Երեկ մեկնարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Մերձավոր Արեւելք: Օբաման նախ ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է թագավոր Աբդալայի հետ: Վերլուծաբանների կարծիքով, Oբամայի այցը Էռ-Ռիադ նախեւառաջ նպատակ ունի վերականգնել այն սերտ դաշնակցային հարաբերությունները, որ գոյություն ունեին երկու երկրների միջեւ` մինչեւ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները: Հիշեցնենք, որ նյույորքյան հարձակումներն իրականացրած խմբի անդամների մեծ մասը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին: Այսօր Օբաման Սաուդյան Արաբիայից կժամանի Եգիպտոս: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Կահիրեում Օբամայի օրակարգի թիվ մեկ կետը Եգիպտոսի ամենահեղինակավոր «Ալ-Ասհար» համալսարանում նախատեսված ելույթն է: Ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսմամբ, Օբամայի ելույթը կարող է ծրագրային բնույթ ունենալ` ազդելով իսլամական աշխարհի եւ Արեւմուտքի հետագա հարաբերությունների վրա: