Երեքշաբթի օրը Շվեդիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Աստրիդ Լինդգրենի անվան գրական մրցանակի հանձնումը: 460.000 եվրո գումարի դրամական վճարագիրը Շվեդիայի գահաժառանգ արքայադուստր Վիկտորիայի ձեռքից ստացել են «Թեմեր Ինստիտյուտ ֆոր Քոմյունիտի Էդյուքեյշն» պաղեստինյան անկախ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: «Թեմեր Ինստիտյուտը» ստեղծվել է 1989թ. Ռամալլահում գրքերի փոխանակման գործում երեխաներին օգնություն ցույց տալու համար: Մրցանակը կազմակերպությանը շնորհվել է «պաղեստինցի երեխաների եւ դեռահասների շրջանում կրթական աշխատանքի բնագավառում ներդրած ավանդի» համար: Ինստիտուտն անցկացնում է տարբեր արշավներ, որոնց նպատակն է՝ գրադարանների համալրումը գրքերով, ինչպես նաեւ՝ հատուկ կրթական դասընթացները ծնողների համար: 1993թ. ի վեր կազմակերպությունը հրատարակել է ավելի քան 130 գիրք, որոնցից մի քանիսը գրել են երեխաները:
Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակն ամենահեղինակավոր պարգեւն է երեխաների եւ պատանիների համար գրականության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար: Այն հիմնել է Շվեդիայի կառավարությունը 2002թ. հունվարին Լինդգրենի մահվանից հետո եւ հանձնվում է այն գրողներին, նկարազարդողներին, ինչպես նաեւ կազմակերպություններին, որոնք երեխաների եւ դեռահասների մեջ սեր ու հետաքրքրություն են արմատավորում ընթերցանության նկատմամբ: