Դեռ երկու տարի առաջ աշնանը Գառնու ձորի «Քարերի սիմֆոնիայի» հետ կապված աղմուկը շատերը կմտաբերեն, երբ տեսարժան վայր համարվող Քարերի սիմֆոնիայից սկսեցին տարհանել, այսպես ասած, «քար-նոտաները»:
Թեղուտի անտառների պաշտպանության խմբի երիտասարդները քարերի լռակյաց լացը լսեցին Երեւանում ու շուտով նաեւ տեսան, իրենց խոսքերով` կենդանի օրգանիզմ ու բնության մաս կազմող քարերի անդամահատումը: «Պարզվեց, որ էդ քարերով Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի արհեստանոցն են սարքում: Տեսնո՞ւմ եք` մարդիկ ինչ լավ են գնահատում քարերը»,- նշում է Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամներից Մարիամ Սուխուդյանը: Ըստ վերջինիս` քարերի համար ծավալած պայքարն ավելի հեշտ էր, որովհետեւ իրենք գործում էին մի հոգու դեմ: Մինչդեռ Թեղուտի անտառների պաշտպանության պարագայում գործն ավելի բարդ է, որովհետեւ հանքավայրի կառուցման ու անտառահատման գործընթացին լծվել են տարբեր կողմեր, իսկ ամենակարեւորը, ըստ շարժման մասնակիցների, ՀՀ նախագահի կողմ լինելն է Թեղուտի հանքավայրի կառուցմանը: Հիշեցնենք, որ 2006թ. «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսել է հողեր գնել Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչներից` կոմբինատ ստեղծելու նպատակով, ինչի պատճառով համայնքում կատարվում են անտառահատումներ: Այս երեւույթի դեմ էլ պայքարում են Թեղուտի անտառների պաշտպանության շարժման անդամները: «Ախր էնքան պարզ ա էդ ամեն ինչը: Եթե կա նախագահի դրական տրամադրվածությունը, շահագրգռվածությունը, հովանավորչությունը»,- նկատում է Մարիամը: «Էկոդար» հ/կ-ի նախագահ Հրայր Սաֆզյանի կարծիքով էլ՝ ավելի նպատակային կլինի հանքավայրի շահագործման համար ծախսվող միջոցները ներդնել էկոտուրիզմի զարգացման կամ գյուղում կաթնամթերքի արտադրության համար: Սա, Հրայրի կարծիքով, տարբերվելու է ոմն գործարար Վազգեն Խաչիկյանի ծրագրից, որին նա ծանոթացել է թերթերից մեկում: «Վազգեն Խաչիկյանը Լոռու մարզում էկոտուրիզմի զարգացման ծրագիր ա մշակել: Ինքը պատկերացնում էր էսպես. տուրիստները գալիս են, ինքը տանում է Ալավերդի, ու տուրիստներն իրենց ձեռքով պղինձ են հանում, կամ Դեբեդից ձուկ են բռնում: Ինքը, ի դեպ, դա փորձում էր անել Ախթալայի հանքի տնօրեն սփյուռքահայ Պողոսի հետ»,- ասում է Հրայրը` ավելի շատ զարմանալով, որ, ըստ Վազգեն Խաչիկյանի, ձկան` ծանր մետաղներով լի լյարդը հեռացնելուց հետո, ձուկը դառնում է լրիվ անվնաս: Այս ամենի նկատմամբ Թեղուտի անտառների պաշտպանության շարժման մասնակիցները ունեն հստակ վերաբերմունք ու ոչ մեծ հույսեր, որոնք մասնակիցները կապում են հասարակության հետ: Իսկ հասարակությանը նրանք փորձում են տեղեկացնել իրենց կողմից կազմակերպած ակցիաների միջոցով: «Մի քանի օր է, ինչ սկսել ենք ստորագրահավաք: Ընդամենը 4 օրում 4000 մարդ է ստորագրել: Տեսնո՞ւմ եք` ի՜նչ թիվ է»,- ավելացնում է Արփինե Գալֆայանը: Շարժման մասնակիցները նաեւ մեծ ակնկալիքներ ունեն ՀՀ կառավարությունից: Դեռ նախորդ տարի նոյեմբերին Թեղուտի անտառների պաշտպանության խմբի անդամները հանդիպեցին վարչապետի հետ: Սա՝ միայն այն բանից հետո, երբ շարժման անդամները ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ կազմակերպում էին բողոքի ակցիաներ, որոնց արդյունքում, ըստ Հրայր Սաֆզյանի, իրենց հաջողվեց հանդիպել վարչապետին: «Մոտ չորս հանդիպում է եղել` բավականին երկար: Ներկա էին նաեւ էկոնոմիկայի ու բնական պաշարների նախարարը, բնապահպանության նախարարը, նաեւ փոխնախարարներ: Ըստ մեզ` այնուամենայնիվ, որոշ բանակցություններ եղան: Ու նոյեմբերին պայմանավորվեցինք հանդիպել 6 ամիս հետո: Բայց հիմա վարչապետը մի տեսակ խուսափողական կեցվածք է որդեգրել` չի պատասխանում մեր նամակներին, զանգերին: Մի ամիս առաջ նամակ էինք գրել, որտեղ նշել էինք մեր պայմանավորվածությունների մասին»,- նշում է Հրայրը` անդրադառնալով նաեւ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնցից մեկը վերաբերում է «ԷՅ ՍԻ ՓԻ» ընկերությանը: «Կառավարությունը ստիպում է Թեղուտի շահագործմամբ զբաղվող «ԷՅ ՍԻ ՓԻ» ընկերությանը, որ նրանք ոչ թե 8 տարվա հաշվարկով նախագիծ ներկայացնեն, այլ գոնե 25 տարվա կտրվածքով, որ պատկերն ավելի ամբողջական լինի վնասի ու օգուտի միջեւ»: Թեղուտի անտառների պաշտպանների թիրախում է նաեւ ՎՏԲ բանկը, որը հանդիսանում է Թեղուտի հանքավայրի ֆինանսավորող կողմը: «Հունիսին նորից ենք սկսելու ցույցեր կազմակերպել»,- ասացին նրանք: Իսկ ես հիշեցի երկու ամիս առաջ Թեղուտ կատարած իմ այցելությունը, ինչպես նաեւ՝ գյուղացիների վախը: «Մեզնից շատ ո՞վ ա մտահոգված, աղջիկ ջան»,- ասում էին առանց թեղիների Թեղուտի բնակիչները: Իսկ գյուղապետն էլ փորձում էր հավաստիացնել, որ գերակա շահ կա, ու դա նման է մի խնձորի, որը տալիս են նրան, ով ավելի մեծ շահ ունի: