Թանկացել է 5 անգամ

04/06/2009

«ՀՀ-ի նոր ատոմակայանի կառուցման վրա կծախսվի շուրջ 4.5 մլրդ ԱՄՆ դոլար»,- այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ըստ որի՝ դա պարզ է դարձել վերջին ուսումնասիրության արդյունքում: Մինչ այդ, դեռեւս 7-8 տարի առաջ իրականացված գնահատման տվյալներով խոսվում էր 800 մլն ԱՄՆ դոլարի մասին, սակայն, ըստ Ա. Մովսիսյանի, մի շարք գործոններ նպաստել են գումարի չափի ավելացմանը: Առաջին հերթին միջազգային շուկայում կտրուկ աճել են համապատասխան մետաղների գները: Բացի այդ, աշխարհում ատոմային կայանների հանդեպ պահանջարկը կտրուկ մեծացել է: «Այժմ աշխարհում շուրջ 50 նոր միջուկային կայանների պատվեր կա, ինչը բերում է սարքավորումների թանկացման, համապատասխան մասնագետների պահանջարկի մեծացման, իրագործման ժամկետների երկարացման, քանի որ աշխարհում միջուկային սարքավորումների հանգույցների արտադրության հզորություններ չկան: Սա, բնականաբար, ազդում է գնագոյացման մեխանիզմների վրա»,- ասել է նախարարը: Ըստ Ա.Մովսիսյանի, Հայաստանում կկառուցվի այնպիսի կայան, որը կունենա մինչեւ 1200 մեգավատտ հզորություն, անվտանգության պասիվ համակարգ, միջուկային վառելիքի վերաբեռնման առնվազն 18-ամսյա ժամկետ: Կայանն իր տնտեսական մյուս պարամետրերով պետք է լինի արդյունավետ: Գործող ատոմակայանի հզորությունը 400 մեգավատտ է, անվտանգության համակարգերն ակտիվ են, միջուկային վառելիքի վերաբեռնումն էլ տեղի է ունենում 12 ամիսը մեկ անգամ: Հիշեցնենք, որ «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների» մատուցման իրավունքի ձեռքբերման համար պետական գնումների գործակալության հայտարարած մրցույթի արդյունքում հաղթել է «Worley Parsons» միջազգային կոնսորցիումը, որը համապատասխանել է մրցույթի բոլոր պահանջներին: ՀՀ կառավարությունն ու վերոնշյալ կազմակերպությունն արդեն կնքել են 459.7 մլն դոլարի պայմանագիր: Դրանում ներառված են մի շարք աշխատանքներ` նախագծային, վերահսկողական, խորհրդատվական ծառայություններ եւ այլն: Ըստ Ա.Մովսիսյանի, «Worley Parsons»-ը Հայաստանում կստեղծի ընկերություն, որի բաժնետոմսերի 25 տոկոս պլյուս մեկ բաժնետոմսը կտրվի ՀՀ կառավարությանը: Այսինքն` կառավարությունը կկարողանա մասնակցել նոր ատոմակայանի կառավարման գործընթացին: