Ինչպե՞ս օգնել վարորդին

04/06/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վարորդները այն եզակի խավի ներկայացուցիչներն են, որոնց կատարած խախտումների վրա ՀՀ Ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության որոշ ներկայացուցիչներ հաճույքով աչքերը փակում են` մի պահ երազելու ցանկությամբ:

Ու, դժբախտաբար, հենց այդ մի պահն էլ երբեմն լինում է խիստ ճակատագրական, երբ «կոռուպցիոն ռիսկով» վարորդին կանգնեցնելու է գալիս ինչ-որ Աքիլես: Իսկ սա արդեն ոչ թե հունական դիցաբանություն է, այլ հայկական գունավոր իրականություն: Արդեն ինը տարի է` Հայաստանում վարորդների իրավունքներն է պաշտպանում «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ վարորդները հիմա ավելի շատ են հետաքրքրվում իրենց իրավունքներով, ու իրենց էլ հաջողվում է հարյուր տոկոսով պաշտպանել վարորդների իրավունքները: «ԷՆ ժամանակ, երբ մենք դուրս էինք գալիս վարորդների դատերը պաշտպանելու, մոտ 70 տոկոսով մենք պարտվում էինք: Էն ակնհայտ դեպքերում էր, որ մենք կարողանում էինք վարորդի շահերը պաշտպանել դատական կարգով: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց անցյալ տարի, երբ ստեղծվեց վարչական դատարանը: Այստեղ մենք լրիվ հակառակ պատկերն ունեցանք: Միայն երկու դիմում ենք պարտության տվել, իսկ մնացած դեպքերում մենք շահել ենք»,- ասում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ի նախագահը: Դեռ չորս ամիս առաջ կազմակերպությունը սկսել է իրականացնել մի ծրագիր, որի նպատակը հենց ճանապարհներին վարորդներին օպերատիվ իրավական օգնության տրամադրումն է: Ու հենց այս ծրագրի ժամանակահատվածում շուրջ 843 հեռախոսազանգ են ստացել, որից 229-ը եղել են կոռուպցիոն ռիսկերի ահազանգեր: Իսկ դրանցից 57-ը բողոքներ էին՝ կապված Ոստիկանության կողմից ավտոմեքենաների պետհամարանիշերի անօրինական հանման հետ: Սա, ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, հաճախ կատարվում է ոչ ճիշտ հանգամանքներում: Այսինքն` ոստիկանը մեքենայի ոչ ճիշտ կայանման պատճառով հանում է պետհամարանիշն ու առանց կնիքի թղթի վրա գրանցում այդ խախտումը, իսկ հետո տվյալ վարորդին զգուշացնում է, որ առանց մեքենայի ներկայանա իրենց տեղամաս: Մինչդեռ հաճախ սրանից բխում է մեկ այլ երեւույթ, այսպես ասած, ոստիկանի կողմից ոստիկանին գործ տալը` երբ դեպի տեղամաս գնացող առանց պետահամարանիշի մեքենայով վարորդին պարզապես տուգանում են: «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կանգառման համար տեսուչը համարանիշ է հանում` այն, ինչը իրավունք չունի հանի: Օրենքը նախատեսում է, որ այդ տրանսպորտային միջոցները պետք է էվակուացվեն, այսինքն` եթե դա խախտում է կամ խոչընդոտ է, մեքենան ուղղակի վերցնում են ու տանում հատուկ տարածք, ու անմիջապես հաղորդում են սեփականատիրոջը, որ Ձեր մեքենան տարվել է այսինչ տեղը»,- նշում է «Աքիլես» հ/կ-ի նախագահը` նկատելով, որ մեր իրականությունում ոստիկանը հետիոտն պապիկին ու թոռնիկին օգնում է ընդամենը մեքենայի պետհամարանիշ հանելով, այնինչ նրանց խանգարող մեքենան այդպես էլ մնում է իր տեղում: «Իսկ ինչու ենք ասում, որ սա կոռուպցիա է պարունակում: Որովհետեւ վարորդին պարտավորեցնում են, որ օրենքի խախտում է եղել, ու այսինչ ժամին ներկայանա Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակ, ու էնտեղ արձանագրություններ են կազմում, որոնք պետք է կազմեին դեպքի վայրում»,- նշում է Է. Հովհաննիսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ իրենք հաճախ վարորդներից զանգեր են ստանում հենց դեպքի վայրից, սակայն մինչ վարորդի պաշտպանների տեղ հասնելը` տեսուչները հեռանում են: Մինչդեռ, ըստ կազմակերպության նախագահի, շատ քիչ են այն դեպքերը, երբ տեսուչը իրենց սպասել է: «Մենք գտնում ենք, որ տեսուչը պարտավոր է սպասել: Արձանագրություն գրելուց նա կարող է չսպասել, բայց երբ նա որոշում է կայացնում` պարտավոր է սպասել: Ու վարորդը իրավունք ունի իր ներկայացուցիչ պաշտպանին բերելու»,- ասում է Ավտովարորդների իրավունքների պաշտպանության հ/կ-ի նախագահը: Սակայն երբեմն էլ լինում է, երբ վարորդները մտավախությամբ են մոտենում իրենց իրավապաշտպաններին: Այս առնչությամբ կազմակերպության ավտովթարների ու քաղաքացիական գործերով զբաղվող Նվեր Բարսեղյանն էլ հիշեց մի դեպք, երբ ահազանգ էին ստացել վթարի վայրից ու մինչ դեպքի վայրում իրենց հայտնվելը` զանգահարող վարորդը վթարված մեքենան թողել էր ու փախել: Իհարկե, րոպեներ անց, ըստ Ն. Բարսեղյանի, իրենց հաջողվել է դեպքի վայր կանչել վարորդին ու օգնել նրան: Մինչդեռ հաճախ էլ կազմակերպության դատական գործերով զբաղվող Կառլեն Սարգսյանի դիտարկմամբ, Հայաստանի ճանապարհատրանսպորտային օրենքն այլ բան է ասում, իսկ միջազգային պայմանագիրն՝ այլ բան: Ի դեպ, 1968թ. միջազգային ճանապարհատրանսպորտային պայմանագիրը կնքվել է այսօր արդեն 100 երկրների միջեւ, այդ թվում՝ նաեւ Հայաստանի, որը դրան միացել է 2006-ին: Իսկ այդ պայմանագրի թարգմանիչը եղել է Կառլեն Սարգսյանը: Համաձայն այդ պայմանագրի` վարորդը չպետք է թույլ տա գործողություններ, որոնք կարող են վտանգի ենթարկել հետիոտններին: Մինչդեռ մեզանում հաճախ լուսացույցերի երեք գույնն էլ ծառայում է «հարգարժան» վարորդներին: Սա՝ այն պարագայում, երբ հեռատես ոստիկանները դա անկարող են տեսնել: Այդ դեպքում նաեւ հետիոտնը կարող է պաշտպանել իր շահերը: