Համատարած լցոնումներ եւ նկարչություն

02/06/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Երեկ վախճանվեց ընտրական համակարգը որպես ինստիտուտ: Եկեք` ընդհանրապես հրաժարվենք այդ ձեւական ընտրություններից եւ հռչակենք որպես օրինական ինստիտուտ՝ արդեն շուտվանից կայացած կլանային եւ թաղային հեղինակությունների ինստիտուտը: Եթե անցյալ տեղական ընտրություններում մեր հայտարարությունում հնչում էր կրիմինալ բառը, այսօր ես ներողություն եմ խնդրում կրիմինալ խմբերից, որովհետեւ իրենք գոնե ունեն ինչ-որ կոդեքս, խաղի կանոններ: Բայց այն, ինչին մենք երեկ ականատես եղանք, դա ցնցում էր, մենք պարզապես ցնցված ենք»,- երեկ հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Ամալյա Կոստանյանը, որի ղեկավարած կազմակերպությունը մայիսի 31-ի ընտրություններում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ դիտորդական առաքելություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 8-րդ ընտրատարածքում: Ա. Կոստանյանը նշեց, որ իրենք դեռեւս 2 շաբաթ առաջ նախատեսել էին մամուլի ասուլիսին ներկայացնել ոչ միայն քվեարկության օրվա իրենց դիտարկման, այլ նաեւ` ընտրարշավի ֆինանսավորման մոնիտորինգի արդյունքները: Բայց այն խախտումները, որ կատարվել են նախընտրական շրջանում, ըստ Ա. Կոստանյանի՝ ոչինչ են` համեմատած քվեարկության օրը կատարվածների հետ: Ուստի նա անդրադարձավ միայն մայիսի 31-ին կատարված խախտումներին: Ըստ Ա. Կոստանյանի` առավոտյան եղել են համեմատաբար փոքր խախտումներ` բաց քվեարկություն, երկու ընտրողին 4 քվեաթերթիկի տրամադրում, գազելներով մարդկանց ընտրատեղամասեր բերելու դեպքեր եւ այլն: «Առաջին լցոնումը եղել է ժամը 10-ին: Հետո արգելում էին դիտորդների տեղաշարժը, մի քանի լրագրողների դեմ բռնություններ են եղել եւ այլն: Երկրորդ լցոնումը 11:40-ին արձանագրվեց, իսկ 12:00-ին սկսվեցին համատարած լցոնումներ, կուտակումներ, կարուսել, ուղղորդում, կրկնակի լցոնումներ»: Բայց լցոնումների կուլմինացիան, ըստ Ա. Կոստանյանի, եղել է ժամը 17:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում: «Արդեն չէին նայում, որ կան դիտորդներ, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները գնում-գալիս էին: Ակնհայտ լցոնումներ էին: Եվ արդեն 8-ից հետո, երբ հանձնաժողովի անդամները իրար հետ բարիշում էին, թե որ կուսակցությանը քանի տոկոս պետք է տան, կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները վիճում էին` թե մենք ուրիշ կերպ ենք բարիշել: Այսինքն` ի սկզբանե պայմանավորված էին, թե որ կուսակցությանը քանի տոկոս են արձանագրելու»,- նշեց Ա. Կոստանյանը: Ըստ նրա՝ բացի իրենց դիտորդներին ահաբեկելուց` փորձել են նաեւ նրանց փողով կաշառել: «Բացի ահաբեկումներից, եղել են դեպքեր` կաշառելու մեր դիտորդներին, փող են առաջարկել: Ժամը հինգի-վեցի շրջանում ես ստիպված եմ եղել 3 դիտորդ դուրս հանել, որովհետեւ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ էր սպառնում, որովհետեւ այնտեղ սափրագլուխների եւ տեղական հեղինակությունների 30-40 հոգանոց խմբեր ֆիզիկապես ճնշում էին գործադրել»,- պատմեց Ա. Կոստանյանը: Այդ բռնությունների արդյունքում, ըստ նրա, իրենց դիտորդների կեսն է միայն կարողացել մինչեւ վերջ մնալ տեղամասերում: Հիշեցնենք, որ 8-րդ ընտրատարածքում «Ժառանգության» ներկայացուցիչը տեղամասային հանձնաժողովների տեղերը վաճառել էր, իսկ «Ժառանգությունը» դա բացահայտելուց հետո չէր կարողացել փոխել այդ տեղամասերի հանձնաժողովականներին: Սակայն, ըստ Ա. Կոստանյանի, նույնիսկ, եթե լինեին «Ժառանգության» կողմից նշանակված հանձնաժողովականներ, որեւէ բան չէին կարողանա անել, քանի որ տեղամասերում «ահաբեկման ու վախի մթնոլորտ էր»: «Մեր դիտորդներին նույնիսկ ասել են` բա դու հայ չե՞ս: Այսինքն, եթե հայ ես, պետք է հարմարվես, ծախվես, ծախես, քցես եւ քրեական հանցագործություններ կատարես»,- նշեց Ա. Կոստանյանը: Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների այն հայտարարությանը, թե ընտրությունները անցել են ազատ եւ արդար, Ա. Կոստանյանը նշեց, որ նրանց ձեռնտու է այս քրեական, կլանային համակարգը, որովհետեւ դա հնարավորություն է տալիս ավելի շատ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ իրենք դիտորդական առաքելություն են անցկացրել 16 աշխատակիցներով: «Մարդիկ նույնիսկ առանց ներկայանալու ուղղակի փորձում էին ինձ կաշառել, փող էին առաջարկում: Կամ ասում էին` ախպերավարի գնանք հաց ուտենք (աղջիկներն էլ էին ասում)»,- պատմեց Ա. Սաքունցը, որը անձամբ դիտորդական առաքելություն է իրականացրել 8/25 տեղամասում: «Հանձնաժողովի նախագահը երեկոյան ժամը 8-ից հետո մատյանում կատարում էր գրառում ընտրողների դիմաց: Երբ բռնացնում ես` ասում է` հա դե լավ, ոչինչ, ի՞նչ է եղել, որ»,- ասաց Ա. Սաքունցը: Ըստ նրա` վստահված անձինք, դիտորդները, հանձնաժողովի անդամները` բոլորը մի թիմ էին եւ աշխատում էին միայն քվեարկությունը կեղծելու ուղղությամբ: «Քաղաքացիներից ոմանք գալիս տեսնում էին իրենց դիմաց ստորագրած, երբ աղմկում էին, ես մոտենում էի, մեզ շրջապատում էին, եւ քաղաքացին արդեն վախենում էր որեւէ բան ասել: Մեր դիտորդներից մեկին նույնիսկ ասել էին, եթե աչքերդ շատ բան է տեսնում, կարող է սրանից հետո էլ ոչինչ չտեսնի: Եթե մենք այս կեղծիքները հանդուրժենք, ապա պետք է կամ հրաժարվենք այս երկրում ապրելուց, կամ պետք է մտածենք այլ քայլեր կատարելու ուղղությամբ»,- հայտարարեց Ա. Սաքունցը` հավելելով, որ «ելքը ապստամբությունն է»: «Ես շատ բան եմ տեսել` Վանաձորի ընտրություններ, գյուղերի ընտրություններ, բայց ինչ կատարվեց մայրաքաղաքում, պարզապես ի չիք է դարձնում որեւէ հնարավորություն անգամ մտածելու, որ ՀՀ-ում հնարավոր է ընտրությունը որպես ինստիտուտ»,- եզրափակեց Ա. Սաքունցը: