«Չուզենալով շիկացնել ոչ տագնապային մթնոլորտը, ասեմ, որ ամեն տարվա պես
ամառ է, հանրապետությունում համաճարակ չունենք, աղիքային վարակիչ
հիվանդություն չկա»,- Առողջապահության նախարարությունում երեկ
կազմակերպված ասուլիսի ժամանակ բնակչությանը շտապեց հանգստացնել ՀՀ
գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության
պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ
հանրապետությունում շատացել է բոտուլիզմի դեպքերի քանակը: «Չնայած այն
բանին, որ մենք ընդհանուր գիտելիքներ ենք փոխանցում բնակչությանը, որ
մթերքը չպահածոյացնեն, նրանք շարունակում են այդպես անել»,- նշեց նա:
Վերջինս խորհուրդ է տալիս պահածոյացնել միայն ջեմ ու մուրաբա եւ խուսափել
բանջարեղենի պահածոյացումից: Սննդային թունավորումներից զերծ մնալու համար
տեսչության ներկայացուցիչը զգուշացնում է չգնել փողոցում պատրաստվող եւ
վաճառվող սնունդ կամ հյութեր: Ի դեպ, ամենուր հանդիպող «փողոցային
հյութերի եւ սննդի» վաճառքն արգելված է: «Իրավիճակը մենք պարբերաբար
հսկում ենք եւ ներկայացնում տեղական ինքնակառավարման եւ իրավապահ
մարմիններին: Մնացածն իրենց գործն է»,- ավելացրեց Մ. Բասիլիսյանը:
Շոգերի հետ կապված եւս Հայաստանում արտակարգ իրավիճակ չի գրանցվել: Միայն
հուլիսի ընթացքում շատացել է շտապ օգնության կանչերի օրական քանակը՝
390-ից հասնելով 450-ի: «Շտապօգնություն» ՊՓԲԸ-ի փոխտնօրեն Նունե
Ժամկոչյանի հավաստմամբ՝ ամառային շոգն առավել վատ է անդրադառնում խրոնիկ
հիվանդների, հղի կանանց եւ երեխաների վրա: Վերջիններիս մասնագետը
հորդորում է ցերեկային ժամերին տանից դուրս չգալ: «Մուգ գույնի շորեր մի՛
հագեք, ավանդական աղի թան եւ թեյ խմեք, զե՛րծ մնացեք քաղցր հյութերից եւ
միջանցիկ քամուց»,- խորհուրդների շարքը եզրափակեց Նունե Ժամկոչյանը: