Երեկ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի (ԵՊՏՀ) բակում հավաքված ծնողներին հազիվ թե հետաքրքրեր, որ 15 րոպեից ավելի չի կարելի արեւայրուք ընդունել:
Շուրջ 3 ժամ նրանք շրջապատել էին ԵՊՏՀ-ի այն մասնաճյուղը, որի սենյակներից մեկում գտնվում էին իրենց երեխաները, ովքեր հայոց լեզվի միասնական քննություն էին հանձնում: Հենց բակում էլ զրուցեցինք ծնողների հետ: Նրանցից շատերի կարծիքով՝ գիտելիք ունեցողի համար դժվար չէ քննություն հանձնելը: Շատերն էլ այն համոզման էին, որ քննությունը երբեմն անակնկալներ է մատուցում: «Ես իմ աչքով մոնիտորի վրա տեսա, թե ինչպես են էրեխեքը քննություն հանձնում: Ամեն ինչ շատ նորմալ է անցնում: Մենք ժամը ութից սպասում ենք ու հիմա շատ անհանգստացած ենք»,- ասաց ծնողներից Լիանա Օհանյանը: Մեր զրուցակիցներից գրեթե բոլորը միակարծիք էին, որ քննություններն անցնում են առանց խախտումների: Թեպետ շատերի դիտարկմամբ էլ` պատկերն ամբողջությամբ կերեւա միայն քննությունից հետո: Իսկ քննության արդյունքներից առաջ, ինչպես միշտ, ծնողները մեծ ակնկալիքներ են ունենում: Թեպետ մենք ինքներս էլ գիտենք, որ ծնողների կանխատեսումները սեփական երեխաների մասին երբեմն սխալ են լինում: «Էս քննությունները շատ արդարացի են, ոչ մի կաշառք չկա: Օրինակ, էն մի աղջիկս իր ուժերով ընդունվեց: Էս մեկն էլ կընդունվի ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների բաժինը: Ես լավատես եմ»,- նշեց ծնողներից մեկը: Իսկ աշակերտներից շատերն արդեն դուրս էին եկել քննասենյակից, ոմանք՝ բարձր տրամադրությամբ, ոմանք էլ՝ լացակումած: Չնայած հոգեվիճակների այս տարբերությանը, նրանք բոլորն էլ դժգոհեցին թեստի դժվարություններից ու բարդություններից: «Շա՜տ դժվար էր: Էնքան խառը բաներ էին տվել: Օրինակ, խառը տեքստը դասավորել կար: Չգիտեմ, բայց մի 17 կստանամ»,- ասաց Անժելան: Իսկ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի դիմորդ Մարինե Գալստյանի կարծիքով` թեստի բարդությունների մասին իրենք զգուշացված էին ու ժամանակ ունեին պարապելու: Սակայն դիմորդներից ոմանք էլ անակնկալի էին եկել, երբ թեստում ոչ ծրագրային հարցեր էին գտել: «Գրականության հարցեր կային, որոնք ծրագրում չկային: Ամեն դեպքում ուղեցույցներում չկար»,- ասաց դիմորդը` հուզմունքից վազելով դեպի ծնողները: Վերջինս այդպես էլ չհիշեց, թե որ հարցն էր ուղեցույցից դուրս ու իր թեստում ներառված: Այս մասին նշեց նաեւ դիմորդներից Էմման, սակայն վերջինս նույնպես չհիշեց այդ ոչ ծրագրային հարցերը: Անին էլ այնքան էր հուզվել, որ թեստի մեջ մոռացել էր տարբերակը նշել: Դրսում հավաքվածները նրան հագնստացնում էին, սակայն աղջիկը խաղաղվեց միայն այն ժամանակ, երբ թույլատրեցին ներս մտնել ու տարբերակը նշել: «Բայց արդարացի էր, չէ՞, որ էրեխուն թույլ տվեցին տարբերակը գրել»,- հարցրեց Անիի մայրը` Շուշանյան Ուրարտուհին: Շատ չանցած լացող դիմորդներին միացան նաեւ ծնողները, ովքեր արեւից ոչ թե կարմրել էին, այլ սեւացել: Մինչդեռ բակում ծնողներին հրահանգներ տվող ոստիկանները, ովքեր հսկում էին, որ հանկարծ կարմիր ժապավենից այն կողմ մարդիկ չանցնեն, այն աստիճանի հաճույքով էին լծվել իրենց գործին, որ անգամ դիմորդի ծնողի հետ շփոթեցին լրագրողին: Նրանք, տեսնելով իմ ձայնագրիչն ու լուսանկարչական սարքը, խորհուրդ տվեցին սպասել այնքան, մինչ քննությունն ավարտվի: Այստեղ արդեն հասկանում ես կարմիր ժապավենի ամենազոր դերը: Ոստիկանները ոչ թե իրենց գործն էին անում, այլ պատանեկան «լավ տղա» մտածելակերպն էին ինքնահաստատում: Իսկ քննությունների վիճակագրական պատկերի մասին մանրամասն կխոսենք մեր թերթի հաջորդ համարում:
Ի դեպ, քննությունների արդարացիությունը ես տեսա տարիներ առաջ, երբ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հանձնում էի հայոց լեզվի քննությունը: Այստեղ անմիջապես իմ ետեւի նստարանի դիմորդը, պարզվեց, չափից դուրս շա՜տ հարցեր ուներ: Նրան էր մոտենում հանձնաժողովի անդամն ու անհասկանալի հարցերը դարձնում ոչ միայն հասկանալի, այլեւ տղային հորդորում, որ արագ գրի: Հանձնաժողովականի բարեսիրտ լինելու մասին էլ չեմ կարող չհիշել, երբ մոտեցավ իմ սեղանին: «Աղջիկ ջան, դո՞ւք էլ անհասկանալի հարցեր ունեք»,- հարցրեց նա, ու նորից գնաց ետեւի նստարանի մոտ` տեսնելով, որ միայն ետեւի սեղանի տղայի մոտ են հարցերը: Ու տպավորությունն այնպիսին էր, ասես, այդ տղայի համար Մարսից էին թեստն ուղարկել, ու ինքը մարսյան այբուբենն այդպես չսերտած` գնացել էր քննության: