«Թուրքիան պահպանում է նշված ուղեգիծը»

04/06/2009 Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

– Ինչպե՞ս եք բնութագրում ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս փուլը:

– ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս փուլը հանդիսանում է այն իրողության շարունակությունը, որը ստեղծվել է դեռեւս 1994թ., երբ համաձայնագիր ստորագրվեց զինադադարի մասին, եւ արտաքին ուժերի միջնորդությամբ հակամարտության բոլոր կողմերը (Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը) սկսեցին կարգավորման խաղաղ գործընթացը: Գործընթացի ներկայիս փուլում, որտեղ բանակցություններն ընթանում են արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սեղանին դրված է փաստաթուղթ՝ այսպես կոչված «մադրիդյան սկզբունքները»: «Մադրիդյան սկզբունքները» քննարկվում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբից մի քանի ամիս առաջ, եւ նախագահը ճիշտ որոշում է կայացրել այն մասին, որ անհրաժեշտ է բանակցությունները շարունակել հենց այդ սկզբունքների հիման վրա, քանի որ պաշտոնը ստանձնելուց հետո նախագահը չի առաջնորդվել «մաքուր էջից ամեն ինչ սկսելու մասին» թեզով, ինչը ժամանակին կատարել էր Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը: «Մադրիդյան սկզբունքներն» անթերի չեն, եւ դեռ այն ժամանակ էլ զգացվում էր, որ դրանք ի վիճակի չեն հիմքեր ձեւավորել (թեեւ դրանք կոչվում էին, եւ հաճախ այժմ էլ անվանվում են «հիմնարար սկզբունքներ») հակամարտության բոլոր կողմերի միջեւ կոնստրուկտիվ երկխոսության համար՝ ուղղված հակամարտության գոտում երկարատեւ ու կայուն խաղաղության ձեռքբերմանը: Հարկավոր էր լայն տարածաշրջանային համատեքստում նոր շունչ հաղորդել մեր տարածաշրջանում երկարատեւ ու կայուն խաղաղության իրականացման գործընթացին: ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը կառուցվել է տարածաշրջանի բոլոր երկրների` այդ թվում նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հավասարության սկզբունքով կառուցված հարաբերությունների անհրաժեշտության գիտակցմամբ, որն ամենեւին չէր ենթադրում եւ այժմ էլ չի ենթադրում ԼՂՀ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների փոխկապվածություն: Նախագահն իր վրա հսկայական պատասխանատվություն վերցրեց` գիտակցելով հնարավոր ներքաղաքական բարդությունները ՀՀ-ում, արտաքին քաղաքական բարդությունները տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս: Կար անհրաժեշտություն ցույց տալու թե՛ մեր հասարակությանը, թե՛ ԼՂՀ խնդրի կարգավորմանը մասնակից այլ երկրներին, որ խաղաղ կարգավորման նախորդ գործընթացը, որի արդյունք էին նաեւ «մադրիդյան սկզբունքները», չի կարող տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք ծառայել, եթե չլինեն այլ գործոններ եւս: Հարավային Կովկասի ներկայիս իրողությունում «մադրիդյան սկզբունքների» իրականացումն իրականում փակուղի է, որի վերջնագծում կրկին զինված հակամարտություն է, քանզի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը, իսկ Ադրբեջանի հետ մեզ համար ոչ նպաստավոր «մադրիդյան սկզբունքների» հիման վրա բանակցությունները շարունակելու հայկական կողմի պատրաստակամությանը եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը չեն կարողանում համարժեք կոնստրուկտիվ մոտեցումներ ցուցաբերել ու հանդես գալ կանխատեսելի գործընկերների դիրքերից, որոնք պատրաստ են կատարելու նախորդ պայմանավորվածությունները: Ավելին, նրանք նման իրավիճակը դիտարկում են որպես հայկական կողմի թուլություն եւ խստացնում են իրենց դիրքորոշումները, ուստի հասկանալի է, թե ինչ կլինի մի այնպիսի իրավիճակում, երբ հակամարտության գոտու ստատուս-քվոն ձեւափոխվի ադրբեջանցիների համար միանշանակորեն շահավետ ձեւաչափի: Մենք բոլորին հնարավորություն տվեցինք կոնստրուկտիվ դերակատարում դրսեւորելու, սակայն այդ հնարավորությունից չօգտվեցին առաջին հերթին Թուրքիան եւ Ադրբեջանը: Փոխարենը ընթացիկ տարվա ապրիլի 24-ից հետո Թուրքիան բացահայտ շեղվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից ու թե՛ հայտարարություններով, թե՛ անմիջական գործողություններով վերադարձավ իր «կրտսեր եղբորը» միանշանակորեն սատարելու նախորդ գործելաոճին: Նկատելի է նաեւ, որ ապրիլի 24-ից հետո ԱՄՆ զգալիորեն նվազեցրել է համապատասխան հարցերի նկատմամբ իր ուշադրությունը: Իսկ Ադրբեջանի մասին նույնիսկ խոսելն ավելորդ է. հակամարտության գոտում վստահության հաստատման համար որպես հուսալի գործընկեր հանդես գալու հարցում նա ավելի կատեգորիկ, ավելի քմահաճ ու անխոհեմ (անմեղսունակ) դարձավ: Մենք նրանց շանս տվեցինք` գիտենալով, որ դա անհրաժեշտ է անել տարածաշրջանում իրավիճակի անցանկալի զարգացումները կասեցնելու համար, միաժամանակ՝ մեր հասարակությանը դրանց նկատմամբ լրացուցիչ իմունիտետ հաղորդելու նպատակով, ինչպես նաեւ տարածաշրջանում ուժերի եւ շահերի իրական բաշխման մասին միջազգային հանրության կողմից ավելի ճշգրիտ պատկերացումներ ձեւավորելու համար: Դա արեց ՀՀ նախագահը, քանի որ նա առաջնորդվում էր հետեւյալ սկզբունքով. «եթե ոչ ես, ապա ո՞վ կվերցնի պատասխանատվության այդ բեռը»:

– Ս. Սարգսյանը քննադատության արժանացավ ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլ նաեւ իշխանական կոալիցիայի նախկին գործընկերների ու նախկին պաշտոնատար անձանց կողմից, ովքեր երկար տարիներ անմիջականորեն զբաղվել էին արտաքին քաղաքականության հարցերով: Եթե առաջին երկու խմբերի դիրքորոշումների պատճառները կարելի է հասկանալ, ապա ինչպե՞ս եք գնահատում մեր հասարակության այն հատվածի քննադատությունը, որը դեռ վերջերս գտնվում էր ՀՀ արտաքին քաղաքական ղեկի մոտ:

– Ներկայիս իշխանություններին քննադատելը, կարծես, բնական գործառույթ է դարձել: Դա անում է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ այն անձինք, ովքեր նախկինում ղեկավարում էին արտաքին քաղաքական ոլորտը: Վերջինների քննադատությունը երբեմն կրում է կոնստրուկտիվ բնույթ` թեկուզ ելնելով այն փաստից, որ նրանց ձեռքում է գտնվել այնպիսի հարցերի ղեկը, ինչպիսիք են ԼՂՀ խնդրի կարգավորումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարեփոխումը: Սակայն, նրանց արտահայտած շատ մտքերի հետ մենք չենք կարող համաձայնվել: Օրինակ, ՀԳ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը եզրակացնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խորացել է մեզ համար ոչ շահավետ ուղղությամբ, եւ որ այդ գործընթացը կարող է ունենալ եւ արդեն անմիջական ազդեցություն ունի ԼՂՀ խնդրի կարգավորման վրա: Նրա կողմից ասվում է նաեւ, որ ստեղծված իրավիճակում հայ-թուրքական սահմանի բացման հարցը բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում նաեւ ՀՀ-ի համար հանդիսանում է «պատասխանատվության ու հեղինակության հարց»: Այդպիսով, ուղղակի կամ անուղղակի կերպով նշվում է, որ երկու գործընթացները (ԼՂՀ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները) ընթանում են խիստ փոխկապակցված եւ նույնիսկ միմյանցով պայմանավորված ուղիներով: Մինչդեռ ակնհայտ է ներկայիս քաղաքական ղեկավարության արագ արձագանքման փաստը մի իրավիճակում, երբ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Թուրքիան միանշանակորեն իր ընտրությունը կատարել է հօգուտ Ադրբեջանի պահանջներին սատարելու դիրքորոշմանը եւ դրանով իսկ կորցրել է այդ կարգավորման մեջ որպես կոնստրուկտիվ ուժ հանդես գալու իր հնարավորությունը: Մենք համաձայն ենք, որ երկու հարցերը միմյանց հետ շաղկապված են, սակայն այդ կապը կրում է միջնորդավորված բնույթ: Այդպիսին է մեր տարածաշրջանը, որտեղ նման մասշտաբի բոլոր հարցերը չեն կարող միմյանց հետ փոխկապակցված չլինել: Սակայն նման փոխկապակցվածության նկատմամբ սեփական վերաբերմունքի փորձարկման միջոցով էլ հենց ուրվագծվում են այս կամ այն կողմի իրական մտադրությունները: Թուրքիան ցանկանում էր նման փոխկապակցվածությունից առավելագույն շահ ստանալ, ընդ որում, Ադրբեջանի հետ լիարժեք համաձայնության դիրքերից: Դրանով իսկ նա չանցավ տարածաշրջանում կոնստրուկտիվ դերակատար լինելու թեստը, որը ենթադրում էր հանուն համընդհանուր շահի Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն հաստատելը: Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը չգնացին իրենց նախկին ուղեգծերի վերանայմանը, ապա ինչո՞ւ է դա Հայաստանից ակնկալվում, մասնավորապես, այնպիսի սկզբունքային հարցում, ինչպիսին է ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի փոփոխությունը: ՀՀ-ի համար պատասխանատվության ու հեղինակության հարց եղել եւ մնում է ոչ թե Թուրքիայի հետ սահմանի բացումը, ինչպես կարծում է պարոն Օսկանյանը: Այն մենք չէ, որ փակել ենք, ուստի այս հարցում մեր նկատմամբ «դա հեղինակության խնդիր է» ձեւակերպման կիրառումը անտեղի է: ՀՀ-ի համար պատասխանատու մոտեցման ու պատվի հարցը Թուրքիայի իրական մտադրությունների բացահայտումն ու ցուցադրումն է միջազգային հանրությանը, եւ այդ հարցում մենք այդ խնդիրը ընդհանուր առմամբ լուծել ենք: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայոց ցեղասպանության ճանաչման ու տարածքային փոխհատուցման պահանջների հետ այնպիսի հարցերի կապակցումը, որպիսիք են դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը եւ հայ-թուրքական համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, ապա պետք է ասել հետեւյալը: Մենք երբեք հարցականի տակ չենք դրել Թուրքիայի կողմից իր անցյալի հետ հաշտվելու անհրաժեշտությունը, ինչը կարող է տեղի ունենալ, միայն եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը եւ դրանից բխող` հայ ժողովրդին փոխհատուցման անհրաժեշտությունը: Վերոհիշյալ հնարավորությունը վերաբերում էր Թուրքիայի` Հայաստանի հետ փոխադարձ վստահություն ստեղծելու նպատակով իր համար ընդունելի ռեժիմ հաստատելու միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ բարոյական ու տարածքային փոխհատուցմանը հանգելու հնարավորությանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է դեռ ՀՀ նախորդ իշխանությունների օրոք: Այդ գործընթացում առկա էին փուլեր, որոնց շրջանակներում ձեռք էին բերվել որոշակի պայմանավորվածություններ: Այն, որ ներկայիս փուլը նշանավորվեց փաստաթղթի ստորագրմամբ, որն անվանվեց «ճանապարհային քարտեզ», ամենեւին չի նշանակում, որ այս փուլը պետք է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նախորդ փուլերից անջատ: Իմ կարծիքով, այդ գործընթացի հենց անորոշ գծի շարունակությունը կարող էր դեստրուկտիվ հետեւանքներ ունենալ տարածաշրջանում հայկական շահերի ամբողջ սպեկտրի վրա: Պետք էր որոշակիության հանգել, եւ մենք դա արեցինք դեկլարատիվ փաստաթղթի ստորագրմամբ, որն ավելի շուտ կրում է տեխնիկական, քան քաղաքական բնույթ: Սակայն նույնիսկ այդ փաստաթուղթը ՀՀ-ում առաջացրեց ներքաղաքական զգալի վիճաբանություններ, իսկ Թուրքիայի դիրքորոշման մեջ` նկատելի շրջադարձ, որը եւ որոշեց ուժերի ու շահերի իրական բաշխվածությունը մեր տարածաշրջանում: Այդ բաշխվածությունը բացահայտեց ամենակարեւորը: Ներկա փուլում որեւէ առաջընթաց թե՛ հայ-թուրքական հարաբերություններում, թե՛ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում պարզապես հնարավոր չէ: Այս առումով նշված երկու հարցերը նման են միմյանց, եւ եթե ինչ-որ մեկը խոսում է ընթացիկ պահին դրանց փոխկապակցվածության մասին, ապա մենք դրա տակ հասկանում ենք հենց այն, որ դրանք շաղկապված են ներկա փուլում եւ տեսանելի հեռանկարում իրենց անլուծելիությամբ` Թուրքիայի եւ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով:

– Մայիսին Վ. Օսկանյանը հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ դարձել է հիմնական դերակատար ԼՂՀ հարցում: Եվ նա դիտարկում է դա, որպես Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական ուղեգծի բացասական հետեւանքներից մեկը: Բացի այդ, նա պնդում է, որ ԼՂՀ հարցը երբեք չի եղել առաջնահերթ քննարկումների առարկա այնպիսի ձեւաչափերում, ինչպիսին են ռուս-թուրքականը կամ թուրք-ամերիկյանը, իսկ այժմ դա առկա է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս արտահայտությունները:

– Այո, մենք ծանոթ ենք այդ թեզերին: Գտնում եմ, որ դա իրավիճակի պարզեցում է, որի նպատակը այս հարցերում անբավարար տեղեկացված ունկնդրի մոտ տպավորություն ստեղծելն է: Թուրքիան ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի հետ հիմնական դերակատար չի դարձել: Դա իրողության միանշանակ խեղաթյուրում է:

Թուրքիան ԼՂՀ խնդրի կարգավորմանը առնչվում է թերեւս այն փաստի բերումով, որ նա մտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների կազմի մեջ, սակայն, ինչպես գիտեք, այդ խմբի աշխատանքն ամբողջովին կենտրոնացված է համանախագահների ինստիտուտի շրջանակներում: Իհարկե, Թուրքիան ԼՂՀ խնդրի կարգավորման մեջ միշտ ձգտել է ունենալ հավասար, կամ նվազագույնը առաջատար դերերից մեկը: Սակայն, կրկնում եմ, նա նման դերակատար չի դարձել: Իսկ այն, որ ԼՂՀ հարցը դարձել է առաջնահերթ քննարկումների առարկա այնպիսի երկկողմ հարաբերությունների ձեւաչափերում, ինչպիսիք են ռուս-թուրքականը եւ թուրք-ամերիկյանը, ապա դա միայն մի բան է մատնանշում: Աշխարհը մեկ անգամ եւս համոզվեց, որ ԼՂՀ հակամարտությունը միջազգային նշանակության հակամարտություն է, որում խաչվում են այնպիսի գլոբալ ու տարածաշրջանային դերակատարների շահերը, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը: Այնքան էլ կարեւոր չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը դարձել է այս ձեւաչափերում քննարկվելիք կենտրոնական թեմաներից մեկը, կարեւորն այն է, որ այս քննարկումների մասնակիցները ավելի ու ավելի են հանգում այն եզրակացության, որ այս հարցը որքան ասես կարող է քննարկվել, սակայն որոշումը կայացվելու է միայն Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, ընդ որում, կարգավորման առավել սկզբունքային հարցերի շուրջ միմյանց միջեւ պետք է պայմանավորվեն հենց Ադրբեջանն ու ԼՂՀ-ն: Այն անձինք, ում մասին Դուք հիշատակեցիք, նշում են, որ ԼՂՀ հարցի քննարկման երկկողմ ձեւաչափերում ակնառու դարձավ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման կապակցման փաստը: Կարծես թե մինչ այդ Թուրքիան երբեք չէր հայտարարել, որ ՀՀ-ի հետ իր հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն պայմանավորում է իր պատկերացման շրջանակներում ԼՂՀ խնդրի կարգավորման փաստով: Թե ինչ ի նկատի ունեն նման կարգավորման տակ, կարծում եմ, չարժե բացատրել: Իր հերթին հենց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարի կողմից Դաշտային Ղարաբաղի վերահսկվող տարածքների վերաբերյալ արված որոշ հայտնի ձեւակերպումներն են թուրքերին ու ադրբեջանցիներին հույս ներշնչել ծրագրելու կարգավորումը սկսել հենց «օկուպացված տարածքներից» հայկական ուժերի դուրս բերումով:

Թուրքիան անցած 15 տարիների ընթացքում, բոլոր հնարավոր արտաքին քաղաքական ձեւաչափերում, որոնք այսպես թե այնպես շոշափում են ղարաբաղյան խնդրի կարգավորումը, ՀՀ-ի հետ իր հարաբերությունները պայմանավորում էր երեք գործոններով. Հայոց ցեղասպանության ճանաչում, ներկայիս սահմանների ամրագրում եւ ԼՂՀ խնդրի կարգավորում: Ուստի տարօրինակ են հնչում մի մարդու խոսքերը, ով պետք է լիովին տեղեկացված լիներ այդ տարիների արտաքին քաղաքական բոլոր նրբությունների մասին, երբ հայտարարում է, որ ՀՀ նոր ղեկավարության օրոք այս առումով մեր համար սկսեց ձեւավորվել միանշանակ բացասական իրավիճակ: Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պահպանում է նշված ուղեգիծը: Միգուցե փոխվել են շեշտադրումները, սակայն թուրքական ուղեգիծը շարունակում է մնալ նույնը, որը կար եւ՛ 1993թ., եւ՛ 1998թ., եւ՛ 2008թ.: Այլապես թող բարի լինի պարոն Օսկանյանը մատնանշել այն գիծը (դրական), որին իր գերատեսչությունը հասել էր ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում, եւ որից այս իշխանությունները, Օսկանյանի խոսքերով ասած, նահանջ են արձանագրել:

– Ս. Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ կարգավորման մեջ հայկական կողմի համար կարեւոր հարցը է հանդիսանում ԼՂՀ կարգավիճակը: Արդյո՞ք սա չի հանդիսանում ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի ուղեգծի վերանայում:

– Չեմ կարծում, թե այս պարագայում կարելի է խոսել ուղեգծի վերանայման մասին: Չի կարելի հարցը դնել նման արմատական ձեւով: Ավելի շուտ, նախագահը վերջնական պարզեցում մտցրեց մեր դիրքորոշման մեջ` ընդ որում` դա կատարելով ԼՂՀ խնդրի կարգավորման առավել հարմար ու տեսանելի պահին: Հակամարտության գոտում զինադադարի մասին համաձայնագրի ստորագրումից անցել է 15 տարի: Ազգերի ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի ամենակարեւոր սկզբունքներից մեկն է, որն անմիջականորեն համադրելի է ղարաբաղյան հակամարտության իրողության հետ: Ակնհայտ է նաեւ, որ այս սկզբունքի ցանկացած հիշատակում գործնականում ինքնաբերաբար հանգեցնում է մեկ այլ սկզբունքի հիշատակմանը՝ երկրի տարածքային ամբողջականությանը: Միեւնույն ժամանակ, վերջին 15 տարիների ընթացքում արված մշտական հիշատակումները ազգերի ինքնորոշման իրավունքի մասին ադրբեջանական կողմին անուղղակիորեն տեղ են թողնում անելու հետեւյալ շահարկումները. «մենք պատրաստ ենք ԼՂՀ հայերին տրամադրել ամենալայն ինքնավարություն, ինքնավարության ամենալայն աստիճան, սակայն Ադրբեջանի կազմում»: Չէ որ ինքնավարությունը կարող է ունենալ ամենալայն ինքնավարություն տրամադրելու բնույթ, ինչի մասին անհեռանկարային ձեւով այս տարիներին հայտարարում է Ադրբեջանը: Այս թեզից հետո Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացության մասին պնդումը չի կարող համադրվել ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ, որը անհրաժեշտ ուշադրության չէր արժանանում կարգավորման միջնորդ ուժերի կողմից: Այդ սկզբունքների հարաբերակցության, դրանց հակասական չլինելու մասին անհեռատես վիճաբանության փոխարեն անհրաժեշտ էր հստակ ու աներկիմաստորեն նշել մեր դիրքորոշումը, որն, ի դեպ, ամբողջովին համընկնում է ԼՂՀ դիրքորոշման հետ, այն է` կարգավորման առաջին եւ գլխավոր հարցը ԼՂՀ պետականության կարգավիճակի միջազգային ամրագրումն է: ԼՂՀ իշխանությունները այս տարիների ընթացքում գործնականում հակամարտության միակ կողմն էին, որոնք միշտ եւ ամենուր սկզբունքորեն խոսում էին այն մասին, որ իրենց համար կարգավորման գործընթացը իրատեսական ու կոնստրուկտիվ կլինի միայն այն դեպքում, երբ բանակցությունների օրակարգի առաջին կետում դրվի ԼՂՀ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարցը: Այդ մասին ՀՀ նախագահը հայտարարել է բոլորովին վերջերս, հենց այն ժամանակ, երբ բոլորի համար պարզ դարձավ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է անհեռանկարային ուղիով: Եվս մեկ կարեւոր հանգամանք. որեւէ մեկը չի կարող մատնանշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ անգամ քննադատորեն անդրադարձել է նախորդ ղեկավարության արտաքին քաղաքական ուղեգծին: Նման բան չի եղել: Մինչդեռ շատ լուրջ բացթողումներ են եղել, որոնց շուրջ նախորդ իշխանությունները պետք է լրջորեն մտորեն: Եթե խոսելու լինենք ԼՂՀ խնդրի կարգավորման մասին, ապա, իմ կարծիքով, նման բացթողումներից մեկն այն է, որ մեր փաստարկային ջանքերը գործնականում ամբողջովին ուղղված են եղել միջազգային ունկնդրին, մենք միջազգային հանրությանը ապացուցում էինք մեր ճշմարտացիությունը եւ մեր գործողությունների արդյունավետությունը, եւ, եթե կարելի այդպես արտահայտվել, գնահատում էինք մեր գործողությունների օգտակարության գործակիցը միջազգային արձագանքներով: Մենք չէինք աշխատում մեր հասարակության հետ եւ այժմ բախվել ենք` ՀՀ-ի հասարակական-քաղաքական դաշտում ղարաբաղյան հարցի շուրջ միասնական դիրքորոշման բացակայության փաստին: Մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ ՀՀ նախագահի գործողությունները պետք է դիտարկել ավելի խորը համատեքստում, եւ այս հարցում գլխավոր նպատակներից մեկը եղել է հենց մեր միասնական դիրքորոշման համար հիմքերի ճշգրտումը ինչպես Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների հեռանկարի կառուցման, այնպես էլ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: Մոտ ժամանակներս ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ ես առավել հայեցակարգային տեսակետ կներկայացնեմ մեր հասարակությանը: Հուսով եմ, որ դրանից հետո շատ հարցեր, որոնք այսօր «մնացին կադրի ետեւում», կստանան իրենց պատասխանները: Մեր հասարակությունը իրավունք ունի տեղեկացված լինել ԼՂՀ խնդրի կարգավորմանը ու նրա հեռանկարների ամբողջական պատկերին: