Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն իրեն անվանում է ազատ ու անկախ Հայաստանի ազատ ու անկախ բեմադրիչ, քանի դեռ կցված չէ ոչ մի թատրոնի ու աշխատում է ազատ գրաֆիկով: Նա ասում է, որ դժբախտություն է ունեցել Մոսկվայում սովորելու, ինչն իրեն հնարավորություն է տվել հղկել արվեստի չափանիշները: Ընդհանրապես Ն.Ծատուրյանի բոլոր ասածների մեջ թաքնված իրոնիա ու, ինչը շատ թանկ մարդկային հատկություն է` ինքնաիրոնիա կա: «Այո, ես «գոռոզ» մարդ եմ: Այսինքն` միշտ փորձում եմ ազնիվ ու լուրջ աշխատել»,- ասում է նա ու խորամանկ ժպտում:
Ն.Ծատուրյանն այն հազվադեպ ռեժիսորներից էր, որը դեռ խորհրդային տարիներին կարող էր նոր ընթացք հաղորդել հայկական թատրոնին, եթե նրա արածը ճիշտ կոնտեքստում գնահատվեր ու շարունակություն ունենար: 20 տարի առաջ Սունդուկյանի անվան թատրոնում նրա բեմադրած «Փրկեք մեր հոգիները» ներկայացումը շոկ առաջացրեց էպոխաների բեկման ականատեսը դարձած հայ հանդիսատեսի մոտ, քանի որ բեմ բարձրացրեց շիտակ ու մոլորված մեր ժամանակակցին: «Փրկեք մեր հոգիները» մեր մասին էր, ու թվում էր, որ այն իր հետեւից նոր որակի (ավելի նուրբ դերասանական կատարման ու ճանաչելի թեմայի վրա շեշտադրում անող) թատերային ֆորմա կարող է բերել, սակայն այդ ներկայացումը շատ կարճ կյանք ունեցավ ու մեծ իմաստով` «հետնորդներ» չունեցավ: Թատրոնը ծալեց այդ ներկայացման էջն ու կրկին վերադարձավ դասական ու պաթետիկ թեմաներին, դերասանական գոռգոռուն հնչերանգներին: Ն.Ծատուրյանի թատրոնը կիսատոներով ու ենթատեքստերով հագեցած դերասանական թատրոնն է: Այժմ Թատրոնի ու կինոյի ինստիտուտում նա դերասանական կուրս է ղեկավարում ու փորձում է կեղծիքից ազատել աշխարհի ամենաազնիվ մասնագիտությունն ընտրած ուսանողներին: Շուտով նա սկսելու է աշխատել Սունդուկյանի անվան թատրոնում ու իշխան Համլետի հավերժ կերպարը տեղավորելու է ժամանակակից Հայաստանում։ Նաեւ փոքրաթիվ դերասանական կազմով (Ժան Նշանյանի ու Ռաֆայել Քոթանջյանի մասնակցությամբ) անտրեպրիզային ներկայացում է բեմադրելու:
– Պարոն Ծատուրյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ «Փրկեք մեր հոգիները» շարունակություն չունեցավ:
– Սոս Սարգսյանը մի շատ լավ բան է ասել. «Մեր հանդիսատեսը թատերասեր չէ»։ Իսկապես այդպես է, թատրոն գնացողներ կան, բայց թատրոն սիրողներն ու հասկացողները, լավը գնահատողները քիչ են: Նույն «Փրկեք մեր հոգիները» բեմադրությունը դիտելու շատ քիչ մարդ էր գալիս, իսկ, ասենք, թեթեւ վոդեւիլյան ներկայացման ժամանակ դահլիճը լիքն էր լինում։ Այսօր էլ նույն պատկերն է, «Mea Culpa»-ին մարդիկ գնում են, ու մտքներով էլ անգամ չի անցնում, որ դա թատրոն չէ, այլ՝ ինչ-որ սուռոգատային, երկրորդային բան է։ Տարօրինակ է, բայց մեր ժողովրդի մեջ մտած է, որ թատրոնը կեղծիք է, եւ նա գնում է թատրոն՝ կեղծիք տեսնելու համար, իսկ երբ լուրջ բանի է հանդիպում` հիասթափվում է։ Ասում ենք, չէ, օրինակ՝ հերիք է դերասանություն անես։ Այսինքն` նկատի ունենք՝ հերիք է սուտ խոսես։
– Համազգային թատրոնում ստեղծած Ձեր վերջին բեմադրությունը՝ «Փրկության կղզին», ինչպիսի՞ հաճախելիություն ունի։
– Այդ ներկայացումը 13 անգամ խաղալուց հետո հանվեց, քանի որ հանդիսատես չուներ։ Հիմա աշխատելը շատ դժվար է, քանի որ գնահատվում են միայն ուղիղ ասված, ծիծաղեցնող ԽԹծ-ատիպ շոուները։ Էդ ԽԹծ-ը մեր արվեստի վիրուսը դարձավ ու թատրոնի «հերն անիծեց»: Մեկ-մեկ մտածում եմ՝ իսկ ինչո՞ւ պիտի նոր ներկայացման վրա տանջվեն, միեւնույն է՝ հանդիսատես չի գալու։
– Հաճախ ենք ասում, որ թատրոնը հասարակության մինի մոդելն է, եւ ինչպես որ իրեն զգում է քաղաքացին, այդպիսի ֆորմա ունենում է եւ թատրոնը։ Հիմա մենք ինքներս էլ չգիտենք՝ թե ուր ենք գնում, ինչպիսին է լինելու մեր վաղվա օրը: Նույն վիճակում է նաեւ թատրոնը։
– Ընդհանրապես հայի բնավորությանը հատուկ է միայն այսօրվա մասին մտածելը, ու թքած վաղվա օրվա վրա։ Այդ պատճառով էլ, օրինակ, մենք մեր պղինձը ծախեցինք Պարսկաստանին, իսկ վաղը փորձելու ենք այն թանկ գնով ետ գնել։ Մեզ հատուկ է առաջ ընկնելը։ Առանց հետեւանքների մասին լուրջ մտածելու՝ մենք առաջ ենք նետվում: Օրինակ, կոմունիստների իշխանության ժամանակ հենց հայերը առաջինը սկսեցին իրենց եկեղեցիները քանդել։ Եվ Ուկրաինայից ու Բելառուսից առաջ անցնելով՝ սեփական պետության անկախությունը հռչակեցինք։ Քարտեզի վրա անգամ ծտի ծերտի չափ չկանք, բայց ամեն ինչում ուզում ենք առաջինը լինել։ Անում ենք, հետո ենք սկսում մտածել։ Տեսեք վրա-վրա ինչպիսի շենքեր ենք կառուցում։ Աստված չանի, երկրաշարժ լինի, այդ շենքերը թղթաքարտերի նման թափվելու են։
– Այդ թեմաները ինչո՞ւ չեն բարձրանում բեմ։
– Երբ բեմադրեցի Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Ավգյան ախոռները», բոլորը շշմեցին, երբ տեսան, որ այդ եվրոպացին կարծես հենց մեր մասին է իր պիեսը գրել։ Բոլոր հերոսները մինչեւ կոկորդները խրված էին կեղտի մեջ ու երկար-բարակ մտածում էին, թե ով պիտի մաքրի իրենց ախոռները։ Նրանց միջից մի մարդ ասում է՝ մի րոպե սպասեք, երբ մաքրենք գոմաղբը, մեր ժողովուրդն ի՞նչ պիտի անի, ախր նա արդեն սովորել է կեղտի մեջ ապրել ու տեղյակ չէ, թե հողին հանդիպելով, ինչ պիտի անի։ Անկեղծ ասած, ես քաղաքականություն չեմ սիրում։ Հետաքրքրվում եմ, բայց չեմ սիրում, քաղաքականությունը պոռնիկի գործ է։ Եթե մեր բոլոր երեսփոխաններին սեւ գուլպաներ հագցնեն ու կրկեսի դիմաց կանգնեցնեն, ես չեմ զարմանա։ Միգուցե ինձ իմ մասնագիտությունն է հուշում, բայց ես իրոք մի վատ հատկություն ունեմ. միանգամից զգում եմ սուտը։ Եվ եթե դերասանը մի պահ ինձ չկարողացավ համոզել, ես արդեն այդ ներկայացումը կամ ֆիլմը չեմ շարունակի դիտել։ Իմ ռեժիսուրայի հիմնական շեշտը դերասանի վրա է դրված։ Բեմում միշտ ցանկանում եմ հասնել դերասանական խայտառակ օրգանությանը ու չեմ սիրում խաղալ լույսի կամ երաժշտության հետ։ Փիթեր Բրուկը լավ բնութագրել է այդ իրավիճակը` ասելով, որ թատրոնը դատարկ տարածություն է, ու կարեւորը բեմում խոսող երկու մարդիկ են, որոնք համոզում են, հուզում են։
– Չեք կարծո՞ւմ, որ Թատրոնի ինստիտուտը ամեն տարի տասնյակ դերասաններ բաց թողնելով, որոշ իմաստով խաբում է ուսանողներին, քանի որ նրանք կիրառման տեղ չեն ունենալու ու լավագույն դեպքում լրացնելու են հեռուստատեսային վարողների բանակը։
– Նույն կերպ էլ խաբում են ապագա բժիշկներին կամ տնտեսագետներին։ Բայց ես աշխատելով ուսանողների հետ, հասկանում եմ, որ եթե 22 հոգանոց իմ կուրսից 5-6-ը լավ դերասան դառնան, ես գոհ պիտի լինեմ։ Եվ համոզված եմ, որ
21-րդ դարում մեզ որակապես այլ դերասաններ են հարկավոր, ավելի ճշմարիտ։ Ցավոք, մեր դերասանական շկոլան շատ կեղծ բաների վրա է հիմնված, բոլորն ուզում են, որ սուտ լինի, գեղեցիկ լինի։ Շատ ռեժիսորներ հիմա հանդիսատեսին հաճույք պատճառելու համար ներկայացման մեջ պարեր, երգեր են մտցնում, որպեսզի ժողովուրդը խնդա, բայց թատրոն գա։ Դա վատ իմաստով պոպուլիզմ է։
– Ամենից շատ ինչի՞ կարիքն ունի մեր ժամանակակից թատրոնը։
– Մեզ հիմա թատրոնի մենեջերներ, գործի կազմակերպիչներ են պետք, որպեսզի հնարավոր լինի արած գործը ճիշտ ներկայացնել:
– Կարո՞ղ եք ասել, ինչ է սպասում Սունդուկյանի անվան թատրոնին, որտեղ 20 տարի աշխատել եք։ Գեղարվեստական խորհուրդը որպես կառավարման մարմին՝ կարո՞ղ է կենսունակ լինել։
– Գեղխորհուրդը երբեք չի կարողանա թատրոն ղեկավարել, քանի որ անդամների կեսը «դրսի» մարդիկ են ու մեծ իմաստով թատրոնով զբաղվելու ժամանակ չունեն, իսկ մյուս կեսը թատրոնի դերասանները կամ ռեժիսորներն են, որոնք, եթե զգում են, որ առաջարկված պիեսում դեր կամ աշխատանք չեն ունենալու, միանգամից ասում են՝ դա վատ պիես է։ Եվ այդպիսի աշխատանքը չի կարող արդյունք ունենալ։ Եթե դա պիտի Մայր (կամ էլ՝ Հայր) թատրոն լինի, ապա պիտի լավագույնների հավաքածուն դառնա։ Միշտ գեղարվեստական ղեկավարն է որոշել՝ թե թատրոնը ինչպիսի էսթետիկա պիտի ունենա, ու բոլոր ներկայացումներն արել է այդ էսթետիկայի ֆորմայի մեջ։ Վահե Շահվերդյանն, օրինակ, իր էսթետիկան ուներ (շղարշներ, մեղմ վառվող ջահեր ու նման բաներ) ու բոլոր ներկայացումներն այդպես էր անում։ Իսկ դա թատրոնին միապաղաղություն էր հաղորդում։ Կարելի է, նաեւ` անհրաժեշտ է հրավիրել տարբեր ռեժիսորների (Արմեն Էլբակյանին, Արմեն Խանդիկյանին, Վահան Բադալյանին կամ էլ Նարինե Գրիգորյանին) ու հավաքական թատրոն կամ ներկայացումների տոնավաճառ ստեղծել, որպեսզի Մայր թատրոնը վառ դեմք ունենա։
– Իսկ պետպատվերը թատրոնի ոլորտում ճի՞շտ է բաշխվում:
– Հիմա այսպես է. ով մոտենում է Մշակույթի նախարարին ու ասում է, որ բեմադրություն է ցանկանում անել, պետական պատվեր է ստանում։ Բոլոր ռեժիսորներն ասում են, որ իրենք ոչ թե հանդիսատեսի համար են աշխատում, այլ՝ արվեստի, ու արդյունքում ստեղծվում են ներկայացումներ, որոնք հասցեատեր չեն ունենում։ Պետպատվերի պատասխանատվությունը պետք է կրի հենց գեղարվեստական ղեկավարը, որը կմտածի եւ՛ դրամարկղի, եւ՛ ճիշտ ռեժիսորի հրավիրելու մասին։ Մշակույթի նախարարն էլ ներկայացման տապալման դեպքում, պետք է կարողանա աշխատանքից ազատել գեղարվեստական ղեկավարին։ Բայց երբ նման մեխանիզմ չկա, ամեն ինչի համար պատասխանատու է համարվում Մշակույթի նախարարը, որն անհաջողությունների մասին խոսել չի ցանկանում, կողքի մարդիկ էլ նրան ասում են՝ դե լավ է, էլի։ Բա եղա՞վ… Այդպես ոչինչ չի փոխվի։
– Իսկ Դուք կցանկանայի՞ք ղեկավարել այդ թատրոնը։
– Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Ես 64 տարեկան եմ ու դեռ ուզում եմ ապրել։ Իսկ թատրոն ղեկավարելը հսկայական բեռ է, պետք է մտածել առաստաղի ճաքի մասին, դերասանի աշխատավարձի ու տոմսեր վաճառելու մասին։ Եվ հետո էլ ես չեմ սիրում պրեմիեր-դերասանների վրա կառուցված թատրոնները (իսկ Սունդուկյանի թատրոնն այդպիսի միտում ունի), նախընտրում եմ մշակ-դերասանների հետ աշխատել, քանի որ միայն այդ դեպքում կարելի է անսամբլային ներկայացում ստեղծել, որտեղ բոլորը հավասարապես աշխատում են։ Ավելի լավ է անկախ լինեմ ու իմ գործն ազնիվ անեմ։ Եվ հետո էլ ես բավականին գոռոզ մարդ եմ, եթե զգում եմ, որ աշխատանքը արձագանք չի գտնում, ներկայացումներս հանում եմ խաղացանկից:
– Շատ դերասաններ հայտնի դարձան սերիալների շնորհիվ, եւ հանդիսատեսը սկսեց թատրոն գալ էկրանից հայտնի դերասանին բեմում տեսնելու համար։ Այդ միտումը չի կարելի՞ օգտագործել ու ենթատեքստային բեմադրություն անել։
– Հայերը ենթատեքստ չեն սիրում ու չեն ընդունում, նախընտրում են «քյասար» խոսքը։ Մեր հումորն էլ է այդպիսին, մենք անգլիացու պես նուրբ ու ենթատեքստային կատակներ չենք անում, «քյասար»՝ բացեիբաց ենք կատակում։ Այդ պատճառով էլ դիտում ենք «Մեա կուլպա»-ները, «Մեր բակերն» ու «Ձեր գարաժները»։ Նաեւ՝ սերիալները, որոնք այնքան շատ են, որ հանդիսատեսը բոլորովին էլ չի ցանկանա թատրոն գնալ՝ կգերադասի տանը նստել ու դերասանին հեռուստացույցով նայել։
– Համաձա՞յն չեք, որ սերիալները պետք են թեկուզեւ միայն նրա համար, որ հանդիսատեսին իրական կյանքը, կենցաղը ցույց տան։
– Սերիալները տանել չեմ կարող։ Հարցը կենցաղի մեջ չէ, ես ինքս կենցաղը շատ եմ սիրում ցուցադրել։ Հենց նույն «Փրկեք մեր հոգիները» բեմադրությունը, որի մասին հիացմունքով ես խոսում, ամբողջովին կենցաղային հիմք ուներ։ Բայց այնտեղ կենցաղից վեր բաներ էլ կային։
– Իսկ Ձեզ սերիալ նկարահանելու առաջարկ չե՞ն արել։
– Արել են ու շատ են ուրախացել, երբ համաձայնեցի։ Բայց հետո, երբ ասացի, որ պատրաստ եմ տարեկան 6 սերիա նկարել, ինձ վրա զարմանքով նայեցին ու նշեցին, որ իրենք 6 սերիան մեկ շաբաթում պիտի նկարեն, եւ այդ խոսակցությունը ավարտվեց։ Այսօր սերիայի հետ ծանոթանալ, վաղը նկարել, իսկ վաղը չէ մյուս օրը ցուցադրել՝ ես չեմ կարող։ Ես պետք է ծայրից ծայր 160 սերիան ուսումնասիրեմ, որպեսզի հաստատ իմանամ, թե ուր եմ բերելու-հասցնելու հանդիսատեսին։ Համոզված եմ, որ այսօրվա բոլոր սերիալների հեղինակները պատկերացում անգամ չունեն, թե ինչի համար են սերիալ նկարահանում, ինչ է լինելու այս կամ այն պերսոնաժի հետ։ Եվ դերասաններն էլ այդ պատկերացումը չունեն։ Մի երիտասարդ թատերագետ կա՝ Անին, ով վերջերս եկավ ինձ մոտ ու ասաց, որ սերիալների մասին երկու կետից բաղկացած ծրագիր ունի։ Առաջինն այն է, որ սերիալները հարկավոր են, որպեսզի դերասանները փող ստանան։ Իսկ երկրորդի կետի համաձայն, այդ սերիալները չպիտի ցուցադրվեն։ Սերիալները նախեւառաջ միտք պետք է պարունակեն։ Երբ, օրինակ, դերասանը էկրանից ասում է՝ «դե դավայ ստուց», ինձ համար այդ սերիալը վերջանում է։ Նման զզվելի գռեհկություն տանել չեմ կարող:
– Միգուցե սերիալների քանակը օրերից մի օր որակի՞ կհանգեցնի։ Նույն եղել է Ռուսաստանում կամ այլ երկրներում։
– Մի կորեացի ինձ վերջերս ասաց, որ նույն սերիալային աղբը եղել է նաեւ իրենց մոտ։ Եվ օրերից մի օր իրենց կառավարության մոտ հարց ծագեց՝ է՜, մինչեւ ե՞րբ… Հետո հավաքվեցին լավագույն ուժերն ու հարուստ, գեղեցիկ ու որակով ֆիլմ ստեղծեցին։ Աղբն ինքն իրեն չի վերանա, մաքրող է պետք։ Պետք է հասկանանք, թե ուր ենք գնալու, ինչ ենք տալու հանդիսատեսին։ Հիմա նկատելի է, որ շատ դերասաններ հոգնել են այդ չիմացությունից ու ավելի լուրջ աշխատանք են ուզում անել։ Արվեստը գնահատող, արվեստը զգացող մարդիկ կան, պարզապես նրանք տներից դուրս չեն գալիս, որովհետեւ միտք ու այդ մտքի նուրբ իրականացումը չեն տեսնում թատրոնում։ Թատրոնները գերադասում են մտքի փոխարեն բացեիբաց, պրիմիտիվ ու գավառական բաներ անել, իսկ հանդիսատեսն էլ դեմքը թեքում է թատրոնից։ Լավ հիշում եմ, որ Վազգեն կաթողիկոսը մահից առաջ ասաց. «Միայն մի բանի մասին եմ երազում, ուզում եմ, որ իմ մահից հետո Հայաստանում բարոյական արվեստ սիրող ղեկավարություն լինի»։
– Չեղավ…
– Փոխարենը եկավ ԿՎՆ սիրող ղեկավարություն, որի համար թատրոնը միայն շոու է, ծիծաղելու տեղ է։