Երեկ «Սիլ» կոնցեռնի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը հանդես է եկել Հայաստանում տնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով անհրաժեշտ քայլեր իրականացնելու առաջարկով, որում մասնավորապես ասված է. «Կարեւորագույն խնդիրն արդեն իսկ առկա աշխատատեղերի պահպանումն է: Պետությունը պետք է աջակցի տնտեսավարող սուբյեկտներին՝ չկրճատել աշխատատեղերը, թույլ չտալ գործազուրկների՝ առանց այն էլ ստվար բանակի համալրում: Ընդ որում, յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ հարկավոր է դրսեւորել անհատական մոտեցում: Սկզբունքը պետք է լինի հարկային պարտավորությունների թեթեւացումը: Ամենապարզամիտ մարդը հասկանում է, որ եթե աշխատողը կորցնում է իր աշխատատեղը՝ կանգնում է կործանման եզրին, քանի որ չունի գոյատեւման այլ միջոց` մեր երկրում չի գործում նպաստի ինստիտուտը, եւ գործազուրկները լիակատար անպաշտպան խավ են: Ահա, ուրեմն, հարկային պարտավորությունների, հարկային բեռի թեթեւացմամբ հարկավոր է գործատուին հնարավորություն տալ պահպանել եղած աշխատատեղերը, որ գործատուն հարկադրված չլինի փողոց ուղարկել աշխատողին: Ավելին. նույն այդ հարկային բեռի թեթեւացման միջոցով պետությունը պիտի ծրագրի նաեւ նոր աշխատատեղերի ստեղծումը. կոնկրետ առաջարկ ներկայացնի գործատուին՝ այսքան աշխատատեղ ավելացնելու դիմաց այսքանով կնվազեցվի քո հարկային բեռը: Սա միանգամայն ընդունելի եւ քաղաքակիրթ եղանակ է՝ համատեղ ուժերով ճգնաժամը մեղմելու համար: Մեծ զրկանքներով ու դժվարությամբ, մի կերպ իրենց եւ իրենց ընտանիքի գոյությունը պահպանող մեր քաղաքացիներից շատերը դադարում են սիրել պետությունը, հրաժարվում են հարգել իրենց երկիրը, երազում են լքել իրենց հայրենիքը, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած արհավիրքներին գումարվում է նաեւ բարոյական ճգնաժամը: Հետեւաբար, համեստ կենցաղավարությունը, զուսպ ապրելակերպը, ճոխություններից զերծ մնալը, յուրաքանչյուրի համար օրախնդիր հարց է: Կարծում եմ՝ սոցիալապես խոցելի խավերի պաշտպանվածությունն ապահովելուն միտված քայլերից բացի, չափազանց կարեւոր է մեկ այլ նախաձեռնություն: Պետությունը Կենտրոնական բանկի միջոցով պետք է հնարավորություն տա տնտեսավարող սուբյեկտներին, որոնք օգտվում են վարկային ծրագրերից, երկարաձգելու վարկային ծրագրերի մարման ժամկետները: Եթե, այսինքն, մանր կամ միջին բիզնեսը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գրանցել է իրացման ծավալի անկում, ուրեմն պետք է երկարաձգել վարկերի մարման ժամկետը. ասենք՝ մեկ կամ երկու տարով, որ նա հնարավորություն ստանա մարել վարկերը եւ շարունակել իր բնականոն գործունեությունը: Սա կբացառի տնտեսավարող սուբյեկտի՝ վարկերի ժամկետանց պարտավորություն ունենալը: Անգամ իր արտադրանքի իրացման ծավալի նվազման պարագայում տնտեսավարող սուբյեկտը պիտի չտուժի եւ սնանկացման եզրին չհայտնվի միայն այն պատճառով, որ վարկի մարման ժամկետը սպառվել է: Խոսքը, բնականաբար, առողջ վարկերի մասին է»: