Կանանց եւ տղամարդկանց անպտղություն

04/06/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Երբ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող կանոնավոր սեռական հարաբերության ընթացքին (առանց որեւէ հակաբեղմնավորիչ գործածելու) հղիություն չի հաջորդում, կարելի է մտածել անպտղության մասին, եւ ամուսինները պետք է դիմեն բժշկի: 1 տարին, ըստ վիճակագրության, այն ժամանակահատվածն է, որի առաջին 3 ամսվա ընթացքում հղիություն տեղի է ունենում մոտ 30 տոկոսի մոտ, հաջորդ 7 ամսում` 60 տոկոսի մոտ, իսկ մնացած 10 տոկոսը` մինչեւ 12-րդ ամիս ընկած ժամանակահատվածը:

Անպտղության ձեւերն ու դրանց առաջացման պատճառները բազում են: Տարբերակում են կանանց, տղամարդկանց, զուգակցված, պայմանավորված անհամատեղելի ամուսնական զույգի, անհայտ կամ գենետիկ ձեւերի անպտղության տեսակներ: Բացի այդ, կանանց անպտղության մեջ տարբերակում են «առաջնային» եւ «երկրորդային» անպտղություն հասկացությունները: Այսինքն` երբ ոչ մի հղիություն չի եղել, բնականաբար, դա առաջնային անպտղություն է, իսկ երբ գոնե 1 անգամ հղիություն եղել է, անկախ այն բանից, թե ինչ ավարտ է ունեցել, եւ հաջորդել է անպտղություն, սա արդեն խոսում է երկրորդային անպտղության մասին:

Կանանց անպտղության հիմնական պատճառներից են էնդոկրին համակարգի խանգարումները` վահանագեղձի աշխատանքի խանգարումներ, դրա արդյունքում առաջացող դաշտանային ցիկլի անկանոնություն:

Կանանց անպտղության պատճառ են դառնում նաեւ արգանդափողերի հետ կապված խնդիրները` գենետիկ էնդոմետրոզները, ի ծնե անոմալիաները, սեռավարակները, ներարգանդային մանիպուլյացիաները, աբորտները կամ կանացի այլ ներքին օրգանների վիրահատությունները:

Անպտղությունը կանանց մոտ կարող է լինել նաեւ գինեկոլոգիական ախտաբանական երեւույթների հետեւանքով: Շատ քիչ, բայց հանդիպում է իմունաբանական անպտղություն, այսինքն` կնոջ օրգանիզմում արտադրվում են, այսպես ասած` հակասպերմային հակամարմիններ: Այս ձեւը համեմատաբար քիչ ուսումնասիրվածներից է:

Գենետիկական կամ անհայտ ծագման անպտղությունը կազմում է մոտ 5 տոկոս: Ցավոք սրտի, հետազոտվող ամուսնական զույգերի մոտ հիմնականում չի հայտնաբերվում, թե ռեպրոդուկտիվ համակարգի ինչպիսի ֆունկցիոնալ խանգարումներ են տեղի ունենում այս դեպքում:

100 տոկոսանոց անպտղությունը հանդիպում է արգանդի, ձվարանների, արգանդափողերի բացակայության դեպքում:

Առհասարակ անպտղության հարցում տղամարդկանց անպտղությանը բաժին է ընկնում 40-50 տոկոսը: Այն հիվանդություն է` հիմնավորված տղամարդկանց ռեպրոդուկտիվ համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով: Տղամարդկանց անպտղության պատճառներն են` վարիկոցելե` ամորձիների երակների լայնացումը, միզասեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, անհայտ ծագման պաթոզոսպերմիան, իմունոլոգիական անպտղությունը, ի ծնե անոմալիաները, համակարգային հիվանդությունները` տուբերկուլյոզ, լյարդի ցիռոզ, քրոնիկական երիկամային անբավարարություն եւ այլն: Ապտղության պատճառ կարող են դառնալ տղամարդկանց միզասեռական օրգանների վիրահատությունը, աճուկային ճողվածքի վիրահատությունը, քիմիաթերապիայի կամ այլ խթանիչների ընդունումը, քրոմոսոմային պաթոլոգիան, սովորական թունավորումները, որ կարող են տեղի ունենալ ալկոհոլի կամ թմրադեղերի գործածության արդյունքում: Ջերմային ֆակտորը եւս կարող է ազդել տղամարդկանց անպտղության վրա, այսինքն` շատ ցածր կամ բարձր ջերմաստիճանում աշխատելը: Ինչպես տեսնում եք, պատճառները բազում են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց անպտղության պարագայում: Այս պատճառով պետք է արագ կողմնորոշվել ու դիմել բժշկի, այլապես այն կարող է ազդել բուժման ընթացքի վրա, իսկ երբեմն էլ` դառնալ անբուժելի:

Վաղ ամուսնություններ. կո՞ղմ, թե՞ դեմ

Դեպքեր են լինում, որոնց ժամանակ պատանիներն ու աղջիկները 18 տարեկանում հասնում են ֆիզիկական զարգացման այնպիսի աստիճանի, որը թույլ է տալիս ամուսնանալ եւ առանց առողջությանը վնաս հասցնելու` ապրել սեռական կյանքով: Այն պատանու համար, որի օրգանիզմը դեռ անհրաժեշտ չափով ֆիզիկապես չի զարգացել, վաղ ամուսնությունն անցանկալի է: Բայց այն անցանկալի է հատկապես ֆիզիկապես ոչ հասուն աղջկա համար, քանի որ նրա հղիությունը կարող է ընթանալ բարդություններով: Դժվար է ընթանում նաեւ ծննդաբերությունը, որն անխուսափելիորեն ազդում է նորածնի վիճակի վրա նույնպես:

Ֆիզիկական հասունությունը կարեւոր պայման է ամուր ընտանիք կազմելու համար: Բայց պատկերացրեք այնպիսի պատանու եւ աղջկա, որոնք ֆիզիկապես պատրաստ են ամուսնական կյանքին, սակայն այս դեպքում էլ կարող է առաջ գալ ոչ պակաս կարեւոր հարցը. պատրա՞ստ են, արդյոք, նրանք հոգեբանորեն այն բանին, որ ընտանիք ստեղծեն, հասունացե՞լ են արդյոք նրանք սոցիալապես: Կան երիտասարդներ, որոնք կարող են 18 տարեկանում իրենց ուսերին վերցնել լուրջ պատասխանատվություն, լուծել կարեւոր կենսական խնդիրներ: Կան նաեւ այնպիսիները, որոնք եւ 19, եւ 20 տարեկանում դեռեւս հասունացած չեն: Նրանք չեն կարողանում դիմադրել վայրկենական մղումներին, հեշտությամբ ենթարկվում են դրանց ազդեցությանը:

Իհարկե, բարոյական ու սոցիալական հասունության չափանիշները բարդ են, եւ հեշտ չէ որոշել, թե ով է 18 տարեկանում ամուսնության պատրաստ եւ ով` ոչ: Հավանաբար ամենաքիչը պատրաստ են նրանք, ովքեր ամուսնությունը դիտում են որպես անհոգ եւ ուրախ հանդիպումների շարունակություն, ֆիզիկական մտերմության, այսպես ասած` օրինական հնարավորություն: Այն, ինչ նրանք ընդունում են որպես սեր, ավելի հաճախ լինում է արթնացող սեռական հակում:

Ընտանիքի ամրության գործում մեծ դեր է խաղում ամուսինների հոգեբանական համատեղելիությունը: Դա ոչ այնքան սովորությունների, բնավորությունների միասնություն է, որքան` անձի հոգեկան հատկանիշների` հուզականության, կամային հատկությունների ներդաշնակություն: Եվ այն, որ 18-20 տարեկանում հոգեկան խառնվածքը լրիվ չի դրսեւորվում, ունի նաեւ իր դրական կողմը, քանի որ պատանիների հոգեկան աշխարհի ճկունությունը հեշտացնում է համատեղելիության մշակումը:

Վաղ ամուսնություններն ունեն մեկ առավելություն եւս. երիտասարդ ծնողներից, որոնք դեռ քրոնիկական հիվանդություններ ու վնասակար սովորույթներ ձեռք չեն բերել, ծնվում են ամուր եւ առողջ երեխաներ: