Ռուսաստանում այսօր էլ տարածված կարծիք կա, որ հայերը ոսկե ձեռքեր
ունեն, իսկ ադրբեջանցի խոհարարները դրսում աշխատելիս շատ հաճախ իրենց են
վերագրում հայկական խոհանոցի նմուշները: Նույնն է նաեւ քաղցրավենիքի
բնագավառում: Օրինակ, ադրբեջանցի խոհարարները պնդում են, որ գաթան ոչ թե
հայկական, այլ ադրբեջանական քաղցրավենիք է եւ, որ իրականում այն կոչվում է
«կյաթո»:
Մեր հայրենակցուհի Նաիրա Սիրոյանի թանգարանային սուպերտորթերն արտադրվում
են Մոսկվայում եւ մեծ համբավ ունեն: Առեւտրի ցանցերում վաճառքի հանված
տորթերի ապօրինի կրկնօրինակումներն են արդեն անում: Եվ, որպեսզի այլազգի
խոհարարները հայուհու խմորեղենային դիզայնն ու տեխնոլոգիան չյուրացնեն, Ն.
Սիրոյանը ստիպված իր հեղինակած տորթերի վրա պարտադիր ավելացնում է «Նաիրա»
անունը: Նաիրա Սիրոյանը մասնագիտությամբ դաշնակահարուհի է: Երկար տարիներ
ամուսնու հետ դպրոցում աշխատելով՝ ի վիճակի չեն եղել ընտանիքի ֆինանսական
հոգսերն ապահովել: Եվ սկսել է տորթեր պատրաստել: Ասում է, որ Հայաստանում
օրենքները չեն գործում եւ արտադրություն կազմակերպել հնարավոր չէ:
Մեկնելով Մոսկվա՝ Նաիրայի համար բացվել են հաջողության դռները: Սկսել է
ռեստորաններ, արտադրություններ այցելելով՝ խոհանոցային որոշ հմտություններ
ձեռք բերել, ապա որոշել է խոհանոցին վերաբերվել որպես ստեղծագործական
աշխատանքի: Մի քանի ամիս հետո Նաիրայի աշխատանքից զարմացած՝ Մոսկվայի
«Fert plus» ռեստորանի ղեկավարությունը նրան հրավիրել է ռեստորանում
արտադրություն կազմակերպելու: Նաիրայի պատրաստած սուպերտորթերը գնահատվում
են որպես արվեստի գործեր, նա միջազգային տարբեր մրցույթների է մասնակցել
եւ հաղթել: Ռուսաստանում հեղինակություն վայելող «Pir 2» խոհանոցային
մրցույթին մասնակցում են աշխարհում հայտնի շատ մասնագետներ: Նաիրան այդ
մրցույթին մասնակցեց «Գուլիվեր» կոչվող տորթով եւ արժանացավ ոսկե մեդալի՝
կրելով «Աշխարհի չեմպիոն» տիտղոսը: Դրանից հետո Նաիրան 2002թ.
Լյուքսեմբուրգում մասնակցել է «Աշխարհի գավաթակիր» մրցույթին, արժանացել է
ոսկե եւ արծաթե մրցանակներին: Իսկ վերջերս էլ՝ 2004թ. Գերմանիայում
կայացած խոհանոցային արվեստի «Աշխարհի օլիմպիադայում» Նաիրան կրկին ոսկե
եւ արծաթե մեդալակիր է դարձել: Թեեւ Նաիրան մրցույթներին հանդես է գալիս
որպես անհատ ձեռներեց, բայց ցավալին այն է, որ հայտը ներկայացվում է ՌԴ-ի
կողմից, հետեւաբար մրցանակները վերագրվում են հայտ ներկայացնող
պետությանը, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին, ոչ թե Հայաստանին: Նաիրան
վկայում է, որ թե՛ միջազգային, թե՛ ռուսաստանյան մամուլն այս
հաղթանակները, բնականաբար, ներկայացնում է որպես Ռուսաստանի հաղթանակ:
Հարցիս, թե արդյոք կարո՞ղ է այդ մրցույթներին Հայաստանն էլ հայտ
ներկայացնել, Նաիրան պատասխանեց. «Իհարկե կարող է, բայց կասկածելի է,
տվյալ պետությունը հայտը կընդունի՞, թե՞ ոչ: Մրցույթներին նույնիսկ
մասնակցել են Ադրբեջանը, Վրաստանը, իսկ Հայաստանը երբեւէ չի մասնակցել,
անգամ ռուսաստանյան մրցույթներին Հայաստանը մասնակցության հայտ չի
ներկայացրել: Ես հիմա ծանոթանում եմ Երեւանի խմորեղենների
արտադրություններին եւ կարող եմ միանշանակ ասել, որ այս դաշտում Հայաստանը
ետ է գնում: Ճիշտ է, մեր վարպետները ոսկե ձեռքեր ունեն, բայց խմորեղենների
վրա ընդհանրապես դիզայն գոյություն չունի: Տորթերը երկնագույն խոզուկներով
են ձեւավորում, չգիտեմ՝ ինչ կոլորիտներ են օգտագործում, բայց դա անկենդան
է, խմորեղենային կուլտուրայում այս տեսակի աշխատանքները ցածրորակ են
համարվում: Ճաշակ չկա, որովհետեւ մրցակցություն չկա, որեւէ ձգտում չկա:
Խմորեղենի բիզնեսով զբաղվող մարդիկ դեռ գլխի չեն ընկել, որ կարելի է այս
ճյուղը զարգացնելով մեծ գումարներ աշխատել: Գոյություն ունի խմորեղենային
100 անուն սննդամթերք, որոնք Հայաստան չեն ներկրվում, իսկ դրանք պարտադիր
են շուկան զարգացնելու համար»: Նաիրայի կարծիքով՝ պետք է հատուկ դպրոց
ստեղծվի, որպեսզի ոչ թե մեծահասակները ստիպված այդ գործով զբաղվեն,
որովհետեւ ինչ-որ տեխնոլոգիայի տիրապետում են, այլ՝ այդ դպրոցն անցած
ստեղծագործող մարդիկ: Մեր համաքաղաքացիներն արդյո՞ք կպատվիրեն նման
սուպերտորթեր, եւ այդ բիզնեսը մեզանում հաջողություն կունենա՞։ «Ինձ
զարմացնում է Հայաստանի բնակչության ակտիվությունը, քաղաքը շատ է
աշխուժացել: Նայում եմ ու զարմանում եմ, թե ինչքան արտասահմանյան
մեքենաներ կան, ու կարծում եմ, որ նման տորթերի պատվիրատուներ անպայման
կգտնվեն: Մոսկվայում մասնագետներին իրար ձեռքից խլում են, իսկ այստեղ
մասնագետն անգործ է: Անշուշտ, եթե առաջարկ լիներ՝ ես կնախընտրեի
Հայրենիքում աշխատել եւ զարգացնել այս ճյուղը: Պետք է ծանրակշիռ մարդիկ
զբաղվեն այս գործով, որովհետեւ մեծ գումարներ են պետք: Այնտեղ
մասնագետներին հրավիրելու հայտարարություն ենք տալիս, շատ հազվադեպ ենք
գտնում, իսկ Հայաստանում մասնագետները ոսկե ձեռքեր ունեն, եւ պետք է նրանց
իմացությունն օգտագործելով՝ ոլորտը զարգացնել»,- պատասխանեց Նաիրան: