Երեկ տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվից Երեւան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց հանդիպումները ՀՀ ղեկավարության հետ նախատեսված են այսօր: Մինչ այդ` մայիսի 28-ին, Երեւան էր ժամանել ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ով «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը, անշուշտ, շատ կարեւոր քայլ է ղարաբաղյան կարգավորման ճանապարհին, եւ մենք տարածաշրջանում ենք, որպեսզի առաջ մղենք հարցի լուծումը»: Հիշեցնենք, որ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու հունիսի 4-ին` Սանկտ Պետերբուրգում: «Նախագահները Պրահայում նշանակալի առաջընթաց գրանցեցին, եւ ես նույնն եմ ակնկալում Սանկտ Պետերբուրգում: Հույս ունեմ, առաջիկա մի քանի ամիսներին աշխարհը կտեսնի, որ նրանք շրջադարձային քայլ են կատարել»,- ասել է Բրայզան: Ըստ նրա, եթե այդ հանդիպումը կայանա, նախագահները կփորձեն ամբողջացնել որոշ հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: «Համենայնդեպս, ես հույս ունեմ, որ նրանք ընդհանուր լեզու կգտնեն ինչպես դեռեւս չհամաձայնեցված հիմնարար սկզբունքների, այնպես էլ նրբերանգների հարցում: Մինչ այժմ 2 նախագահները շատ էական առաջընթաց են ապահովել կոնցեպտուալ հարցերի համաձայնեցման ուղղությամբ, բայց դրանց վերջնական ամբողջացման համար էական են նաեւ նրբությունները,- հայտարարել է նա` ավելացնելով,- Անշուշտ, մենք չենք ակնկալում, որ այդ հանդիպման ժամանակ փոխհամաձայնություն կկայանա բոլոր հիմնարար սկզբունքների շուրջ, սակայն հույս ունենք, որ այդ գործընթացը քայլ առ քայլ կզարգանա»: Մի քանի օր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե Ս. Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ ԼՂՀ գործընթացում որեւէ առաջընթաց չի ապահովվել: Հարցին` այսպիսի հայտարարությունները չեն հակասո՞ւմ Մ. Բրայզայի լավատեսական հայտարարություններին, վերջինս պատասխանել է, թե դրանք չեն արտացոլում ԼՂՀ խաղաղ կարգավորման բանակցությունների իրական պատկերը: «Դա նորմալ է: Երբ, ասենք, մի կողմից հնչում է, որ առաջընթաց չկա, իսկ մյուս կողմից նման բան չի հնչում: Դա կողմերի մարտավարությունն է. նրանցից յուրաքանչյուրը փորձում է ազդել մյուսի վրա: Իսկ մեր աշխատանքն այստեղ այն է, որ նպաստենք գործընթացի առաջխաղացմանը»,- ասել է նա: Մշտական դարձած հարցին` հնարավո՞ր է ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրում ակնկալել այս տարի, Բրայզան պատասխանել է. «էական չէ, թե ես ինչ կասեմ: Դա կախված է նախագահների առաջիկա հանդիպումից: Նրանք կարող են այդ համաձայնագիրը ստորագրել թեկուզ վաղը, եթե նման ցանկություն ունենան»: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարություններից հետո, որով վերջինս հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապեց ԼՂՀ կարգավորման հետ, բանակցությունները հայտնվել են փակուղում, Բրայզան արձագանքել է. «Ոչ, դրանք փակուղում չեն: Դուք գիտեք, որ կողմերը ներգրավված են ակտիվ քննարկումների մեջ: Հայ-թուրք-շվեյցարական համատեղ հայտարարության հետ կապված այժմ շատ բանավեճեր են ընթանում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում: Հայաստանում եւս մարդիկ հարցեր են բարձրացնում. պե՞տք է արդյոք համաձայնագիր Թուրքիայի հետ, թե՞ ոչ: Բոլորն էլ իրենց մտահոգությունների համար տարբեր հիմնավորումներ ունեն: Վարչապետ Էրդողանն արեց իր մեկնաբանությունը, բայց ԱՄՆ-ում այն կարծիքին են, որ հայ-թուրքական եւ ղարաբաղյան բանակցությունները զուգահեռ, բայց միմյանցից անջատ գործընթացներ են: Այդ գործընթացները տարբեր հունով ու արագությամբ են առաջ ընթանում, եւ եթե դրանցից մեկում արձանագրվի հաջողություն, ապա, անշուշտ, դա կնպաստի նաեւ զուգահեռ գործընթացի առաջընթացին: Եվ հակառակը»: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հրապարակվում ճանապարհային քարտեզը, Բրայզան նշել է, թե այդ հարցը պետք է ուղղել հայկական եւ թուրքական կողմերին` հավելելով. «Բայց ես հույս ունեմ, որ այն շուտով կհրապարակվի»: