Հարկային «բարեփոխումների» փաթեթի մասին աժիոտաժը կարծես մնաց մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրությունների ստվերում։ Խոսքը վերաբերում է հարկայինի՝ խոշոր ընկերություններում իրենց մարդն ունենալու նախաձեռնությանը։
Այս փաթեթի շուրջ խոսակցությունները թերեւս կսկսվեն երկուշաբթի օրվանից, երբ նոր, վերախմբագրված տարբերակը կրկին ներկայացվի ազգընտիրների դատին։ Նախաձեռնությունից դժգոհ գործարար պատգամավորները երեւի նորից կսկսեն քննադատել հարկայինին՝ մի պահ մոռանալով, որ ժողովուրդն իրենց ընտրել է (թեեւ այս բառն այնքան էլ տեղին չէ), որ նրանք պաշտպանեն ընտրողների շահերը, ոչ թե սեփական բիզնեսի։ Նրանց կմիանան նաեւ լրագրողները՝ մեծահոգաբար աչք փակելով նույն գործարար-պատգամավորների՝ մայիսի 31-ին կատարած հերոսությունների կամ հանցավոր անտարբերության վրա։ Խե՜ղճ հարկային։ Եղածը քիչ էր, արդեն սահմանի այն կողմից էլ են քննադատություններ հնչում։ Օրինակ՝ բջջային հեռախոսների առեւտրով զբաղվող «Եվրոսետի» նախագահի կողմից։ «Եվրոսետը» մի քանի խանութ բացել էր նաեւ Երեւանում, եւ, ըստ շրջանառվող լուրերի, մեծ դժվարությամբ։ Ասում էին՝ Հայաստանում «սոտըվիների» ներմուծման մոնոպոլ իրավունքը իր պապենական ժառանգությունը համարող մեկը թույլ չէր տալիս այս ընկերության մուտքը հայաստանյան շուկա եւ «Եվրոսետի» ճանապարհը փակում էր Մաքսային կոմիտեի միջոցով, որը չէր մաքսազերծում հեռախոսները։ Հետո, ինչ-ինչ եղանակներով, ընկերությունը մտավ Հայաստան։ Սակայն առեւտուրը լավ չգնաց, քանի որ «Եվրոսետում» հեռախոսները 10-20%-ով թանկ էին այլ խանութների համեմատ։ Ի՞նչ եք կարծում՝ «Եվրոսետում» չե՞ն իմացել այդ մասին, կամ չե՞ն հասկացել, որ սպառողները կնախընտրեն գնել նույն հեռախոսն ավելի էժան գնով։ Իսկ ինչո՞ւ իրենք էլ չեն իջեցրել գները՝ սնանկացման տանելով իրենք իրենց։ Պարզ է, որ չէին կարող։ Իսկ ինչո՞ւ. չէ՞ որ բոլորն էլ հեռախոսները ներկրում են Արաբական Միացյալ Էմիրություններից, նույն հեռախոսները, նույն ճանապարհով բերում են։ Մնում է մեկ բացատրություն՝ մաքսազերծման համար «Եվրոսետը» ավելի շատ է վճարել, քան մյուս ներկրողները։ Այսինքն՝ մյուսները «լեզու են գտել» մաքսայինի հետ ու մաքսազերծել ապրանքի միայն մի մասը (ինչպես ընդունված է), կամ էլ բջջային հեռախոսը ՀՀ-ի սահմանը հատել է զուգարանի թղթի անվան տակ։ Այժմ «Եվրոսետը» ՀՀ-ում փակել է իր խանութ-սրահները, եւ ընկերության նախագահը ռուսաստանյան պարբերականներից մեկին տված հարցազրույցում փակման պատճառներից մեկն անվանել է ոչ ճիշտ հարկային-մաքսային քաղաքականությունը՝ նշելով, որ «ՀՀ-ում շուկան սեւ է»: Այսինքն՝ ընկերությունը դեռ մի բան էլ զուսպ է եղել. ոչ թե մաքսային կառույցին մեղադրել է կաշառակերության մեջ, այլ նշել է, որ թերի օրենսդրության պատճառով մաքսանենգության ծավալները մեծ են։ Սակայն անգամ այս տիպի «լայթս» քննադատությունից ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն սրտնեղել է եւ հանդես է եկել պարզաբանմամբ։ «Օրերս մամուլում մեջբերումներ հրապարակվեցին բջջային հեռախոսների ներմուծմամբ զբաղվող «Եվրոսետ» ընկերության նախագահի՝ ռուսաստանյան պարբերականներից մեկին տված հարցազրույցից, որտեղ վերջինս ընկերության խանութ-սրահների փակման պատճառներից մեկն անվանել էր ոչ ճիշտ հարկային-մաքսային քաղաքականությունը՝ նշելով՝ «ՀՀ-ում շուկան սեւ է»: Այդ առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հանրապետություն բջջային հեռախոս է ներկրում մոտ 44 խոշոր եւ փոքր ընկերություն, որոնցից եւ ոչ մեկն արտոնյալ կարգավիճակ չունի. բոլորն էլ առանց բացառության վճարում են օրենքով սահմանված հարկերը: Ինչ վերաբերում է կոնկրետ «Եվրոսետի» իրականացրած ներկրումներին, ապա տեղեկացնում ենք, որ ընկերությունը, բջջային հեռախոսները հիմնականում ներկրելով Արաբական Միացյալ Էմիրություններից, ցանկացել է դրանք մաքսազերծել ՄՕ 87 հոդվածի պահանջներին համապատասխան՝ գործարքի գնի մեթոդով, սակայն ռիսկային երկրների շարքին դասվող ԱՄԷ-ում ձեռք բերված ապրանքի գինը չի կարող հիմք ընդունվել գործարքի գնի մեթոդով մաքսազերծման համար: Այս մոտեցումը կիրառվում է ԱՄԷ-ից հեռախոսների ներմուծում իրականացնող բոլոր արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ, ուստի կոմիտեն չէր կարող «Եվրոսետի» համար հատուկ բացառություն կատարել՝ վերջինիս դնելով «արտոնյալի» կարգավիճակում»:
Միասին հասկանանք, թե ինչ է եղել։ Փաստորեն, «Եվրոսետը» ցանկացել է, որ հեռախոսների մաքսային արժեքը որոշվի՝ հաշվի առնելով այն գինը, որը նրանք պաշտոնապես վճարել են ԱՄԷ-ում։ Մերոնք հրաժարվել են, քանի որգ չեն վստահում ԱՄԷ-ին։ Այսինքն՝ ԱՄԷ-ն ռիսկային երկիր է, եւ այդտեղ իրականացված գործարքը ավելի ռիսկային է եւ կասկածահարույց, քանգ ՀՀ-ի մաքսային ծառայության գնահատականը։ Այ քեզ նորություն։
Լավ, ենթադրենք` ԱՄԷ-ին չեք վստահում։ Իսկ, օրինակ, Բելգիային կամ ԱՄՆ-ի՞ն. չէ՞ որ այնտեղից մեքենա ներմուծելու դեպքում էլ մաքսային արժեքը գործարքի գնով չի որոշվում։ Հետաքրքիր է նաեւ 44.000 ներմուծող ընկերությունների հիշատակումը։ Ստացվում է՝ ամեն 4-5 ընտանիքին մեկ ներմուծող ընկերություն է բաժին ընկնում։ Իսկ ամենահետաքրքիր բացահայտումն այն է, որ մաքսային կառույցի համար «արտոնյալներ» չկան: Փաստը, սակայն, այն է, որ «Եվրոսետը» Հայաստանից հեռացել է, եւ աշխատատեղեր են փակվել։ Ու նաեւ փաստ է, որ ընկերության նախագահի հարցազրույցը հաստատ դրական ազդեցություն չի ունենա Հայաստանում օտարերկրյա ներդրողների վրա։ Ցավալին այն է, որ այս դեպքը եզակի չէ. նորմալ, օրինական աշխատող ոչ մի ընկերություն Հայաստանի մասին դրական կարծիք չի ձեւավորի։
Չնայած, մեր իշխանություններին դա չի խանգարում։ Օրինակ, Էկոնոմիկայի նախարարությունը անցյալ տարի մի հայեցակարգ է մշակել՝ իրեն հատուկ, վեհաշուք ու ամբիցիոզ անվանումով. «ՀՀ-ի Գործարար եւ ներդրումային միջավայրի «Գերազանցության կենտրոն» համազգային նախագիծ։ Առաջին էջին էլ գրել են. «ՀՀ-ն պետք է դառնա գործարար եւ ներդրումային միջավայրի «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»՝ տարածաշրջանում լավագույն վայրը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, բիզնես սկսելու ու զարգացնելու համար»։ Գերազանց է գրված։ Ընդհանրապես, Էկոնոմիկայի նախարարությունը՝ համազգային, հավակնոտ ու աշխարհացունց ծրագրերի առումով անգերազանցելի է (գրելու առումով)՝ սկսած Գյումրու տեխնոպարկից, վերջացրած Ջերմուկը զբոսաշրջության կենտրոն սարքելու ծրագրով։ Սակայն մինչեւ այստեղ թղթին են հանձնում իրենց վարդագույն երազները, կառավարության մյուս կառույցների ղեկավարները ջանադրաբար աշխատում են, որ ՀՀ-ում «արտոնյալներ» չլինենգ իրենցից բացի։ Տնտեսության, ներդրումների ու միջազգային հեղինակության հերն էլ անիծած. կարեւորը՝ ԱՄԷ-ից պակաս ռիսկային երկիր ենք։