Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Ոսկեհազարուկը (զոլոտոտիսյաչնիկ) ժողովրդական բժշկության մեջ
Բոգազգիների ընտանիքին պատկանող, 10-40սմ բարձրությամբ, անհոտ ծաղիկներով այս բույսն աճում է հուլիսից մինչեւ ուշ աշուն: Հայաստանում այն տարածված է ոչ բոլոր տեղերում, իսկ գոյություն ունեցող նրա 6 տեսակներից որպես դեղաբույս պիտանի են միայն երկուսը` հովանոցայինն ու գեղեցիկը:
Բույսի մեջ կան դառը գլյուկոզիդներ (էրիթաուրին, էրիթրոցենտաուրին), ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, եթերայուղ, լորձ, խեժ, մոմ, վիտամին C եւ այլն: Բուժման նպատակով օգտագործվում է ամբողջ վերգետնյա մասը, որը հավաքվում է ծաղկելու ժամանակ: Հումքն արագ չորացվում է ստվերում` միջանցիկ քամու տակ, պահվում չոր ու մութ տեղում: Պիտանելիությունը 2 տարի է:
Ավիցենան նշում է, որ այն մաքրում է թարմ վերքերը, հոգնայի ձեւով տրվում է ռադիկուլիտի ժամանակ, բուժում շնչուղիների լորձաբորբերը, պլեւրիտը եւ այլն: Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ համարվում է ախորժաբեր եւ լուծողական: Օգտագործվում է նաեւ ախիլիկ գաստրիտների, փորկապության, փքվածության, սակավարյունության եւ շաքարային դիաբետի ժամանակ:
Գիտական բժշկության մեջ հայտնի է որպես ախորժակը լավացնող, մարսողությունը կարգավորող եւ աղիների գալարակծկումներն ուժեղացնող միջոց:
Բուսաբույժներն այն հաճախ օգտագործում են ածխաջրատային խմորման, նեխման ձեւով ընթացող սուր ու քրոնիկական էնտերոկոլիտների, ինչպես նաեւ ծերունական թերհյութազատական գաստրիտների դեպքում:
Հովանոցային ոսկեհազարուկն օգտագործվում է ջրաթուրմի տեսքով: 20-30գ հումքը 2 ժամ թրմում եք 1լ եռացրած ջրում, քամում եւ խմում օրը 1/2 բաժակ, 3 անգամ` ուտելուց առաջ: Այն օգտագործվում է նաեւ եփուկի տեսքով: 10գ հումքը եռացնել 200մլ ջրում 10 րոպե, այնուհետեւ սառելուց հետո քամել ու խմել 1-ական ճաշի գդալ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Ոսկեհազարուկի ոգեթուրմը, որը եւս շատ օգտակար է, պատրաստվում է հետեւյալ կերպ. 20գ հումքը 100գ 40 տոկոսանոց սպիրտի մեջ թրմել 2 շաբաթ, ամեն օր թափահարել, ապա քամել եւ ընդունել 20-ական կաթիլ` ջրով, ուտելուց 30 րոպե առաջ:
Ինքնաբուժման դեպքում, երբ դեղաչափը ճիշտ չի ընտրվում, կարող են առաջանալ աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Նման երեւույթներից խուսափելու համար, ճիշտ կլինի այն օգտագործել բուսաբույժի խորհրդով:
Պետք է ասել, որ այս բույսի թուրմով կատարված հոգնան կարող է օգնել նստաներվի բորբոքմանը:
Հովանոցային ոսկեհազարուկը օգնել է մարդկանց հրաժարվել ալկոհոլից: Դրա համար պետք է վերցնել 1 բաժին հովանոցային ոսկեհազարուկ եւ դառը օշինդր, 4 բաժին ուրց եւ լավ խառնել: Հետո այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ եւ լցնել 1 բաժակ եռջրի մեջ, թրմել 2 ժամ, քամել ու խմել 2 ճաշի գդալից օրը 3-4 անգամ` ուտելուց առաջ: Այս բուժումը պետք է շարունակել 3 ամիս:
Մաքուր քիթ-ըմպանը առողջության գրավականն է
Մեր նամակագիրներից շատերին է հուզում քիթ-կոկորդի հատվածում հավաքվող խորխից ազատվելու ցանկությունը: Ընդ որում պարտադիր չէ` հիվանդ եք թե չէ, այն, միեւնույն է, անհանգստացնում է: Իհարկե, անընդհատ դրա ներկայությունը նպաստում է շուտ-շուտ գրիպով հիվանդանալուն եւ այլն, քանի որ շարունակական նման վիճակն ազդում է դիմադրողականության վրա:
Առաջարկում ենք այդ տհաճությունից ազատվելու տարբերակներ: Անհրաժեշտ է քթի մեջ կաթեցնել եւ քիթը լվանալ: Եթե իհարկե յոդի հանդեպ ալերգիա չունեք, վերցրեք 5 տոկոսանոց 1 կաթիլ յոդ, թեյի գդալով ոչ լիքը ծովի աղ: Հետո յոդն ու աղը լուծեք բաժակի 1/4 մասով գոլ ջրի մեջ: Եթե յոդից ալերգիա ունեք, ուրեմն օգտագործեք ծովի աղն առանց յոդի: Հետո ստացված խառնուրդը պառկած վիճակում յուրաքանչյուր քթանցքում կաթեցրեք 1 լիքը կաթոցիչով: Այնուհետեւ անընդհատ հազացեք ու փորձեք մաքրել քիթը: 1 պրոցեդուրայի ընթացքում կաթեցնելը կրկնեք 3 անգամ: Իսկ մնացած խառնուրդով ողողեք բերանը: Ամեն անգամ պետք է պատրաստել նոր լուծույթ: Այսպես կատարեք 15 օր եւ անցեք մի այլ լուծույթի:
1թեյի գդալ խնձորի քացախը լուծեք 1/4 բաժակ գոլ ջրի մեջ եւ 15 օրվա ընթացքում արեք այն նույն պրոցեդուրան, ինչը որ անում էիք ծովի աղով ու յոդով: Կատարեք օրվա մեջ 2-4 անգամ, իսկ յուրաքանչյուր անգամից հետո ամեն քթանցքում կաթեցրեք զեյթունի ձեթ ու պառկեք 3-5 րոպե: Այս միջոցները հերթականությամբ կատարեք 3 ամիս շարունակ: Նույն ընթացքում պետք է աշխատել կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը լեղամուղ եւ միզամուղ թեյերի օգնությամբ: Խմել որպես թեյ` օրը 3 անգամ` ուտելուց 40 րոպե հետո: Այսպես շարունակել մոտ 4 ամիս: Եթե աղիներում ինչ-որ բան այն չէ, կամ նեխման պրոցեսներ են ընթանում, ապա քիթըմպանային հատվածում անընդհատ կարող է լորձ հավաքվել, ինչը խտանալով վերածվում է խորխի: Շատ լավ օգնում են նաեւ բանջարեղենային թուրմերով կատարվող միկրոհոգնաները: Նման բուժման ընթացքում պետք է աշխատեք ձեզ ընդհանրապես չմրսեցնել, տարբերությունը կզգաք 1 տարի հետո` հիվանդությունն անպայման կնահանջի: