Թեկուզ արտահերթ ընտրություններ

02/06/2009

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը երեկ կոչ է արել իշխանությանը՝ գործուն քայլեր ձեռնարկել երկրի իրադրությունը լիցքաթափելու համար: Ըստ նրա` իշխանությունները պետք է գործուն քայլեր անեն՝ լինեն դրանք արտահերթ ընտրություններ, բանակցություններ, թե մեկ այլ բան: Իսկ Վրաստանի ներքաղաքական կյանքը շարունակում է լարված մնալ: Երեկ ընդդիմադիրները նախազգուշական ակցիա են անցկացրել Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց` պիկետելով դրա մուտքը, իսկ ակցիայի ավարտին ձվերով հարվածել են քաղաքային վարչակազմի շենքին: Միաժամանակ ընդդիմությունը արգելափակել է երթեւեկությունը Շարտավայի փողոցում, որտեղ գտնվում է քաղաքապետարանը, ինչը մեծաթիվ խցանումների պատճառ է դարձել: Ընդդիմության առաջնորդները քաղաքագլուխ Գիորգի Ուգուլավային մեղադրել են երկրի ներքաղաքական գործընթացներին միջամտելու եւ իր հիմնական պարտականություններն անտեսելու մեջ: «Քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան քաղաքական գործառույթներ է ստանձնել եւ միջամտում է քաղաքական գործընթացներին, ուստի մենք որոշեցինք մեր բողոքը հայտնել եւ, եթե հարկ լինի, անընդհատ կպիկետենք քաղաքապետարանը»,- հայտարարել է «Շարժում հանուն միասնական Վրաստանի» կուսակցության ղեկավար Եկատերինա Բեսելիան: Ի դեպ, ընդհարումներից մեկի ժամանակ ընդդիմության ակտիվիստները դանակահարել են մի ոստիկանի: