Այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն

02/06/2009

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը երեկ այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ առաջիկայում իր ընտանիքի հովանավորությամբ կվիրահատվեն ոսկրաբանական հիվանդություններով տառապող 8 երեխաներ: Հիշեցնենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը համագործակցում է «Արմավենի» բարեգործական հիմնադրամի հետ, որն էլ «Քայլիր հպարտ» ծրագրի շրջանակներում զբաղվում է ոսկրաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին հայտնաբերելով, նրանց համար հովանավորներ գտնելով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արշակ Միրզոյանը նշել է, որ երեխաների հայտնաբերման գործում աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, որի մասնագետները զգալի աշխատանքներ են իրականացնում մարզերում: Երեկ բժշկական կենտրոնում հայտարարվել է, որ 2 երեխայի վիրահատությունը եւ բուժումը հովանավորելու է՝ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, 1-ինը` ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի ընտանիքը: «Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Շատ երեխաներ սպասում են իրենց վիրահատության հերթին, ապաքինվելու հնարավորությանը: Եկեք այնպես անենք, որ չհուսահատվեն երեխաները: Ես ուզում եմ դիմել բոլոր բարի մարդկանց` նրանց աջակցելու համար. եկեք միասին քայլենք հպարտ»,- ասել է Ռ. Սարգսյանը: