Բուժիիչ նամակներ

06/06/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Գիհին (մոժեվելնիկ) ժողովրդական բժշկության մեջ

Գիհին երկարակյաց թուփ է, երբեմն կարող է հանդիպել 300-400 տարեկան գիհի: Այն հաճախ անվանում են մաքուր օդի բնական լաբորատորիա: 1 հեկտարն օրվա ընթացքում արտադրում է 30 կգ ֆիտոնցիդ, որ կարող է մաքրել մեծ քաղաքի օդը մանրէներից: Գիհու պտուղները կոն-պտուղներ են եւ հասնում են երկրորդ տարում: Թփի վրա երեւում են սեւ եւ կանաչ հատապտուղներ: Հասուն պտուղները հյութեղ են, շաքարոտ, հաճելի խեժահամով: Գիհու պտուղները հավաքում են աշնանը` սեպտեմբերի վերջին: Դրանք իրենց մեջ պարունակում են մինչեւ 3 տոկոս եթերայուղ, խեժ եւ օրգանական թթուներ: Կոները հնագույն միջոց են` թուրմի, փոշու, եփուկի տեսքով օգտագործվող նյարդային խնդիրների, հոդացավերի, կանացի հիվանդությունների, մալարիայի, մկնատամի եւ քոսի դեմ: Գիհին միզամուղ թեյի բաղադրիչ է: Պտուղները կարելի է ուտել, դրանք նաեւ ախորժակ գրգռող են եւ նպաստում են մարսողության լավացմանը:

Գիհին չի կարելի օգտագործել մի շարք հիվանդությունների դեպքում. դրանք են` երիկամային սուր բորբոքումները, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոցերը, կոլիտները: Այն խիստ հակացուցված է հղիներին, քանի որ առաջացնում է արգանդի կրճատում, ինչն էլ կարող է վիժում առաջացնել:

Շատ ժողովուրդների մոտ գիհին համարվում է մահը հաղթահարելու եւ հավերժ կյանքի խորհրդանիշ:

Միզուղիների քրոնիկական բորբոքումների ժամանակ շատ լավ օգնում է գիհու կոն-պտուղներից պատրաստված թուրմը: 2 թեյի գդալ մանրացրած կոն-պտուղների վրա լցնել 1 բաժակ ջուր եւ թողնել 3 ժամ: Այնուհետեւ այն ընդունել որպես միզամուղ: Միզուղիների բորբոքմանը կօգնի, եթե հասած կոն-պտուղներից քամած հյութը 1:1 հարաբերությամբ խառնեք մեղրի հետ ու խմեք 1 ճաշի գդալից` օրը 3 անգամ:

Բացի բուժամիջոցներից, գիհին օգտագործում են նաեւ որպես համեմունք: Չորացրած, աղացած կոն-պտուղները (ինչպես աղացած պղպեղն է) կարելի է լցնել մսային արգանակների կամ բանջարեղենային սուպերի մեջ:

***
Մեր մշտական ընթերցող եւ նամակագիր Ջուլիետա Սահակյանը` կարդալով թրթնջուկի բուժիչ հատկությունների մասին, խնդրում է մեկ անգամ եւս անդրադառնալ այդ բույսի հրաշալի հատկություններին եւ առաջարկում բոլորին մատչելի ու փորձված դեղատոմսեր: Օրինակ` թրթնջուկից պատրաստված այս թուրմն օգնում է այտուցված վերջույթներին: Դրա համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ թրթնջուկի մանրացրած տերեւներին ավելացնել 1 բաժակ եռջուր: Հետո ստացված թուրմը խմել օրվա ընթացքում 3 անգամ` ուտելուց 15 րոպե առաջ: Իհարկե, աղերի կուտակումներ ունեցողներին խորհուրդ է տրվում զերծ մնալ թրթնջուկի օգտագործումից:

Թրթնջուկը շատ լավ օգնում է ազատվել չիբաններից: Պետք է պարզապես թարմ տերեւները լվանալ ու դնել չիբանի վրա:

Առհասարակ ճիշտ կլինի թրթնջուկն օգտագործել կաթնամթերքի հետ: Այն եւ շատ համեղ է, եւ շատ օգտակար:

Բնական կոսմետիկ միջոցներ

Առհասարակ կոսմետոլոգիայում լայն կիրառում ունեն սննդային բույսերն ու դեղաբույսերը: Մենք հաճախ ենք տնային պայմաններում գործածում դիմակներ` պատրաստված տարբեր բույսերից, քանի որ այդ բույսերից շատերն իրենց մեջ պարունակում են մաշկի համար անհրաժեշտ ու կարեւոր էլեմենտներ: Ընդհանրապես դեմքին դիմակներ դնելուց առաջ պետք է լավ մաքրել դեմքի ու պարանոցի մաշկն ու հետո իրար հաջորդելով լվանալ տաք ու սառը ջրով: Իսկ դիմակը պետք է անպայման քսել ոչ միայն դեմքին՝ այլ նաեւ պարանոցին: Պետք է հաշվի առնել, որ ամենաառաջին կնճիռներն առաջանում են աչքերի մոտ ու պարանոցի շրջանում: Առաջարկում ենք դեմքի ու պարանոցի համար բուսական մի հիմքով մի քանի դիմակներ. բուժական դիմակի համար անհրաժեշտ է վերցնել խնկածաղկի թարմ խոտեր ու ծաղիկներ, դրանք մաքրել ցողուններից ու կոշտ մասերից եւ տրորելով դարձնել համասեռ խյուսանման զանգված: Այնուհետեւ նույն զանգվածին պետք է ավելացնել մի քիչ զեյթունի ձեթ կամ ձվի դեղնուց եւ մի քիչ մաքուր մեղր: Այս դիմակը պետք է պահել 10-15 րոպե եւ մաքրել դեմքի վրայից օղու մեջ թրջած բամբակով: Խնկածաղիկն ինչ-որ չափով ունի գունավորող հատկություն եւ այդ պատճառով այս դիմակի երկարատեւ գործածումը կարող է տալ լավ արեւայրուքի էֆեկտ:

Լորենու ծաղկի, եղեսպակի խոտի, երիցուկի, դաղձի, կալենդուլայի եւ դաշտային ձիաձետի խառնուրդին (հավասար քանակությամբ) ավելացնել եռջուր եւ 1 օր թողնել փակ ամանի մեջ: Հետո այն քամել, ավելացնել մի քիչ մեղր ու եփած օսլա, որպեսզի ստացվի մածուցիկ քսուք: Այս քսուքը կարելի է առանձնացնել մեկանգամյա օգտագործման չափաբաժիններով, լցնել ապակե տարայի մեջ ու պահել սառնարանում: Մեկ անգամ դիմակ դնելու համար պետք է վերցնել անհրաժեշտ քանակությամբ քսուք, մի քիչ տաքացնել, այնուհետեւ հաստ շերտով քսել դեմքին ու պարանոցին: Այս դիմակը պետք է մաքրել 20-25 րոպե հետո` տաք ջրով: Այնուհետեւ դեմքը պետք է սառը ջրով լվանալ ու չորացնել փափուկ անձեռոցիկով: Այս դիմակն ունի մաքրող ու սնուցող հատկություն: Այն հարթեցնում է մաշկն ու մաքրում դեմքը կորյակներից: Իհարկե, շատ պրոբլեմատիկ մաշկ ունեցողներին, նախքան դիմակը օգտագործելը, խորհուրդ է տրվում դիմել կոսմետոլոգի: