«Իշխանությունն այրեց բոլոր կամուրջները»

02/06/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Մատենադարանի մոտ էին հավաքվել հազարավոր երեւանցիներ` իրենց դժգոհությունն արտահայտելու Երեւանի ավագանու կեղծված ընտրությունների կապակցությամբ: Մինչեւ հանրահավաքի սկսվելը հավաքվածները բորբոքված միմյանց էին պատմում իրենց տեսած անօրինականությունների` լցոնումների, ընտրակաշառքների, ահաբեկումների դեպքերը: Հանրահավաքի մասնակիցների դժգոհությունն ու լարվածությունը երեկ կարծես թե գագաթնակետին էր հասել: Ներքեւից նրանք արձագանքում էին վերին հարթակում ելույթ ունեցողների բոլոր խոսքերին: Իսկ Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդները երեկ խոսեցին համատարած ընտրակեղծիքների, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ու երկրում տիրող իրավիճակի մասին: Մինչ այդ սակայն նշենք, որ Ոստիկանությունը երեկ եւս փակել էր մայրաքաղաք բերող ճանապարհները: Նրանք կանգնեցնում եւ ստուգում էին միջքաղաքային երթուղային տաքսիները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին էլ պահել էին Աշտարակի ոստիկանությունում, որպեսզի ոչնչացնեն նրա լուսանկարած կադրերը: Լրագրողին հաջողվել է այնտեղից դուրս գալ միայն ՄԻ պաշտպանի եւ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի միջամտությունից հետո:

Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան ընդդիմության գրեթե բոլոր առաջնորդները: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ընդդիմությունը հրաժարվում է Երեւանի ավագանու մանդատներից եւ չի աշխատելու այս իշխանությունների հետ: Լ.Տեր-Պետրոսյանը ասաց նաեւ, որ ՀԱԿ-ը այլեւս չի պատրաստվում իշխանությունների հետ երկխոսության գնալ: Նրա խոսքերով, իրենք դրա համար պահանջել են ազատել քաղբանտարկյալներին եւ Երեւանի ավագանու ընտրությունները արդար անցկացնել: Բայց իշխանություններն այդ պահանջները չեն կատարել ու այդպիսով այրել են երկխոսության գնալու բոլոր կամուրջները: Հայտարարեց նաեւ, որ այս ընտրությունների արդյունքները վիճարկելու են դատական ատյաններում: ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը նախ ՀԱԿ-ի անունից շնորհակալություն հայտնեց ընտրության մասնակիցներին ու հատկապես ակտիվ զանգվածներին: «Զանգվածային ու համընդհանուր ընտրախախտումներ կատարելու գործով իշխանությունները կարող են դիմել Գինեսի գրքում գրանցվելու համար: Այս ավազակապետությունը ոչ թե չի կարողանում արդար ընտրություններ անցկացնել, այլ չի ուզում: Այս իշխանություններն ուզում են՝ ժողովրդի մեծ մասը աղքատ լինի, որպեսզի ընտրությունների ժամանակ նրանց կաշառելով կարողանան ցանկալի արդյունքի հասնել»,- հայտարարեց Դ.Շահնազարյանը` շեշտելով, որ այսուհետ բոլոր ուժերը կենտրոնացնելու են մեկ խնդրի վրա` պետք է Սերժ Սարգսյանին հեռացնեն իշխանությունից ու այդպիսով կլուծեն մյուս բոլոր խնդիրները: Այսպիսով ՀԱԿ-ը երեկ հայտարարեց, որ փոխում է պայքարի կարգախոսը` այն դարձնելով «Սերժիկ, հեռացի՛ր»-ը: ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Վահագն Խաչատրյանը պատմեցին, թե ինչ ընտրակեղծիքներ են եղել ընտրության ժամանակ: Որ դրա համար օգտագործվել է պետական ողջ ռեսուրսը: «Նրանք փաստորեն ասեցին, թե մեզ հետ քվեաթերթիկներով մի խոսացեք, մենք դա չենք ընդունում: Մեզ հետ խոսեք ուժով, բռիությամբ: Սա է դրանց ուղերձը: Մենք դրա վրա շատ լավ կմտածենք: Պատրաստ եղեք շատ վճռական պայքարի»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը: «Հարց ՀՅԴ-ին ու ՕԵԿ-ին` Է՞ս էիք ուզում: Խաղեր էիք տալիս, գիտեիք, թե 7 տոկոս են տալու: Դե գնացեք` կերեք: Ծպտուն չեք հանելու, որովհետեւ դուք այդպիսին եք, որովհետեւ ձեզ սազում է ստրուկ լինելը: Որովհետեւ ձեզ սազում է միայն նվաստ ու առեւտրական լինելը: Դուք կուսակցություն չեք: Դուք մարդկանց խումբ եք, որոնք միայն անձնական շահեր են փնտրում: Լավ են արել, որ ձեզ քցել են: Հաջորդը` ձայնս ուղղում եմ «Բարգավաճին»` դա՞ էիք պայմանավորվել ՀՀԿ-ի հետ: Լավ են արել: Գնացեք, կերեք ձեր պայմանավորվածությունների արդյունքը: Բայց սա դեռ վերջը չէ: Էլի են քցելու, որովհետեւ իրենք իշխանությունը պահելու են միայն ու միայն քցելու հաշվին: Հաջորդ քցելու պահը` բոլոր նրանք, ովքեր 5000 դրամով ծախեցին իրենց մարմինն ու հոգին: Դա 2 օր կուտեք, ուտելը լինելու է առաջիկա օրերին, երբ դոլարը կթռնի, երբ ուղեվարձը կթանկանա, երբ Թուրքիայի խնդիրը ՀՀ-ի համար կդառնա գերիշխող, երբ Ղարաբաղը կծախեն: Երբ դուք բոմժի կարգավիճակում կերազեք հաջորդ 5000-ը, այն ժամանակ հիշեք, որ ձեզ քցել են ձեր ամբողջ կյանքի համար»,- ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հայտարարեց, թե ՀԱԿ-ն իր գործունեությամբ այս ընթացքում մաքրել է Հայաստանի քաղաքական դաշտը:

«Կար կուսակցություն, որը նախագահական ընտրություններից հետո իր ղեկավարով շամպայնի գավաթը ձեռքին իրար էին շնորհավորում: 1 տարի աշխատելով ՀՀԿ-ի հետ, իրենց վարկանիշը իջեցրին զրոյի: Այսպես է լինելու մյուսների հետ: Այսօր Հայաստանում գոյություն ունի 3 ուժ, որոնցից 2-ին դժվար է քաղաքական ասել` ՀԱԿ, ՀՀԿ եւ ԲՀԿ: Մնացածները գոյություն չունեն, տոկոս չունեն, վարկանիշ չունեն, ժողովրդին ասելու բան չունեն: Երեսատեղ էլ չունեն: Այդքան կուսակցություններից մաքրելով` դրանց էլ ենք հասնելու»,- ասաց Արամ Սարգսյանը:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ հայտարարեց, թե իշխանությունները կորցրեցին արդար ընտրությունների միջոցով երկրում առկա լարվածությունը մեղմելու հնարավորությունը: «Ստիպված եմ հիմա կրկնել այն, ինչ ասել եմ 2003թ.: Կարելի է հաղթել 1 տոկոսի տարբերությամբ ազնիվ պայքարում եւ լինել լեգիտիմ: Եվ կարելի է հաղթել 30-40 տոկոս տարբերությամբ, միեւնույն է, լեգիտիմ չես, միեւնույն է, ժողովուրդը քեզ չի ընդունի: Միեւնույն է, ժողովուրդը ոչ է ասում կրիմինալին»,- հայտարարեց ՀԺԿ առաջնորդը: