Մեծարգո պաշտոնյաներ, օգնեք ինձ հասկանալ, ուզում եմ ճիշտ ընտրություն կատարել…
Թող տարօրինակ չթվա ոչ նամակս, ոչ էլ բուն նյութը, ինչի պատասխանը դեռեւս ակնկալում եմ ստանալ… Ասեմ, որ այլեւս ոչինչ տարօրինակ Չէ այս քաղաքում, ինչը որ առավել մեծ տարօրինակություն է… Մենք այլեւս դադարել ենք զարմանալուց, նկատելուց, եւ, որ ամենաահավորն է, արտահայտվելուց: Այսպես ազգովի մասնակից ենք (կրկնում եմ` մասնակից, ոմանք ավելի շատ, ոմանք ավելի քիչ, ոմանք էլ կարողանում են միմիայն սուրճի սեղանի շուրջ իրենց մասնակից լինելը հաստատել թեթեւ բողոքի ելեւէջներով): Ի՞նչ պատահեց։ Երեւի թե շատ զբաղված ենք: Եվ իրոք… գործով զբաղվե՞նք, թե՞ մասնակից լինենք…
Բայց կներեք նախապես…
Սա ի՞նչ է… Խնդրում եմ ուշադիր նայեք Իմ սիրելի քաղաքի պատկերին: Ուզում եմ նշեմ, սա գլխավոր պողոտաներն են…
Արդյո՞ք ոչինչ տարօրինակ չէ այս «Վարդագույն Երազ» քաղաքի պատկերում: Թե՞ իմ աչքին վատ երազ եկավ: Արդյոք մե՞նք չենք «Ապրիլի 24»-ը որպես համայն հայության ցավի եւ վշտի, զոհերի հիշատակի օր նշում: Արդյոք մե՞նք չենք, «մի բուռ ազգ», ամբողջ աշխարհը խառնել ենք իրար եւ արդարություն ենք պահանջում, ցեղասպանության ճանաչում, քննադատում ենք, թե ինչպես արտահայտվեց Օբաման, տասնյակ-հազարավոր հայեր ամբողջ աշխարհում տարիներ շարունակ նվիրյալների պես աշխատել են, որ Հայոց հարցը բարձրաձայնվի, այո, եւ ա՞յս Ցեղասպանության զոհեր դարձած հայորդիները չեն, որ քոչվորի պես ցրվել են աշխարհում, կայացել են, Անուններ դարձել եւ այսօր իրենց ձեռքն են մեկնում շենացնելու ա՞յս քաղաքը: Հարց եմ տալիս` Ա՞ՅՍ Քաղաքի մասին է խոսքը՝ «Համայն Հայության Իմ Ոսկե Քաղաք», որտեղ գովազդվում է հարեւան երկիրը, կարծես մենք խնդիր չունե՞նք: Մենք գովազդում ենք Ցեղասպանություն գործած երկի՞ր, երկիր, որ այսօր զրպարտում է մեզ, ասելով, որ նման բան չի եղել… Նայում եմ գովազդային վահանակներին եւ մտածում, իրոք կարծես բան էլ չի պատահել…
Փաստորեն սա մի քաղաք է, որտեղ արտոնված է ամեն ի՞նչ, հարցրեք բոլորին, կասեն տարօրինակ Չէ… Ինչպե՞ս …Ձեր արժանապատվությունը չի՞ վիրավորվում Ձեր իսկ նախնիների համար: Եկեք միասին մտածենք: Իրավունք չունենք շուկայական հարաբերություններում արգելել նման գովազդներ, դրանից բխում է` արգելել բիզնեսը, տուրիզմը, առեւտուրը եւ… եւ… եւ… կիսատ-պռատ բառեր… Մեղավորներ չեմ ուզում փնտրել:
Սարի պես կանգնած եք, Հայոց Քաջեր, վաղը ձեզանից մեկը կընտրվի քաղաքապետ, հավատացեք, վերջին օրով չեմ կարողանում կողմնորոշվել, թե ում տեսակը կուզենայի տեսնել որպես քաղաքի պետ, եւ այնուամենայնիվ…
Հարգարժան Քաղաքապետեր, մինչ ընտրվելը կարո՞ղ եմ հարցիս պատասխան ստանալ: Դուք լիազորված չե՞ք նման հարցեր լուծելու, ապա ո՞ւմ դիմեմ:
Օգնեք ինձ. հասկանալ եւ ճիշտ ընտրություն կատարել: Մի եղեք անտարբեր: Սա ոչ միայն մեր քաղաքն է, ՍԱ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ Է:
«Այսպես միասին եւ միասնական, եկեք կառուցենք մենք մեր ապագան»,- այս բառերն էին հնչում զրնգուն ձայնով իմ որդու` 7-ամյա Տիգրանի առաջին դասարանի այբբենարանի տոնին: Եվ այս ամենը հավանաբար նրա համար է, որ դեռեւս հավատում է: Իսկ ես, որպես առաջին հերթին՝ հայ, ապա՝ երեւանցի, ուզում եմ արժանապատվություն գաղափարը տեսնեմ ամենուր: Մի ոտնահարեք իմ Հայ լինելու ՓԱՍՏԸ:
Արեւիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նկարչուհի, 28.05.09