Եվ այսպես, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման հետազոտության համաձայն, եւս մեկ անգամ ի լուր աշխարհի հայտարարվեց, որ կաշառակերությունն ու կաշառատվությունը խորապես արմատացած է մեր արյան մեջ։
«Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր» կոչվող համաշխարհային հարցման արդյունքները բավականին խոսուն են՝ հատկապես այլ երկրների հետ համեմատության մեջ։ Հարցումն անց է կացվել աշխարհի 69 երկրներում, ավելի քան 73 հազար մարդկանց շրջանում 2008թ. հոկտեմբերից 2009թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում: Հայաստանում հարցումն իրականացվել է հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 5-ը` վրացական «Ջորջիըն Ըփինյն Ռիսըրչ Բիզնես Ինթերնեշնլ» (ԳՈՐԲԻ) կազմակերպության կողմից` 1000 անհատական հարցազրույցների միջոցով:
Նշենք, որ կոռուպցիայի մասշտաբների առումով ընդհանրապես վիճակն աշխարհում լավ չէ. մասնակիցների 54%-ը հավատացած է, որ տեղի է ունենում պետության զավթում (կաշառքի միջոցով ազդեցություն հանրային քաղաքականության, օրենքների ու կանոնակարգերի վրա) գործարար ոլորտի ներկայացուցիչների կողմից։ Ընդ որում, այս ընկալումը, մասնավորապես, մեծ տարածում ունի հարցման մեջ ներգրավված ԱՊՀ պետություններում (այդ թվում՝ Հայաստանում), որտեղ պետության զավթման առկայության վերաբերյալ նշել է հարցման ենթարկվածների ավելի քան 70%-ը:
Ամենաարտահայտիչ (եթե կարելի է այդպես ասել) ցուցանիշը կաշառատվության տարածվածության ցուցանիշն է։
Աղյուսակ 1-ում ցույց է տրված, թե ըստ առանձին երկրների՝ հարցման մասնակիցների քանի՞ տոկոսն է խոստովանել, որ վերջին 12 ամսվա ընթացքում ինքը կամ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկը կաշառք է տվել։
Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 43%` տեղ ապահովելով Ուգանդայի եւ Կամբոջայի արանքում։ Նշենք, որ նախկին ԱՊՀ երկրներից մեզանից ավելի մեծ ցուցանիշ ունի միայն Ադրբեջանը՝ 46%։ Ռուսաստանում հարցվածների 31%-ն է ասել, որ կաշառք է տվել, Ուկրաինայում՝ 21, Բելառուսում՝ 13 տոկոսը։ Իսկ ահա Վրաստանում, որի իշխանությունների մասին մերոնք երբեմն հեգնանքով են խոսում, ընդամենը 2%-ն է ասել, որ վերջին 12 ամսվա մեջ կաշառք է տվել։ Այսինքն, կարելի է ասել, որ կաշառատվության առումով մենք աշխարհի փոխչեմպիոններից ենք։
Պակաս մտահոգիչ չէ նաեւ վստահության պակասը։ Օրինակ, «ինչպե՞ս կգնահատեք ձեր ներկայիս կառավարության գործողությունները՝ կոռուպցիայի դեմ պայքարում» հարցին հայաստանցիների 48 տոկոսը պատասխանել է՝ «անարդյունավետ», 14 տոկոսը՝ «ոչ մի կերպ», եւ միայն 38%-ն է արդյունավետ գնահատել հակակոռուպցիոն գործողությունները։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Սիեռա Լեոնեում կաշառատվությունը ավելի տարածված է, քան մեզ մոտ (62%), սակայն արի ու տես, որ այս երկրում բնակչության 64%-ը արդյունավետ է համարում կառավարության հակակոռուպցիոն քայլերը։ Այսինքն, աֆրիկյան այս երկրում վստահությունը սեփական կառավարության հանդեպ գրեթե 2 անգամ ավելի մեծ է, քան մեզ մոտ։ Իսկ դա, համաձայնեք, որ շատ կարեւոր գործոն է։
Հարցման կազմակերպիչները փորձել են նաեւ ճշտել, թե մարդիկ հետեւյալ ոլորտներից ո՞ր մեկն են համարում առավել կոռումպացված՝ քաղաքական կուսակցություններ, խորհրդարան, մասնավոր հատված, ԶԼՄ-ներ, պետական ծառայողներ, դատական համակարգ։ Հայաստանում ամենակոռումպացվածը, պարզվում է, դատական համակարգն է. այդպես է պատասխանել հարցման մասնակիցների 33%-ը։
Միակ լուսավոր կետը մեզ համար թերեւս այն է, որ հայաստանցիների կեսից ավելին պատրաստ է ավելի շատ վճարել նույն ապրանքի համար, եթե դա արտադրել է կոռուպցիայից զերծ ընկերություն։ Այսինքն, հայաստանցիների կեսից ավելին պատրաստ է սեփական գրպանին վնաս տալու գնով պայքարել կոռուպցիայի դեմ։ Սա իրոք խոսում է ի շահ մեր հասարակության։ Այս առումով, անգամ լեհերն ու շվեյցարացիները մեզանից շատ հետ են. նրանք ավելի շատ են մտածում սեփական շահի մասին. նրանց 30 տոկոսն էլ անգամ պատրաստ չէ ավելի վճարել՝ կոռուպցիան արմատախիլ անելու համար։
Չնայած՝ շվեյցարացիները նման խնդիր չունեն. այս երկիրն ամենաքիչ կոռումպացվածներից է։ Իսկ Հայաստանում, չնայած հայաստանցիների բարի ցանկությանն ու առատաձեռնությանը, կոռուպցիան չի նահանջի, որովհետեւ պետությունն ինքն է հասարակությանը մղում կոռուպցիայի, կաշառատվության ու կաշառակերության (մանավանդ՝ ընտրությունների ժամանակ)։ Այնպես որ, ԹԻ-ի կողմից մեր երկրում հարցումներ անցկացնելն ու դրանց վրա գումար ծախսելը ինչ-որ առումով անիմաստ գործ է. յուրաքանչյուր ընտրությունից հետո մենք այդ պատկերը տեսնում ենք խոշորացույցի տակ։