Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք 2005թ. օգոստոսի 11-ին Չեխով փողոցի 29 շենքի մոտ հայտնաբերված Մեսրոպ Մաքոյանի դիակի կապակցությամբ հարուցված քրեական գործին, որի նախաքննական մարմնի հաստատած մեղադրական եզրակացության համաձայն` մեղադրյալներ են ճանաչվել Հրաչ Սահակյանը, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը:
Հիշեցնենք, որ վերջիններիս մեղավորությունը չկարողանալով ապացուցել` քննիչները հիմնականում մեղադրանքը «կառուցել» են կեղծ վկա Մարինե Հակոբյանի կեղծ ցուցմունքների հիման վրա, որոնք, սակայն, հետագայում Մ. Հակոբյանը հերքել է թե՛ նախաքննությամբ, թե՛ դատաքննությամբ եւ թե՛ զանգվածային լրատվամիջոցներով տարածած հայտարարություններով: Բավական ուշագրավ մանրամասներ կան այն մասին, թե ինչպե՞ս են երիտասարդ աղջկան բերման ենթարկել Շենգավիթի ոստիկանություն, ի՞նչ անօրինական գործողություններ են կատարել, ինչպե՞ս են նրան առեւանգել եւ ցուցմունք կորզել քննիչները: Մեզ հաջողվեց գտնել կեղծ վկա Մ. Հակոբյանի մորը` Լաուրա Հակոբյանին, ով այդ դեպքից հետո բնակարանը վաճառել է, Մարինեին ուղարկել է արտերկիր, իսկ ինքն ընտանիքի մյուս անդամների հետ ապրում է հարազատների տանը: «Որ ոստիկանները, քննիչները մեր տեղը չիմանան, դրանցից ենք փախել, անտուն, անհասցե ենք ապրում: Նման բաներ ես միայն կինոներում էի տեսել»,- վկայում է տիկին Լաուրան, ում կյանքը աղջկա գրած կեղծ ցուցմունքների ու դրա հետեւանքների պատճառով վերածվել է իսկական մղձավանջի:
Համաձայն մեղադրական եզրակացության` Ջրվեժ գյուղի բնակիչ (տուժող) Մ. Մաքոյանն Ազատության պողոտայի ավտոկանգառում ծանոթացել է Մարինե Հակոբյանի հետ, եւ մի քանի րոպե զրուցելուց հետո պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են բար-սրճարան: Մոտ մեկ ժամ անց Մ. Մաքոյանը Մ. Հակոբյանին ուղեկցել է տուն, որը գտնվում է Չեխովի փողոցում: Մոտավորապես ժամը 1-ի սահմաններում նրանք հանդիպել են նույն թաղամասի բնակիչներ Հրաչին, Վլադիմիրին, Զավենին եւ Սերոբին (մեղադրյալներին): Հրաչը Մ. Մաքոյանից պահանջել է բջջային հեռախոսը, երեք զանգ է կատարել եւ վերադարձրել է, այնուհետեւ եւս մեկ անգամ հեռախոսը պահանջելով՝ Հրաչն օգտագործել է «արա» արտահայտությունն, ինչի պատճառով վեճ է ծագել: Այդ ընթացքում Մարինեն փորձել է միջամտել, սակայն տղաները շրջափակել են Մ. Մաքոյանին, իսկ Զավենը դանակի յոթ հարվածով սպանել է նրան:
Ինչպես Մարինեն, այնպես էլ դեպքի հետ նրա առնչությունը բացառող բազմաթիվ վկաներ նախաքննությամբ եւ դատաքննությամբ բազմիցս վկայություններ են տվել եւ հաստատել են այդ օրը Մարինեի հիվանդանոցում գտնվելու փաստը: Մարինեն բազմիցս պնդել է, որ կեղծ ցուցմունքը գրել է 7 օր Ոստիկանությունում պահվելու վախի, սպառնալիքի ազդեցության տակ, հետեւաբար՝ մինչ օրս էլ պնդում է, որ չի ճանաչում տուժողին, դեպքին ականատես չի եղել, այդ օրը ամբաստանյալներին չի տեսել եւ ինքը գտնվել է հիվանդանոցում: Ի դեպ, այդ մասին վկայություն են տվել ինչպես հիվանդանոցի բուժանձնակազմը, այնպես էլ Մարինեի հարազատներն ու աշխատակիցները: Իսկ թե նախաքննական մարմիններն ապօրինի ի՞նչ գործողություններ են կատարել երիտասարդ աղջկան դեպքին ականատեսի կարգավիճակ տալու եւ կեղծ ցուցմունքներ կորզելու համար, ներկայացնում ենք նրա մոր` տիկին Լաուրայի պատմած մանրամասնություններով: «Նախ ձեզ վստահեցնում եմ, որ մեր բակում նման դեպք չի եղել, որովհետեւ մենք ապրում էինք առաջին հարկում, մեր պատուհանը հանդիպակաց էր այն փողոցին, որտեղ այդ երեխայի դիակը բերել, գցել էին: Այդ օրը մեր բակում վիճաբանություն, սպանություն չի եղել. սկեսուրս մինչեւ ժամը 1-ը նստած է եղել բակում, եւ նման բան չի կատարվել, իսկ քննիչների սցենարով վիճաբանությունը մինչեւ ժամը
1-ն է սկսվել»,- վստահեցնում է տիկին Լաուրան` հավելելով, որ ամռանն իրենց պատուհանները մշտապես բաց են լինում, եւ, անգամ դրսի խոսակցությունները լսվում են եւ այդ օրը որեւէ վիճաբանության ձայներ չի լսվել: Տաքսի ծառայությունում աշխատող Մարինեն դեպքի օրն աշխատանքից ուղիղ գնացել է Նորքի հիվանդանոց, քանի որ օրեր շարունակ խնամել է զարմուհուն` Տատյանա Մացեգորային: Հիվանդանոցի բուժանձնակազմը հաստատել է դեպքի օրը Մարինեի` հիվանդանոցում գտնվելու փաստը. «Աղջիկս տուն է եկել սպանության դեպքից 3-4 օր հետո, որովհետեւ աշխատանքի վայրից գնում էր հիվանդանոց ու կրկին վերադառնում էր այնտեղ: Եկավ տուն, որ լողանա, հագուստները փոխի ու հաջորդ օրը աշխատանքի գնա: Ես աշխատանքի եմ լինում, հացի արտադրամասում գիշերային հերթափոխի: Ոստիկանությունից գիշերվա ժամը 2-3-ի սահմաններում գալիս ու Մարինեին տանում են բաժին»:
Մինչ այդ, սակայն, թաղամասի բնակիչների միջեւ խոսակցություն է տարածվել, թե վրաերթ է եղել, իսկ, երբ վիճաբանության եւ սպանության մասին իմացել են` շրջանառվել է այլ վայրում տուժողին սպանելու եւ դիակն իրենց բակում գցելու վարկածը, քանի որ վիճաբանություն դեպքի օրը որեւէ մեկը չի լսել, եւ նման միջադեպի ականատեսներ չեն եղել: Ինչեւէ, օգոստոսի 14-ին տիկին Լաուրան աշխատանքից վերադառնում է տուն եւ տեղեկանում է Մարինեին ոստիկանության բաժին տանելու մասին: Անմիջապես գնում է Շենգավիթի ոստիկանություն, հանդիպում է բաժանմունքի պետ Հովիկ Սողոմոնյանի հետ. «Նա ինձ ասում է` Ձեր աղջիկը հերոս ա, պատմել ա, թե սպանությունը ոնց ա կատարվել»: Ապշահար եղած տիկին Լաուրան վկայել է Մարինեի հիվանդանոցում լինելու եւ այդ օրը տանն ընդհանրապես չլինելու մասին. «Ասում եմ` ի՞նչ սպանություն, աղջիկս էդ օրը հիվանդանոցում է եղել, տուն եկել է դեպքից 4 օր հետո, ու դուք նրան բերել եք էստեղ: Դեպքի մասին լսելուց հետո, հաջորդ օրը դեռ մի բան էլ ես եմ զանգել իր աշխատավայր, ասել եմ` Մառ, գիտե՞ս, մարդ են սպանել ու բերել մեր պատուհանի տակ են դիակը գցել»: Թեեւ քննիչները տիկին Լաուրային խոստացել են Մարինեին 2 ժամից տուն թողնել, այդուհանդերձ, նրան Ոստիկանությունում 6 օր պահել են: Այդ օրերի ընթացքում Ոստիկանությունից թույլ չեն տվել Մարինեին առհասարակ տեսնել կամ նրա հետ խոսել, ինչը տիկին Լաուրան բացատրում է հետեւյալ կերպ. «Որ հանկարծ չասեր կեղծ ցուցմունք գրելու մասին, ու ես չմիջամտեի»: Այդուհանդերձ, հասկանալով, որ Մարինեին Ոստիկանությունից հնարավոր չէ տուն բերել, տիկին Լաուրան դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` տեղեկացնելով, որ աղջկան բռնի կերպով պահում են Ոստիկանությունում, եւ կարծիք է հայտնել, որ քննիչները «գործ են սարքում» իր աղջկա դեմ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են եւ տիկին Լաուրայի հետ գնացել են Շենգավիթի ոստիկանություն: «Աղջկաս ասել են` կասես` գիշերն ընկերուհուդ տանն ես եղել, էստեղ չես եղել, թե չէգ Իրանք գալու են, գնան, իսկ դու մեր ձեռքերում ես, միանգամից բերդ կուղարկենք»,- պատմում է տիկին Լաուրան: Հաջորդ օրը Մարինեին Ոստիկանությունից տուն են ուղարկել, ինչից հետո նա լաց լինելով պատմել է, թե ինչպես են քննիչներն իրեն վախեցրել, սպառնացել քաչալացնել, բանտ գցել, որից հետո նա կեղծ ցուցմունք է գրել. «Հասկանո՞ւմ եք, էդ կեղծ ցուցմունքի պատճառով էդ անմեղ տղաները խորտակվեցին: Էդ օրվանից ես ու աղջիկս քուն ու դադար չունենք, հանգիստ չունենք: Ուրիշի կատարած հանցանքի պատճառով անմեղ երիտասարդները չորս տարի բանտում են: Սողոմոնյան Հովիկը, Վարդերեսյան Էդիկը, օպերները էնքան են ճնշում գործադրել, վախացրել, բայց Մարինեն ասել է` հիվանդանոցում եմ եղել, տանը չեմ եղել: Ասել են` ինչ ասում ենք՝ գրի, թե չէ` դու էլ որպես մասնակից՝ իրանց հետ դատվելու ես, մեր ձեռն ա, կուզենք՝ քեզ կծեծենք, կուզենք՝ կսպանենք: Ասել են` հես ա, քննիչ կգա, ինչ կասենք՝ էն էլ կգրես: Քննիչ Կիրակոսյան Ռուբոն թելադրել է, սա էլ գրել է: Աղջկաս աչքի առաջ Կիրակոսյան Ռուբենը կանդալով Զավենի գլուխն արյունլվա է արել, վախից սիրտը վատացել է, դեղորայքով են հանգստացրել: Աչքի առաջ երեխեքին ոտքերից կապել ու սկսել են տշել»: Ի դեպ, հակասական են նաեւ քննիչների «թելադրությունները», քանի որ մի դեպքում Մարինեն տուժողի հետ եղել է դեպքի վայրում, իսկ մյուս ցուցմունքով` պատուհանից նայելով է դարձել ականատես: Ինչեւէ, Մարինեի խոստովանությունից հետո տիկին Լաուրան անմիջապես աղջկա հետ գնացել է Շենգավիթի ոստիկանություն` պարզելու համար, թե ինչո՞ւ են աղջկանից սպառնալիքի ճանապարհով կեղծ ցուցմունք կորզել: Քննիչ, կեղծ ցուցմունք թելադրած Ռ. Կիրակոսյանը տեսնելով տիկին Լաուրային՝ նախազգուշացրել է` «Էլ մի խառնվի, թե չէ աղջկադ կնստացնենք: Ասեցի` ջհանդամը կնստացնեք, եթե իր կեղծ ցուցմունքի պատճառով պիտի անմեղ մարդիկ դատվեն, ավելի լավ է ճշմարտությունն ասի, թեկուզ իրեն դատելու գնով: Անպատվեցի էդ գործ սարքողին ու պահանջեցի դատախազի մոտ մտնել»: Շենգավիթի դատախազ Ջոն Ֆարխոյանին տիկին Լաուրան տեղեկացրել է կատարվածի մասին եւ պահանջել է Մարինեի ճիշտ ցուցմունքը լսելուց հետո այն ընդունել ի գիտություն: Մարինեն պատմել է ճշմարտությունը եւ պնդել է դեպքի վայրում չլինելու, տուժողին չճանաչելու եւ ականատես չլինելու մասին. «Էդ ընթացքում մի քննիչը մտնում էր մոտը, մյուսն էր դուրս գալիս, խառնվել էին իրար, խուճապի մեջ էին: 4-5 ժամ տեւեց ցուցմունք տալը, մեկ էլ Կիրակոսյան Ռուբոն մոտեցավ` հեգնելով, թե` հես ա, աղջկադ ուղարկելու ենք Աբովյանի գաղութ: Ասացի` քիթս տնկած ման կգամ, չեմ ամաչի ճշմարտության համար, կլացեմ կեղծիքի բեռը ինձ վրա կրելիս»:
Այնուհետեւ գործերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն, իսկ տիկին Լաուրան վստահ է եղել, որ Մարինեի ճիշտ ցուցմունքից հետո իրենց ընտանիքը ոստիկանների, քննիչների հետ շփում չի ունենա: Հետագայում պարզվել է, որ քննիչներն, այնուամենայնիվ, բազմիցս գնացել են Մարինեի աշխատավայր եւ կրկին սպառնալով՝ նրան տարել են Դատախազություն՝ ցուցմունք գրելու: Ավելին` հրահանգել են այդ մասին որեւէ մեկին չասել: «Մազերից քաշելով են տարել: Աղջկաս ասում են` հանկարծ մամայիդ չասես, թե չէ վատ կլինի: Մի խոսքով` բոլորից գաղտնի աղջկաս տանում, բերում են էնքան, մինչեւ 22 հատ ցուցմունք է գրում, այնքան, մինչեւ իրենց սցենարը համապատասխանի ցուցմունքին»,- ասում է տիկին Լաուրան: Տեւական ժամանակ անց, դատավարության մեկնարկից առաջ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանը Մարինեին նախազգուշացնում է. «Դատարանից ծանուցագիր կգա, բայց հանկարծ դու դատարան չգնաս ոչ մի դեպքում: Երբ ծանուցագիրը գա` փակ վիճակում ինձ կտաս»: Մոր հետ կիսվելու ժամանակ Մարինեն ասել է` «Մա՛մ, իմ ճիշտ ցուցմունքներն իրենք չեն ընդունում, իրենց ուզածը գրել են տալիս: Իրենց կխաբեմ, կասեմ՝ դատի չեմ գնա, բայց կգնամ դատարան ու ճշմարտությունը կասեմ»: Այդպես էլ անում էգ
Առաջին ատյանի դատարանում Մարինե Հակոբյանը վկայում է ինչպես դեպքին իրեն կեղծ ճանապարհներով մասնակից դարձնելու, այնպես էլ` քննիչների սպառնալիքների, անօրինականությունների մասին: Դատարանում վկայություն տալուց հետո Մարինեի բնակարանը շրջափակվում է ոստիկաններով, հեռախոսը չի դադարում անանուն զանգեր ստանալ: «Ուզում էին էլի տանել, մշակել,- ասում է տիկին Լաուրան: -Օրեր անց աշխատանքի ժամին զանգահարում եմ Մարինեի աշխատանքի վայր, բայց ասում են` չի եկել: Առավոտյան դուրս է եկել տանից, բայց աշխատանքի չի հասել: Հետո վարորդն ասում է, որ մեքենան կանգնեցրել ու Մարինեին բռնի ուժով տարել են Դատախազություն: Վ. Մուրադյանի հրամանով աղջկաս հետեւել են ու ճանապարհից առեւանգել են»: Ինչեւէ, Դատախազություն գնալու փոխարեն՝ տիկին Լաուրան դիմել է լրատվամիջոցներին` հայտնելով, որ Դատախազության քննիչներն աղջկան առեւանգել են կրկին կեղծ ցուցմունք տալ ստիպելու համար:
Մի խոսքով` չնայած Վ. Մուրադյանն արդեն ձեռքի տակ ունեցել է Մարինեի եւս մեկ կեղծ հայտարարություն այն մասին, որ դատաքննության ժամանակ վկայությունը սուտ է եղել, այդուհանդերձ, այդ փաստաթուղթը դատարան չի ներկայացվել միայն մեկ պատճառով. «Արդեն թերթում տպագրվեց, որ Մարինեին առեւանգելով կրկին տարել են Դատախազություն: Բացի դա, վախեցան, որ թերթերում ճիշտը կգրվի, լրագրողները գիտեն: Դրանից հետո ամեն օր ոստիկանները շենքը շրջափակում էին: Առավոտից հետեւում էին, որ Մարինեին տանեն, չէի թողում տանից դուրս գար»: Այդուհանդերձ, Շենգավիթի առաջին ատյանի դատարանում ճշմարտությունն ասելուց հետո Մարինեին մայրն ուղարկել է արտերկիր՝ քննիչների հետապնդումներից ազատելու նպատակով: Չհամակերպվելով այդ ամենի հետ՝ Մարինեն դիմում-բողոք է գրել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարին, որտեղ մանրամասն նկարագրել է իրենից ստացած կեղծ ցուցմունքների մասին: «Ես տեղյակ չեմ եղել սպանության մասին, ականատես չեմ եղել, սպանվածին չեմ ճանաչել եւ գտնվել եմ հիվանդանոցում: Կատարվածի համար ես ինձ չեմ ներում, բայց անկարող էի քննիչների ապօրինի գործողություններին դեմ գնալ»,- գրում է Մարինեն, ով նաեւ արտերկրից է տեսաձայնագրություն ուղարկել, որտեղ մանրամասն նկարագրում է այս քրգործի հետ իր առնչություն չունենալը: «Եթե էս երկրում ճշմարտությունը պահելու համար պիտի նահատակվես, ապա ավելի լավ է ես գնամ մուսուլմանական երկրում ապրեմ: Կինոներում նայում էի ոստիկանների նման գործողությունները, ասում էի` դե կինո ա, էլի: Բայց մեր հետ կատարվածը ուժըս ա, ուժըս: Բնակարանս վաճառեցի ու դրանց պատճառով ընկա դռնեդուռ: Եթե քննիչները որոշել են, որ պիտի անմեղ մարդիկ դատեն, ուրեմն` կդատեն»,- ասում է տիկին Լաուրան:
Հ.Գ. Տիկին Լաուրան եւ ամբաստանյալների հարազատները վստահեցնում են, որ քրործով մեկ այլ կեղծ վկայի՝ անչափահաս Աննա Մուրադյանին քննիչները, չգիտես ինչու, 7 օր պահել են «Ջրաշխարհի կուպեում»: Քննիչ Ռուբեն Կիրակոսյանին գտնել մեզ այդպես էլ չի հաջողվում: Նրա դեմ, մեր տեղեկություններով` երկու անգամ ծառայողական քննություն է կատարվել: Շենգավիթի ոստիկանությունից մեզ միայն ասացին, որ նա այլեւս այդ բաժանմունքում չի աշխատում, իսկ թե որտեղ է նա` չասացին: