Մայիսի 31-ին տեղի ունեցած խայտառակ ընտրություններից հետո երեկ տեղի է ունեցել այդ ընտրությունների հետ կապված թերեւս միակ քաղաքական իրադարձությունը, որը վստահաբար ազդելու է հետագա քաղաքական զարգացումների վրա: ՀԱԿ-ի` երեկվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը հրաժարվում է Երեւանի ավագանու մանդատներից: «Քանի որ մենք այլեւս կամուրջները այրված ենք համարում եւ հրաժարվում ենք որեւէ երկխոսությունից այս իշխանությունների հետ, Կոնգրեսի անդամ կուսակցությունների որոշմամբ ՀԱԿ-ի ցուցակի բոլոր ավագանու թեկնածուները հրաժարվում են իրենց մանդատներից»,- ասել է նա` ավելացնելով, որ այսուհետ ՀԱԿ-ը որպես գերնպատակ հայտարարում է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Այս ընտրություններով Ս. Սարգսյանը փաստորեն փակեց երկխոսության եւ ազգային համերաշխության հաստատման ճանապարհը, նա այրեց բոլոր կամուրջները… Մենք բազմիցս ասել էինք, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ քաղաքապետի օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում պատրաստ ենք նստել բաց հրապարակային երկխոսության Ս. Սարգսյանի հետ…»: Այսպիսով, Երեւանի ավագանու կազմում ընդգրկվելու են միայն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ավագանու անդամները, քանի որ, ըստ օրենքի, եթե ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժը հրաժարվում է մանդատներից, ապա մանդատը մնում է թափուր: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների համաձայն՝ ՀՀԿ-ն ստացել է ձայների՝ 47.39, ԲՀԿ-ն` 22.71, եւ ՀԱԿ-ը` 17.41 տոկոսը: