյի գդալին ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնահյութ ու խմել օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման տեւողությունը 1-3 ամիս է: Արդյունքը զգալի է: Կա նաեւ երկրորդ տարբերակը: Անհրաժեշտ է 1 գլուխ սխտորը աղալ ու ավելացնել 1 բաժակ արեւածաղկի չզտված ձեթ: Այն պահել 2 շաբաթ հով եւ մութ տեղում: Օգտագործել ուտելուց 10 րոպե առաջ` 1 ճաշի գդալից: Այն օգնում է նաեւ մրսածության ու գլխացավի դեպքում:
– Կոկորդի ցավի ժամանակ շատ լավ օգնում է սխտորի պատրաստուկով ողողումը: Եռացրած-սառեցրած ջրին ավելացնել 1 գլուխ ճզմած սխտոր ու թողնել, որ մնա ամբողջ գիշեր: Առավոտյան քամել երկտակ թանզիֆով, թեթեւակի տաքացնել գոլորշու վրա ու ողողել բերանը: Բավականին թեթեւացնում է հիվանդի վիճակը: