Երեկ Բրազիլիայի իշխանությունները հաստատել են, որ Ատլանտյան օվկիանոսում` բրազիլական ափից 650 կմ հեռավորության վրա, հայտնաբերված բեկորները պատկանում են Air France ավիաընկերության անհետացած ինքնաթիռին: Բրազիլիայի պաշտպանության նախարար Նելսոն Ժոբիման հայտարարել է, թե որեւէ կասկած չկա, որ դա է մնացել ինքնաթիռից, որում գտնվել է 228 մարդ: Բեկորները հայտնաբերել է բրազիլական ինքնաթիռը: Կենդանի մնացած մարդկանց մասին որեւէ տեղեկություն չկա: Ըստ Ժոբիմայի, բեկորների հայտնաբերման փաստը հաստատում է այն վարկածը, որ ինքնաթիռն ընկել է հենց այդ վայրում: Սակայն նա չի մանրամասնել, թե ինքնաթիռի որ հատվածի բեկորներ են հայտնաբերվել` նշելով միայն, որ դրանց շարքերում էին թե մետաղական, թե ոչ մետաղական հատվածներ: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե բրազիլական ռազմածովային ուժերը ջրի մակերեսի վրա հայտնաբերել էին ինքնաթիռի բազկաթոռ, նարնջագույն փրկարար բաճկոն եւ ինչ-որ ներկերից մնացած հետք: Իսկ Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ժան Լուի Բոռլոն հայտարարել է, որ «կենդանի մնացածներին գտնելու հնարավորությունները շատ փոքր են, նույնիսկ անհավանական»: Եթե գտնվեն զոհվածների դիակները, դրանք կտեղափոխվեն մոտակա օդանավակայան, որը գտնվում է բրազիլական Ֆերնանդու դի Նորոնյա թերակղզում: Նախարարը զգուշացրել է, որ օդաչուների կաբինայում գտնվող «սեւ արկղի» որոնումը օվկիանոսի հատակում այդքան էլ հեշտ չի լինի: «Օվկիանոսի այս հատվածում այն կարող է գտնվել 2000 կամ 3000 մետր խորության վրա»,- նշել է նախարարը: Երեկ Ռիո դը Ժանեյրո-Փարիզ չվերթի օդանավի աղետի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ցավակցական ուղերձներ է հղել նախագահ Սերժ Սարգսյանը: