«Ոսկե ծիրան» փառատոնի նախավերջին օրը ՆՓԱԿ-ում կանադահայ դերասանուհի
Արսինե Խանջյանը հանդիպեց մի խումբ գրողների ու արվեստագետների` կիսվելու
երկրորդ փառատոնի տպավորություններով։
Խանջյանը ցուցադրության էր բերել իր դերակատարմամբ երկու ֆիլմ, իսկ
նրա ամուսինը` Ատոմ Էգոյանը, հրավիրված էր որպես ժյուրիի նախագահ:
Դերասանուհին այս տարվա փառատոնը համարեց մեծ հաջողություն եւ դրվատեց
կազմակերպիչներին առաջին փառատոնի բացթողումները շտկելու համար:
«Հիանալի է՝ Երեւանը զետեղել կինոյի արվեստի քարտեզի վրա։ Հայաստանի մեջ
ստեղծել կինոյի ինստիտուցիոն մը հարկավ շատ լավ գաղափար է, բայց մտահոգ
էինք, ինչպես որ Կառլովի Վարի»։
Խանջյանը վերջերս եղել է Չեխիայում, Կառլովի Վարիի կինոփառատոնում, որն
անցկացվում է 12-րդ տարին: Նա համեմատեց «Ոսկե ծիրանի» մթնոլորտն այդ
փառատոնի հետ. «Երիտասարդները կուգային փառատոնին, գիշերը սինեմաներու մոտ
կքնանային, որ հաջորդ առավոտ տոմս առնեն։ Ուղղակի, երբ մարդիկ կգնան
փառատոներ՝ ֆիլմ դիտելու, արդեն մեծ քայլ է»։
Համեմատություն անցկացնելով` նա ասաց, որ Երեւանի փառատոնը մեկ տարվա մեջ
հսկայական քայլ է արել առաջ։ Անցյալ տարի դահլիճները դատարկ էին, լավ
կազմակերպված չէր, ներկայացված էին միայն հայ ստեղծագործողների գործեր:
«Կմտածեինք Ատոմի հետ՝ հանկարծ Երեւան անցյալ տարվա պես դահլիճները դատարկ
լինեն։ Բայց այդպես չեղավ։ Եթե Կառլովի Վարի 12 տարվա մեջ առաջացել է, ապա
Երեւան մեկ տարվա մեջ հսկա քայլ է արել, հատկապես՝ նկատի ունենալով, որ
նյութականը շատ քիչ է։ Հյուրերը, ֆիլմերի որակը, լավագույն ֆիլմերը եղան,
որ Եվրոպայի մեջ կտեսնենք, եւ հանդիսատեսի մասնակցությունը` բոլոր տոմսերը
ծախված էին։
Ճիշտ է, որոշ կազմակերպչական դժվարություններ կային, բայց դա միայն
փառատոնի խնդիր չի, երկիրը դժվարություններ ունի։ Այսուհանդերձ, հոյակապ
անակնկալ էր, եւ ես ու Ատոմը վստահորեն հետագա տարիներին մասնակից
կդառնանք»։
Դերասանուհին, որը հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝
«Էկզոտիկա», «Արարատ», «Քաղցր ապագա», նշում է, որ Հայաստանը կարող է
միջազգային ասպարեզ դուրս գալ մշակույթի, մասնավորապես` կինոյի միջոցով.
«Պետության համար կենսական է, որ ընդունի. մեր քաղաքականությունը աշխարհին
մեջ պզտիկ բան է, չերեւիր, տնտեսականը ավելի խնդալիք, բայց երբ մշակույթի
զենքով փորձենք, կհաջողինք։ Պզտիկ ինստիտուցիոներու աշխարհի մեջ պետք
չունինք ստուդիոյի ֆիլմի։ Եթե փոքր բյուջեով ֆիլմը հետաքրքրական է,
ֆրանսիացի դիստրիբյուտորը ամեն ջանք կթափի, որ ցուցնե ֆրանսիացիներին»։
Խանջյանը գտնում է, որ կինոարվեստը զարգացնելու համար անհրաժեշտ է
պետական հայեցակարգ մշակել եւ աջակցել երիտասարդ ստեղծագործողներին։
Անհրաժեշտ է, որ պետական բյուջեով ֆինանսավորվեն ոչ թե մեկ-երկու ֆիլմեր,
այլ՝ նույն գումարով բազմաթիվ փոքր բյուջետային ֆիլմեր։ Այդպես Ատոմ
Էգոյանի ֆիլմերի մեծ մասը պետական աջակցությամբ են նկարահանվել։
Ժամանակին Խանջյանն աշխատել է պետական գործակալությունում, որն աջակցել է
կինոյի ու վիդեոյի զարգացմանը, եւ երբ ծնվել է որդին, որոշել է միայն
դերասան մնալ. «Այդ մոդելը ծանոթ է ինձի։ Ստուդիոյի պահանջը հիմա կարող է
չլինել, քանի որ թվային տեխնիկան շատ է զարգացել, եւ թվայինով կարելի է
նույն որակի ֆիլմ նկարել, ինչ որ ժապավենով։ Արվեստագետը հնարավորություն
ունի շատ ավելի համեստ նյութականով 50 հազարի փոխարեն 5 հազար ծախսել եւ
ֆիլմ ստեղծել»։
Խանջյանի կանադական փորձառությունը նկատի ունենալով՝ դրամատուրգ Ալեքսանդր
Հովսեփյանը հարցրեց. «Եթե ես նախագահ լինեմ եւ ձեզ առաջարկեմ՝ թողնելով
արեւմտյան կոմֆորտը, գալ Հայաստանում մշակույթի նախարար լինել,
կհամաձայնվե՞ք»։
Խանջյանն ասաց, որ սիրով կհամաձայնի։
Նրան հարց եղավ, որ Հայաստանը կոռումպացված երկիր է եւ հնարավոր չէ
Կանադայի կամ եվրոպական այլ երկրի պես բյուջեի միջոցներով կինոն
զարգացնել, քանի որ կոռուպցիայի համար նոր դաշտ է բացվում, եւ արդյոք
ավելի հարմար չի՞ լինի սփյուռքի օժանդակությամբ մասնավոր ստուդիաներ
բացել։ Որպես օրինակ՝ ներկայացվեց Սփյուռքի միջոցով ստեղծված Ամերիկյան
համալսարանը, որ կոռումպացված կրթական համակարգի կողքին հազվագյուտ
արդյունավետ գործող հիմնարկ է։
Խանջյանն ու Էգոյանն այցելության ընթացքում երկու անգամ հանդիպել են
նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Խանջյանն ասաց, որ նույն մտահոգությունը
նաեւ նախագահն ունի: Նա նաեւ ասաց, որ նախագահը տեղյակ է, որ կինոյի
զարգացմանը նախատեսված գումարները միշտ չէ, որ հասնում են հասցեատերերին.
«Նախագահն ինքը կպատմեր, կըսեր` մենք տարեկան մեծ գումարներ կուտանք
մեկ-երկու անհատներու ֆիլմեր նկարելու համար, բայց ֆիլմեր տեղ չեն հասնիր,
եւ ինքը կըսե, որ այդ գումարները կդառնան անձնական գումարներ։ Ըսավ`
մշակույթի նախարարները չեն կրնա մշակույթը առաջացնել, ինչպես
տնտեսությունը կառաջանա»։
Սակայն նախագահի մի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել եւ հարց, թե
նա արդյո՞ք պատրաստ է կինոարվեստը զարգացնել։ «Ոսկե ծիրանի» հյուրերի ու
ժյուրիի անդամների հետ հանդիպմանը նախագահն ասել է, որ մեզ ֆելինիներ ու
փարաջանովներ պետք չեն, եւ անհրաժեշտ է կոմերցիոն կինոն զարգացնել. «Երբ
լսեցին նախագահին՝ հյուրերն ապշած դուրս եկան,- ասում է Խանջյանը եւ
փորձում մեկնաբանել,- բայց իրավունք ունի նախագահը։ Եթե որեւէ ռեժիսոր
կըսե՝ ես Փարաջանովին կնկարիմ, կինոն չդարձավ Փարաջանով (Փարաջանովին
նվիրված ֆիլմերն այնքան շատ են, որ նույնիսկ փառատոն է եղել)։ Հիմար չէ
նախագահը, կինոյի նկատմամբ գիտակից էլ չէ։ Հարցն այն է. ինչպե՞ս բացատրել,
որ ամենն ալ կեղծ ֆելինիներ չեն, եւ կամ Փարաջանովը սխալ գաղափարակետ չէ,
այսօր Եվրոպայի մեջ Փարաջանովը պաշտված է»։
Հաջորդ օրը ամուսինները կրկին հանդիպել են նախագահին.«Ես ասի, որ
վտանգավոր եւ սխալ ակնարկ արիք, աշխարհի կինոռեժիսորների աստվածներն են
Փարաջանով ու Ֆելինի»։
Բանաստեղծ Արմեն Շեկոյանն ասաց, որ չարժե նախագահին համոզել, թե ինչ է
պետք. «Նախագահը պարզ ասում է՝ մեզ պետք չի Ֆելինի ու Փարաջանով։
Սովետական ղեկավարներին էլ պետք չէր Փարաջանովը, բայց ոչ ոք չէր գնում
նրանց համոզում, որ պետք է։ Փարաջանով կհայտնվի առանց պրեզիդենտին
հանդիպելու: Հակառակը, հենց հանդիպումների պատճառով չի հայտնվի Փարաջանով»։
Խանջյանը պատմեց նաեւ փառատոնում ցուցադրված «Սաբահ» ֆիլմում իր
դերակատարման մասին. նա խաղում է մի մահմեդական 40-ամյա կնոջ դեր, որն իր
մեջ կոտրելով նահապետական պատկերացումները եւ ընտանեկան արգելքները,
սիրային կապ է ստեղծում մի կանադացու հետ։
«Հարկավ, կինոյի պատմության մեջ տեղ պիտի չգրավի։ Բայց ինձ նյութն էր
հետաքրքիր,- ասում է Խանջյանը: -Սցենարի մեջ հերոսը 40 տարեկան կին էր եւ
ոչ 20, որ հանդիսատեսին ավելի կհետաքրքրեր։ Ռեժիսորը (ծագումով արաբուհի՝
Ռ. Նադա), որ երիտասարդ էր ու մինչ այդ կարճ ֆիլմեր ըրած էր, ըսավ` 40
տարեկանը կնշմարեմ, որ շատ ավելի դժվարությամբ սովորություն կփոխի, քան 20
տարեկանը։ Կուզեմ ցույց տալ, որ 40 տարեկանը կփորձի ինքն իրեն թույլ տալ
փոխվիլ, որ շատ բարդ է»։