2009թ. մարտի 3-ին Արաբկիր համայնքի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Գեւորգյանին Արաբկիր համայնքի ղեկավար Ալբերտ Երիցյանն ազատել է աշխատանքից:
Որպես պատճառ՝ Երիցյանը նշել է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ կետը, ըստ որի` գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով: Նշենք, որ նույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` կենսաթոշակային տարիք համարվում է 65 տարին: Սակայն Ա. Գեւորգյանը դեռեւս 65 տարեկան չկա: Անահիտ Գեւորգյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 25-ին, ինչը նշանակում է, որ Երիցյանի կարգադրությունն անօրինական է: Հենց այս առնչությամբ էլ նախկին տնօրենը` Ա. Գեւորգյանը, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասությունների դատարան է ներկայացրել քաղաքացիական հայց`պահանջելով պատասխանող կողմ հանդիսացող Արաբկիր համայնքի ղեկավար Ա. Երիցյանից վերականգնել իր իրավասությունները տնօրենի պաշտոնում: Մայիսի 15-ին վերոնշյալ դատարանում պետք է տեղի ունենար դատական առաջին նիստը, սակայն այն «քաղաքական» պատճառաբանություններով հետաձգվել էր: «Դատական նիստը անհիմն ձեւով հետաձգվեց` պատճառաբանելով, որ թաղապետարանը Երեւանի քաղաքապետի ու ավագանու ընտրություններով զբաղված է»,- ասաց Անահիտ Գեւորգյանի փաստաբան Ժորա Վարոսյանը: Ըստ նրա` պատասխանող կողմը` Արաբկիր համայնքի ղեկավարը, կարգադրության մեջ հաշվի չէր առել մի կարեւոր հանգամանք: Այն, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2009թ. փետրվարի 24-ի 792 որոշմամբ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետը ճանաչել է ՀՀ սահմանադրության 14.1 եւ 32 հոդվածներին հակասող եւ անվավեր: Այսինքն` Արաբկիր համայնքի ղեկավար Ալբերտ Երիցյանն ընդունած որոշման հիմքը ընդունելուց 3 օր առաջ համարվել էր անվավեր, ասել է թե` չգործող: Այս մասին երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասությունների դատարան ներկայացրած միջնորդության մեջ նշեց Ժորա Վարոսյանը` դատարանից պահանջելով կիրառել արագացված դատաքննություն եւ կայացնել անհապաղ վճիռ, ինչը, սակայն, դատարանը մերժեց: Պպատասխանող կողմի փաստաբան Գեղամ Կարապետյանն էլ մեջբերեց «Երեւանի մասին» նոր օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ կետը, ըստ որի` ավագանու ընտրություններից հետո Երեւանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երեւան համայնք, ինչը ենթադրում է Երեւանի համայնքների վերակազմակերպում: Այսինքն` Գ. Կարապետյանի ասելով` այլեւս գոյություն չունի թաղապետարան, որն էլ պատասխանատու լինի դատարանի առջեւ: Ըստ նրա` Երեւանի ավագանու ընտրություններից հետո Ա. Երիցյանն այլեւս լիազորված չէ ներկայանալ դատարան, եւ, որ իր փոխարեն որպես պատասխանող կողմ՝ դատարանում պետք է հանդես գա Երեւանի քաղաքապետարանը: Ավելին` Կարապետյանը հայտարարեց, թե ինքը պարզապես դատարանի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով է եկել դատարան, եւ որ այսուհետ Երիցյանի ընդունած որոշման համար պետք է պատասխանատվություն կրի Երեւանի քաղաքապետարանը: «Էս պահի դրությամբ՝ արդեն գոյություն չունի Արաբկիր համայնք, գոյություն չունի համայնքի ղեկավար: Այս պահի դրությամբ արդեն կարող է հանդես գալ Երեւանի քաղաքապետը: Միայն ավագանու առաջին նիստից հետո, որը տեղի կունենա մինչեւ ամսի 12-ը, հնարավոր է, որ լիազորությունները նույն ձեւով թողնեն համայնքներին, որոնք դառնում են վարչական մարմիններ»,- դատարանում հայտարարեց Գեղամ Կարապետյանը: Այստեղ դատավոր Ռուբեն Վարդազարյանը` դիմելով հայցվոր կողմին, հարցրեց. «Դուք չե՞ք գտնում, որ Դուք պետք է այնքան իրազեկված լինեիք, որ ընթացքում փոխեիք պատշաճ պատասխանողին ոչ պատշաճ պատասխանողի»: Հայցվորը հակադարձեց դատավորին` ասելով, թե պատասխանողը պատշաճ է, իսկ Երեւանի համայնքները ոչ թե լուծարվել են, այլ վերակազմակերպվել են: Այսպիսով` դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչեւ հունիսի 23-ը` պատճառաբանությամբ, թե «Ալբերտ Երիցյանը պատշաճ պատասխանող կողմ չէ»:
Սակայն ուշագրավն այն էր, որ դատավորը, ով պատասխանող կողմի լիազոր ներկայացուցիչ Գ. Կարապետյանի ասածներն ընդունեց որպես հիմք` դատական նիստը հետաձգելու համար, ինքը տեղյակ չէր «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքից: Խնդիրն այն է, որ սույն օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քանի դեռ ավագանիներն իրենց լիազորությունները չեն ստանձնել, Երեւանի համայնքապետերը շարունակում են իրենց լիազորությունները. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի թաղային համայնքների ավագանիները եւ թաղապետերը շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը մինչեւ ավագանու լիազորությունների ստանձնումը»,- ասված է օրենքում: Իսկ ավագանիներն իրենց լիազորությունները ստանձնելու են հունիսի 8-ին, ինչը նշանակում է, որ երեկ, ինչպես նաեւ առաջիկա 4 օրերին, դեռեւս Երիցյանն է պատասխանատու իր անօրինական կարգադրությունների համար:
Հ.Գ. Մեր թերթի առաջիկա համարներից մեկում այս գործի առնչությամբ այլ մանրամասներ կներկայացնենք: