Բուժիչ նամակներ

02/06/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Թրթնջուկը ժողովրդական բժշկության մեջ

Թրթնջուկը բազմամյա, նետաձեւ մոտ 10-13սմ տերեւներով բույս է: Այն ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, եւ աճում է խոնավ մարգագետիններում, ճանապարհի եզրերին: Բուժման նպատակով օգտագործվում են տերեւները, ծաղկման շրջանում էլ երբեմն` արմատներն ու սերմերը: Թրթնջուկախոտն ունի հակացինգային, արյուն վերականգնող, ապաքինող նշանակություն: Արմատներն օգտագործվում են որպես ցավազրկող միջոց: Պետք է ասել, որ թրթնջուկն ունի նաեւ հակացուցումներ, այսինքն` նրանք, ովքեր ունեն երիկամների, լյարդի ծանր հիվանդություններ, նյութափոխանակության խանգարումներ, սուր գաստրիտներ ու կոլիտներ, ապա նրանք չպետք է օգտագործեն այն:

Թարախակալած վերքի բուժման համար կարելի է թարմ տերեւը լվանալ ու դնել վերքի վրա:

Իսկ մեր ընթերցողները խորհուրդ են տալիս թրթնջուկաթուրմով ողողել բերանն ու կոկորդը անգինայի, ցինգայի եւ արյունահոսող լնդերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է 5գ թարմ թրթնջուկի տերեւները 15 րոպե եռացնել 0,4 լիտր ջրում ու 2 ժամ թրմել: Ողողումից բացի, այն կարելի է նաեւ խմել 50 գրամից` օրը 4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ: Այն օգնում է ալերգիաների դեպքում եւ հանգստացնում է մաշկի քորը:

Թրթնջուկից պատրաստված մեկ այլ թուրմ էլ օգտակար է լուծի դեպքում: 25գ թարմ արմատները եռացնել 15 րոպե 0,3 լիտր ջրում, թրմել 2 ժամ ու խմել օրը 3-4 անգամ` 50 գրամից: Բավականին թեթեւացնում է հիվանդի վիճակը:

Թրթնջուկի սերմերից պատրաստված թուրմը լավ օգնում է պառկելախոցերի ու այրվածքների վերականգնմանը: 20գ սերմը եռացնել 15 րոպե 0,2 լիտր ջրով, այնուհետեւ, սառելուց հետո, ստացված թուրմը քսել պառկելախոցերին ու մաշկի այրված հատվածին:

Թրթնջուկահյութը նաեւ շատ լավ լեղամուղ է հանդիսանում: Հյութաքամիչով հանել թարմ տերեւների հյութն ու խմել 1 ճաշի գդալից օրը 3 անգամ՝ լյարդի ֆունկցիայի թեթեւ խանգարումների դեպքում:

Թրթնջուկը շատ օգտագործվում է նաեւ սննդամթերքի պատրաստման մեջ` աղցաններում, համեմունքներում: Իհարկե, բոլորին չէ, որ կարելի է այն գործածել: Պետք է հաշվի առնել վերը նշված բացառությունները:

Շատ համեղ է ստացվում թրթնջուկով աղցանը: 100գ թրթնջուկը, 1 հատ ձուն մանրացնել, ավելացնել աղ, պղպեղ, մաղադանոս, սամիթ ու թթվասեր:

Ինչպես տարբերակել անգինայի տեսակները

Ինչպես գիտենք, անգինան կարող է լինել տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների արտահայտություն: Սխալ կլինի համարել, որ բոլոր անգինաներն էլ նույնն են ու նույն ձեւով պետք է բուժել: Ճիշտ է, հիմնականում անգինան առաջանում է ստրեպտոկոկային կամ ստաֆիլոկոկային ինֆեկցիայից, սակայն լինում են անգինայի այնպիսի տեսակներ, որոնք շատ բարդ ընթացք են ունենում, հետեւաբար՝ բարդ բուժում են պահանջում: Անգինայի լուրջ դեպքերը պահանջում են լուրջ բժշկական ու դեղորայքային միջամտություն: Իսկ ֆարինգիտների եւ այլնի դեպքում ժողովրդական միջոցներով բուժելու ընթացքում էլ պետք է ուշադիր լինել, որպեսզի հիվանդությունը չբարդանա, եւ ժամանակին դիմել բժշկի:

Տոնզիլիտի դեպքում դրական ազդեցություն են ունենում բազուկի հյութով ողողումները: Բազուկը պետք է անցկացնել քերիչով, հետո ստացված զանգվածը քամել թանզիֆով: 1 բաժակ հյութին ավելացնել 1 ճաշի գդալ խնձորի կամ գինու քացախ, բայց ոչ քացախաթթու: Կարելի է նաեւ մի քիչ մեղր ավելացնել: Այս ստացված զանգվածով օրը 4-5 անգամ ողողել կոկորդը: Բազուկն իր մեջ պարունակում է շատ բուսական հակաբիոտիկներ: Բակտերիաներից շատերն արագ մեռնում են բուսական հակաբիոտիկներից:

Անգինային շատ օգնում են արտաքին կոմպրեսները: Շատ լավ օգնում է թարմ կաղամբի թերթերով կոմպրեսը: Այն դնել կոկորդին եւ կապել տաք շորով: Թերթիկները փոխել 2 ժամը մեկ: Մեղրով կոմպրեսի մի քանի բաղադրատոմսեր կան, որոնք շատ արդյունավետ են: Վերցնել մեղր, մանանեխ, սպիրտ, արեւածաղկի ձեթ, ալյուր եւ ջուր` մեկական ճաշի գդալ: Այս ամենը լավ խառնել ու թանզիֆի կտորի մեջ լցնելով՝ կապել կոկորդին, իհարկե, վրայից ծածկելով պոլիէթիլենի թաղանթով ու տաք շորով: Այն կարելի է պահել 2 ժամ, այնուհետեւ հանել:

2 բաժին մեղրը, 1 բաժին ալոէն, 3 բաժին օղին խառնել իրար, լցնել թանզիֆի վրա ու դնել կոկորդին` նորից փաթաթելով տաք շորով:

Ինքնաբուժությամբ կարելի է զբաղվել միայն այն ժամանակ, եթե այդ պահին հնարավոր չէ բժշկի այցելել, խոսքն, իհարկե, կոմպրեսների մասին չէ:

Որոշ միջոցներով էլ պարզապես կարելի է կանխել հիվանդության զարգացումը, քանի որ սրանք բարձրացնում են դիմադրողականությունը:

Վերցնել հավասար քանակությամբ գետնամորու տերեւներ, անանուխ, մասուր: Երեք ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 3 բաժակ եռջուր: Թրմել ողջ գիշեր, առավոտյան քամել ու ընդունել օրը 3 անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ:

Կարելի է նաեւ վերցնել հավասար քանակությամբ երիցուկ, եղեսպակ եւ մասուր: Նույն ձեւով պատրաստել այս թուրմը եւ օգտագործել նույն տարբերակով: