Այսպես երկար շարունակվել չի կարող

06/06/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները գրեթե բոլորը պնդում էին, թե ընտրակեղծիքներ լինելու դեպքում Հայաստանը վերջնականապես կհեղինակազրկվի: Չնայած արձանագրված մասսայական ընտրախախտումներին, ընտրություններից հետո իշխանություններն ու եվրոպական դիտորդները հայտարարում են, թե այս ընտրությունները «մի քայլ առաջ» էին նախորդ ընտրությունների համեմատ: Ձեր կարծիքով՝ առաջընթաց կա՞, ո՞րն է այդ առաջընթացը:

– Ոչ, կարծում եմ` ոչինչ չի փոխվել: «Մի քայլ առաջ» ասվածն ինչ-որ մարդիկ հորինել են` ինչ-որ բան բացատրելու համար: Քայլն ընտրությունների գնահատման չափանիշ չէ: Այնպես որ` մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ ձեւակերպումներն ավելի շատ երեսպաշտություն է հիշեցնում, քան գնահատական: Երկրորդ. կարծում եմ` որեւէ լուրջ մարդ չէր կարող ակնկալել, որ այս ընտրությունները կարող են լինել ավելի լավը, քան նախորդները: Որեւէ բան փոխելու համար պետք է ինչ-որ աշխատանք արվի, սակայն ակնհայտ է, որ նախորդ ընտրություններից հետո անցած մեկ տարին ծախսվեց փոխադարձ մեղադրանքներ ներկայացնելու, վերացական դատողություններ անելու վրա: Այսինքն` որեւէ լուրջ աշխատանք չարվեց: Անգամ ամենատարրական եւ առաջին քայլը չարվեց. չձեւակերպվեց այն օրակարգը, որով պետք էր աշխատել լավ ընտրություններ ունենալու համար: Երբ անցած մեկ տարվա ընթացքում խոսվում էր իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին, պետք էր նկատի ունենալ հենց դա: Հակառակ դեպքում` երկխոսություն, իրավիճակը շտկելու հետ կապված` անհնար է պատկերացնել: Երկխոսություն՝ չի նշանակում՝ պարզապես նստել եւ խոսել:

– Բայց երկխոսություն սկսելու նախապայմանների մեջ ընտրությունների անցկացման պահանջ որեւէ մեկի կողմից չի ներկայացվել:

– Այո, ճիշտ եք, եւ դա նշանակում է, որ քաղաքական ուժերը ցանկություն էլ չեն ունեցել իրավիճակը բարելավել, որովհետեւ նա, ով նման ցանկություն ունի, պետք է ձեւակերպի խնդիրները, պետք է մշակի ճանապարհներն ու մեխանիզմները, որով էլ պետք է լուծվեն այդ խնդիրները: Եվ քանի դեռ դա չի արվում, նշանակում է, որ բոլորն ընտրություններին մոտենում են մեկ պարզունակ դիրքորոշմամբ` ես պետք է լինեմ իշխանություն: Ուրիշ ոչինչ:

– Կարծես վերջնականապես հաստատվում է այն օրինաչափությունը, որ ընտրական մեխանիզմների կիրառումը իրականում որեւէ արդյունք չի տալիս, քանի որ միշտ «ընտրվում» է իշխանական ռեսուրսների տիրապետող իշխանության թեկնածուն: Այդ դեպքում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ընդդիմությունը:

– Եթե ընդդիմությունն էլ կիրառի նույն մեթոդները, ինչ նախորդ ընտրություններում, իհարկե, նման արդյունք կարելի է ակնկալել: Այսինքն` այն, ինչ տեղի ունեցավ: Հետեւաբար, ՀՀ-ում քաղաքական համակարգի իրական խնդիրը բոլորովին այլ է, քան ներկայացվում եւ ձեւակերպվում է: Իրական խնդիրը հետեւյալն է. ՀՀ-ում դժբախտաբար բազմակուսակցական իրական համակարգ գոյություն չունի: Ավելին` կայացած կուսակցություններ էլ գոյություն չունեն: Անգամ լավատեսության հիմք էլ չկա, թե մոտ ժամանակներս նման բան տեղի կունենա:

– Ասում եք, թե ընտրություններից առաջ չձեւակերպվեց այն օրակարգը, որով պետք էր աշխատել նորմալ ընտրություններ անցկացնելու համար: Սակայն իշխանությունները կարծես մշակել էին «հնարավորինս քիչ կարեւորել այս ընտրությունների նշանակությունը» ռազմավարությունը եւ հենց դրանով էլ առաջնորդվում էին: Ձեր կարծիքով` այդ ռազմավարությունը որեւէ արդյունք տվե՞ց:

– Ժամանակավոր` այո, իհարկե, տվեց: Իշխանության ներկայացուցիչները Երեւանի ավագանու կազմում ունեցան, կարելի է ասել` բացարձակ մեծամասնություն: Սա արդյունք է, բայց, կարծում եմ, որեւէ ողջամիտ մարդու համար սա չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ, բացի այս կամ այն ընտրության արդյունքներից, կա նաեւ իրավիճակ երկրում: Իսկ ընտրությունները նաեւ այդ իրավիճակի արտացոլումն են: Այս առումով, կարծում եմ, որեւէ մեկը չպետք է ինքն իրեն խաբի, թե կարող է նման ձեւով շատ երկար շարունակվել: Բայց նման ճանապարհով փոփոխությունները սովորաբար լինում են ցնցումների ձեւով, ինչն, իհարկե, ցանկացած երկրի համար անցանկալի է:

– Կոնկրետ Ձեզ համար այս ընտրությունները «մեկ քայլ առա՞ջ» էին, թե՞ կես կամ մեկ քայլ հետ:

– Ճիշտն ասած, ես այս ընտրությունների հետ կապված ընդամենը մեկ ցանկություն ունեի, որ հանկարծ էլի զոհեր չլինեն: Այս առումով, թերեւս, լավ է, որ ընտրություններն այսպես ավարտվեցին: Բայց իսկապես չէր կարող առանց աշխատանքի որեւէ լուրջ փոփոխություն տեղի ունենալ: Իհարկե, ընտրությունների անցկացման մեջ ինչ-ինչ փոփոխություն եղել է: Անկեղծ ասած` ես նախկինում չէի լսել, որ որեւէ հանձնաժողովի անդամ դիտորդին սպառնում է, թե ինքը հիմա պետք է մերկանա, եւ դիտորդը պետք է հեռանա տեղամասից, իսկ հիմա լսեցի (խոսքը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ մասին է.- Լ.Ս.): Եթե սա կարելի է փոփոխություն կամ քայլ համարել, ապա դա այլ հարց է: Բայց որեւէ լուրջ բան ես չեմ տեսել, եւ չէր էլ կարող լինել: Ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես եղել է, դեռ մի բան էլ՝ ավելի վատ, եթե աշխատանք չարվի:

– ՀԱԿ-ը հայտարարել է, որ հրաժարվում է ավագանու իր մանդատներից, եւ Երեւանի ավագանին բաղկացած է լինելու իշխանական երկու ուժերից` ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից: Ձեր կարծիքով` այս ավագանին կարո՞ղ է աշխատունակ լինել, առանց ընդդիմության, հակակշռի առկայության:

– Նախ` մանդատներից հրաժարումը դեռեւս տեղի չի ունեցել: Հանրահավաքում արված հայտարարությունը դեռեւս բավարար չէ: Անհրաժեշտ են դիմումներ, ընդ որում` ցուցակի ամբողջ կազմի համար: Դա անհատական գործողություն է, եւ ցուցակի յուրաքանչյուր անդամ պետք է դիմում գրի եւ հրաժարվի: Հետագայում կերեւա` դա կլինի՞, թե՞ոչ: Ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց ուզում եմ արձանագրել, որ առնվազն իրավական առումով դեռեւս նման փաստ չկա: Սակայն շատ ավելի կարեւոր հանգամանք կա. չեմ կարծում, թե մանդատներ վայր դնելը ինչ-ինչ խնդիրներ լուծելու մեխանիզմ է: Հիշում եք` նախորդ գումարման ԱԺ նիստերին մի շրջան մի խումբ պատգամավորներ չէին մասնակցում, եւ դրանից ոչինչ չփոխվեց: ՀՀ-ում, ցավոք սրտի, խորհրդարանական ընդդիմության եւ մեծամասնության վերաբերյալ պատկերացումները շատ պարզունակ են: ԱԺ մեծամասնությունը պետք է ներկայացնի երկրի խնդիրները եւ դրանց լուծումները, իսկ ԱԺ ընդդիմությունը պետք է ներկայացնի այն թերությունները, որոնք ինքը տեսնում է այդ լուծումների մեջ, որպեսզի հասարակությունը կարողանա ճիշտ կողմնորոշվել` նրանք, ովքեր մեծամասնություն ունեն, ճի՞շտ են կատարում իրենց պարտականությունները, թե՞ ոչ: Հրաժարումը, չեմ կարծում, թե այս խնդրի լուծմանը կնպաստի: Եթե խնդիրը վերաբերում է արդյունքների բողոքարկմանը, ապա դրա հետ կապված տարբեր մեխանիզմներ կան: Կարծում եմ` ընդդիմությունը պիտի հասկանա եւ ընդունի, որ ինքն էլ սխալներ արել է այս ընթացքում, որի արդյունքը եղան այս ընտրությունները: Օրինակ, սխալներից մեկն այն էր, երբ ՀԱԿ-ը «Ժառանգությանն» ասաց` ձեր տեղերը ցուցակում սրանք են, եւ վերջ, մենք ձեզ հետ ուրիշ խոսելու բան չունենք: Չեմ կարծում, թե ԱԺ միակ ընդդիմադիր խմբակցություն ունեցող կուսակցությանը նման վերաբերմունք պետք է ցուցաբերվեր: Կամ` այսօր շատ է խոսվում Մալաթիա-Սեբաստիա համայնքի տարբեր տեղամասերում տեղի ունեցած ընտրությունների վատ որակի մասին: Բայց երբ տեղամասային հանձնաժողովները ձեւավորվում էին, հրապարակում եղավ, որ «Ժառանգության» ներկայացուցիչը գտնվում է հիվանդանոցում, եւ թույլ չեն տալիս, որ կուսակցության ներկայացուցիչները նրան այցելեն: Ասացին, որ այդ մարդը տեղամասային հանձնաժողովներում իր կուսակցության կողմից նշանակել է բոլորովին էլ ոչ կուսակցության ներկայացուցիչներին, մյուս ընդդիմադիրները լռում էին: Բայց ակնհայտ էր, չէ՞, որ կարճ ժամանակ անց դա անդրադառնալու է հենց քվեարկության վրա: Կարելի է նման բազմաթիվ օրինակներ բերել: Եթե ընդդիմությունը ցանկանում է ապագայում հաջողություններ ունենալ, պետք է տեսնի ոչ միայն իշխանության, այլեւ իր սխալները:

– Դատելով ընդդիմադիր ուժերի կազմած արձանագրությունների քանակից, այս ընտրություններում ընտրակեղծիքները հասել են առավելագույնի: Սակայն ԵԽ դիտորդների գնահատմամբ` այս ընտրությունները համապատասխանում են «ժողովրդավարության չափանիշներին»: Սա՞ է ժողովրդավարության սահմանումը, եւ մի՞թե եվրոպացիները մեզ այսքան ժամանակ հենց սրան էին հորդորում հասնել:

– Դիտորդներն այն դիտորդները չեն, որոնց մենք ծանոթ ենք: Համապետական ընտրություններին մասնակցում են ԵԽ ԽՎ ներկայացուցիչները, իսկ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են ՏԻՄ Եվրոպական կոնգրեսի ներկայացուցիչները: Այս կառույցը եւս ԵԽ-ի մեջ է մտնում, բայց պետք է հաշվի առնենք, որ սրանք տարբեր են եւ տարբեր քաղաքական փորձ ունեցող մարդիկ են իրականացնում: Երկրորդ` սովորաբար Հայաստանում մարդիկ վատ են կարդում փաստաթղթերը: Այս կամ այն կառույցի փաստաթուղթը մի փոքր այլ լեզվով է գրված լինում, եւ այդ լեզուն տարբերվում է ՀՀ-ի քաղաքական առօրյայում օգտագործվող եզրաբանությունից, հետեւաբար` ընկալումները տարբեր են լինում: Իրենց եզրակացության մեջ իրենք որպես դրական երեւույթ խոսում են կազմակերպչական, այսինքն` նախընտրական աշխատանքների եւ ոչ թե քվեարկության օրվա մասին, ինչն, ընդհանուր առմամբ, կարծում եմ` վերջին տարիների ընտրությունների ժամանակ նկատելի է: Իսկ քվեարկության որակի հետ կապված իրենք իրենց գնահատականը տվել են: Եվ երրորդ` ժողովրդավարություն ասածն ընտրությունների ժամանակ այս կամ այն ձեւով դրսեւորվում է: Որպեսզի երկիրը բավարարի ժողովրդավարական պահանջներին, անհրաժեշտ է ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում լուրջ աշխատանք կատարել, որովհետեւ ժողովրդավարությունը վերացական հասկացություն չէ: Դա վերաբերում է պետական կառավարման համակարգի կազմակերպմանը, դատական, տեղական ինքնակառավարման համակարգին, ԶԼՄ-ներին եւ այլն: Այնպես որ` ժողովրդավարության գնահատականը ձեւավորվում է այս բոլորի հանրագումարով: Քանի որ այս բոլորի աշխատանքն ընդգծված երեւում է ընտրությունների շրջանում, դա է պատճառը, որ ընտրությունների հետ կապված նման գնահատականներ տրվում են: Պետք է կարողանանք տարանջատել այդ գնահատականներն ու ժողովրդավարության իրական մակարդակը երկրում: Իհարկե, կարեւոր են եվրոպական կառույցների գնահատականները, բայց մեզ համար պիտի առաջնահերթ լինի մեկ այլ հանգամանք. մենք կարողանո՞ւմ ենք լուծել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները, թե՞ ոչ: Այս հարցին պիտի պատասխան տանք, մնացածը սրանից հետո է գալու: Տարբեր երկրներ, կառույցներ, այդ թվում` եվրոպական, վերջին ամիսներին խիստ ոգեւորված էին հայ-թուրքական հարաբերությունների ընթացքով, բայց մարդիկ, ովքեր լավ ծանոթ էին իրողություններին, լուրջ վտանգներ էին տեսնում այդ գործընթացի մեջ: Իրադարձությունների զարգացումը, հատկապես ապրիլի 23-ի ԱԳ նախարարների հայտարարությունից հետո, ակնհայտորեն ցույց տվեց, որ մտավախությունները խիստ տեղին էին: Հիմա ի՞նչ` պետք է ասենք, որ եվրոպական կառույցները կամ տարբեր երկրների ներկայացուցիչները լավ գնահատական էին տալիս, ուրեմն` դրանով մխիթարվե՞նք: Ինձ թվում է` շատ ավելի կարեւոր է բուն գործընթացներին տեղյակ լինել եւ առարկայական գնահատումներն ընդունել որպես հիմք` այս կամ այն երեւույթը գնահատելու համար: