Օրգանիզմի ներքին ռիթմը

04/06/2009

Ցերեկվա եւ գիշերվա ընթացքում յուրաքանչյուր ժամ մեր օրգանիզմի «վարքագիծը» փոխվում է` կրկնվելով 24-ժամյա ռիթմով, որով պայմանավորված է մարդու կյանքը: Եթե ցանկանում եք իմանալ, թե օրվա որ ժամին է նպատակահարմար զբաղվել որեւէ գործով, օրինակ` սնվել, կերակուր պատրաստել, պատասխանատու որոշումներ կայացնել, հանգստանալ, ոգելից խմիչք օգտագործել եւ այլն, հետեւեք ստորեւ ներկայացվող մշակումներին:

Ժամը 3:00-ն, այսպես կոչված` հերթափոխության ժամն է: Այս ժամին վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ հատվածն իր վրա է վերցնում օրգանիզմի վերահսկողությունը: Մաշկի արյունատար անոթների նեղանալու շնորհիվ սկսվում է «տաքացման փուլ», որի ընթացքում աճում է մարմնի ջերմությունը, իսկ օրգանիզմն աստիճանաբար պատրաստվում է աշխատանքի:

4:00-ին ոմանց օդը չի բավականացնում: Այս ժամերին թոքերը որոշ հիվանդությունների դեպքում կարող է դառնալ օրգանիզմի ամենաթույլ տեղը: Բրոնխների հարթ մկանները կծկվում են, շնչուղիներն առավելագույնս նեղանում են: Բնականաբար, առողջ նյարդը նման զգացողություններ չի ունենում:

5:00-ին երիկամների ակտիվությունը նվազում է: Գիշերվա ընթացքում երիկամների աշխատանքը սահմանափակվում է, այլապես երիկամների անընդհատ ակտիվության դեպքում մենք շուտ-շուտ զուգարանի կարիք կզգանք:

6:00-ին օրգանիզմի գործունեությունը սկսում է ակտիվանալ: «Ներքին ժամացույցն» արթնացնում է բոլոր համակարգերը: Սիրտը սկսում է աշխատել ավելի արագ, զարկերակային ճնշումը բարձրանում է:

7:00-ին մարսողական համակարգի տոնուսը շատ բարձր է` հաստ աղիի ստորին հատվածը պարպելու ամենահարմար ժամանակն է: Ստամոքսը գտնվում է լավագույն վիճակում, այն հեշտությամբ կարող է մարսել նախաճաշը: Տղամարդկանց սեռական ակտիվության տեստոստերոն հորմոնի քանակը 40 տոկոսով ավելանում է, այդ է պատճառը, որ տղամարդիկ առավոտյան սեքսուալ մեծ պահանջներ են զգում:

8:00-ն հատկապես հիվանդ սիրտ ունեցողների համար պրոբլեմատիկ ժամանակ է: Տրոմբոցիտների միակցումը հասնում է օրվա առավելագույնին: Իսկ դա նշանակում է՝ մեծանում է թրոմբ առաջանալու վտանգը:

9:.00-ին կորտիզոնի քանակը հասնում է առավելագույնին, իսկ լիմֆոցիտների քանակը` նվազագույնին, ինչի արդյունքում օրգանիզմի դիմադրողականությունը կտրուկ ընկնում է:

10:00-ին ուղեղը բացառիկ ակտիվ վիճակում է` մտավոր լարված աշխատանքով զբաղվելու ամենահարմար ժամանակը: Իսկ առհասարակ աշխատանքով զբաղվելու ամենաարդյունավետ ժամը 11:00-ն է: 12:00-ից, կարելի է ասել, սկսում է հետադարձ գործընթացը: 13:00-ին ռիթմը մեզ հարկադրում է հանգստանալ: Այս ժամերին ինչքան էլ լարված աշխատեք, միեւնույն է` արտադրողականությունը 20 տոկոսով նվազում է: